Բաժիններ՝

Ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում. ՌԴ ակադեմիկոսները լուծումներ են առաջարկում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատանքային խումբը միջոցառումների փաթեթ է մշակել՝ երկրի տնտեսությունը արևմտան երկրներից եկող ֆինանսական վտանգներից պաշտպանելու համար։ Այս մասին գրում է Forbes-ը, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալ փաստաթղթին։

Զեկույցը ակադեմիայի նախագահությանը կներկայացվի մարտին։ Սակայն չի նշվում, թե երբ այն կներկայացվի երկրի նախագահին։

ՌԴ ակադեմիկոսները, մասնավորապես, կոչ են անում կանխել ռուսաստանյան ակտիվների զանգվածային ձեռքբերումը օտարերկրյա ընկերությունների կողմից՝ նավթի գների անկման դեպքում։  Այդ նպատակով նրանք առաջարկում են արտարժույթով կատարվող գործարքների համար ներդնել հատուկ հարկատեսակ (Տոբինի հարկ), ինչը թույլ կտա կանխել սպեկուլյատիվ գործարքները։

Բացի այդ, նրանք առաջարկում են հստակ սահմանազատել մասնավոր բանկերը՝ առևտրային և ներդրումային, ինչպես նաև՝ հստակ կանոնակարգել գործառույթներն ու ներդնել դեպոզիտների 100%-անոց պահուստավորման նորմ այն կազմակերպությունների համար, որոնք վճարումներ են իրականացնում։

Կարդացեք նաև

Փոխարենը՝ առաջարկվում է ԿԲ-ի կողմից բանկերին վերաֆինանսավորում իրականացնել՝ ցածր տոկոսադրույքներով և 3-7 տարի մարման ժամկետով։

Ակադեմիկոսները գտնում են, որ ֆինանսավորման ավելացումը՝ առանց պետական պարտքի աճի, թույլ կտա ապահովել առաջանցիկ տնտեսական աճ։ Ենթակառուցվածքներն ու բարձր տեխնոլոգիական արտադրությունները ֆինանսավորելու համար նրանք առաջարկում են օգտագործել պահուստային ֆոնդերի միջոցները։

Այս ամենից բացի, ՌԴ գիտնականներն առաջարկում են ստեղծել, այսպես կոչված,  «ռևոլվերային պետական ներդրումներ»։ Այսինքն՝ պետական ծառայողները բյուջեի միջոցներով ստեղծում են արտադրական հզորություններ, այնուհետև վաճառում դրանք մասնավոր ներդրողներին։ Վաճառքից ստեղծված միջոցներով կառուցվում են նոր օբյեկտներ։

Հունվարի 18-ին «Ведомости»  թերթը գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահ  Յուրի Օսիպովին հանձնարարել է զեկույց նախապատրաստել այն մասին, թե Ռուսաստանն ինչպե՞ս կարող է կայուն զարգացում ապահովել համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ Աշխատանքային խումբը գլխավորել է ակադեմիայի փոխնախագահ և «Роснефть» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Նեկիպելովը։

Հանձնարարությունը տրվել է այն բանից հետո, երբ Պուտինի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազևը դեկտեմբերի սկզբին զգուշացնող նամակ էր ուղարկել երկրի նախագահին։ Նամակում Գլազևը Պուտինին նախազգուշացրել էր, որ զարգացած երկրները Ռուսաստանի դեմ ֆինանսական պատերազմ են նախապատրաստում։ Նա, մասնավորապես նշել էր, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԵՄ  անդամ երկրները լայնածավալ էմիսիա (դրամի թողարկում) են իրականացնում, որի օգնությամբ իրական ակտիվներ են գնում Ռուսաստանում։ Գլազևի տվյալներով, վերջին 2 տարիներին թողարկվել է 1.5 տրիլիոն դոլար, 1.2 տրիլիոն եվրո և բավականին մեծ գումարներ՝ ֆունտ ստերքինգով և իենով։

Նշենք, որ «Роснано» ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը լուրջ չէր վերաբերվել այդ նամակին։ «Մարդը, ով պնդում է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան էմիսիա են իրականացնում ռուսական ակտիվները էժան գնով գնելու համար, չի կարող տնտեսագետ համարվել»,- իր բլոգում նշել էր Չուբայսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս