«Ես մարդասպան չեմ»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր քննվեց հոգեբուժարանում բուժաշխատողներին դանակով և ինքնաշեն գործիքով հարվածած Կարեն Գասպարյանի գործը: Վերջինս անմեղսունակ է ճանաչվել. այժմ էլ գտնվում է հոգեբուժարանում:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով տուժողներ Զինա Մելքոնյանն ու Սիրակ Հակոբյանը: Զինա Մելքոնյանը պատմեց, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կոնտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկայում աշխատել է որպես բուժքույր: Նրա խոսքով`դեպքի օրն ինքն աշխատանքի վայրում է եղել, այդ օրը Կարեն Գասպարյանը ստացել է իր հերթական ներարկումը. «Մտա բուժկետ: Մեր բուժակը կանգնած էր, ես նստած էի, գրավոր էի գրում: Այդ ընթացքում Կարենը ներս մտավ, մոտեցավ բուժակ Սիրակին, հարցրեց իրեն`ի՞նչ ներարկում ստացա: Բուժակը պատասխանեց, որ հերթական ներարկումն էր: Զգացի, որ այդ ժամանակ Կարենը շարժում կատարեց ու բուժակ Սիրակին հրեց աթոռի վրա: Այդ ժամանակ ես խառնվեցի, օգնություն կանչեցի»: Տուժող Մելքոնյանը նաև նշեց, որ ձեռքը վնասվել է, երբ փորձել է օգնել բուժակին ու ետ պահել Կարենին: Զինա Մելքոնյանն ասաց, որ չգիտի`ի՞նչն է դարձել Կարեն Գասպարյանի՝ նման պահվածքի պատճառը:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով տուժող Սիրակ Հակոբյանը: Վերջինս հոգեբուժական կլինիկայում աշխատում է որպես ավագ բուժակ: Սիրակ Հակոբյանը պատմեց, որ հոկտեմբերի 4-ին առավոտյան համայցից հետո Գարիկ Պեդոյանը որոշել է, որ Կարեն Գասպարյանը պետք է յուրաքանչյուր ամիս ներարկում ստանա. «Ես ինքս սրսկեցի Կարենին: Հետո բուժկետում լուսամուտի մոտ կանգնած էի, զրուցում էինք ես ու Զինան: Կարենը ներս մտավ, թե Սիրակ`ի՞նչ սրսկեցիր ինձ: Ասացի, որ քո հասանելիք դեղորայքն եմ սրսկել: Ես նկատեցի, որ աջ ձեռքում դանակ կա: Ասացի`Զինա´, զգու´յշ մնա, ես բռնեցի ձեռքերը: Չնկատեցի, որ ձախ ձեռքում բան կա: Երբ ձեռքը բռնեցի, այդ ժամանակ հարված ստացա աջքիս»: Սիրակ Հակոբյանը նաև ասաց, որ հարվածից հետո մի քանի րոպեով ինքը գտնվել է անգիտակից վիճակում: Ավագ բուժակի ցուցմունքին հետևեց մեղադրյալ Կարեն Գասպարյանի արձագանքը. «Ես մարդասպան չեմ»:
Դատական նիստին չէր ներկայացել գործով մյուս տուժող, հոգեբույժ Գարիկ Պեդոյանը. դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները: Վերջինս ասել է, որ դեպքի օրը լսել է Զինա Մելքոնյանի հիստերիկ բղավոցները և դուրս եկել աշխատասենյակից. այնուհետև տեսել է, որ սենյակներից մեկի շեմին կանգնած է եղել Կարեն Գասպարյանը: Վերջինիս նա տեսել է ձեռքերն առաջ պարզած: Կարեն Գասպարյանը, ըստ Գարիկ Պեդոյանի ցուցմունքի, ասել է, որ ոչ ոք չմոտենա իրեն: Հոգեբույժը նկատել է, որ Կարեն Գասպարյանի աջ ձեռքում առարկա կա, ձախ ձեռքը բռունցք էր արված: Հոգեբույժ Գարիկ Պեդոյանին թվացել է, թե Կարեն Գասպարյանը ցանկացել է ինքն իրեն վնասել, նրան խնդրել է նման բան չանել: Այդ պահին Կարեն Գասպարյանը հարձակվել է բժշկի վրա ու հարվածել նրա այտաքունքային շրջանին: Դրանից հետո բժիշկը դուրս է եկել ու շտապել հիվանդանոց`առանց ուշադրություն դարձնելու Կարեն Գասպարյանի հետագա գործողություններին: Հոգեբույժ Գարիկ Պեդոյանը նաև ասել է, որ նախկինում Կարեն Գասպարյանը ագրեսիվ վարքագիծ չի դրսևորել. Կարեն Գասպարյանի նման վարքագիծը, ըստ հոգեբույժի, պայմանավորված է եղել զառանցանքներով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Գասպարյանը հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար հարկադրական բուժման մեջ է գտնվել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկայում: 2012-ի հոկտեմբերի 4-ին ժամը 12:35-ի սահմաններում նույն հոգեբուժական կլինիկայում նա իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով և դանակով հարվածել է բժիշկ Գարիկ Պեդոյանի այտաքունքային շրջանին, ավագ բուժակ Սիրակ Հակոբյանի աջ վերին կոպի շրջանին ն բուժքույր Զինա Մելքոնյանի աջ դաստակի թիկնային մակերեսին:
Հարվածի արդյունքում Կարեն Գասպարյանը բժիշկ Գարիկ Պեդոյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է մարմնական վնասվածք այտաակնակապիճների շրջանների արյունազեղումների, աջ այտաքունքային շրջանների կտրված, քունքամկանի վնասմամբ վնասվածքի ձևով արտահայտված դեմքի անջնջելի այլանդակմամբ: Ավագ բուժակ Սիրակ Հակոբյանի առողջությանը մեղադրյալը դիտավորությամբ պատճաոել է միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, աջ վերին կոպի ներսային մակերեսի միջանցիկ պատռված վերքի մկանների վնասումով, օրբիտայի պարունակության արտանկումով և ռետրոբուլբար հեմատոմա վնասվածքի ձևով: Բուժքույր Զինա Մելքոնյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթն վնաս կարճատև քայքայումով, աջ դաստակի 3-րդ և 4–րդ միջմատային տարածության կտրած վնասվածքի ձևով։