Աշխարհում իդեաների պայքար է. երբ երկիրը տնտեսապես հարուստ է, և բոլորը մի կտոր հաց ունեն, նրանք պայքարում են իդեաների համար

«168 ժամի» զրուցակիցը չափազանց հետաքրքիր կին է` գիտնական Նաիրա Հովակիմյանը, ով մեծ հաջողությունների է հասել համաշխարհային գիտական ասպարեզում: Նա համոզված է, որ աշխարհում ինչ-որ բան փոխելու համար պետք է ամբիցիոզ խնդիրներ ձևակերպել, շատ աշխատել և հավատալ, որ եթե անգամ բոլոր դռները փակել են քո առջև, միևնույն է, ինչ-որ մի տեղ հնարավոր է պատուհան ու լույսի շող գտնել:

Գիտնականը նշում է, որ հաջողությունը առաքելություն է և ոչ թե ի վերուստ տրված մի բան, դա ավելի շատ կենսակերպի հարց է, երբ ինքդ ես ընտրում, թե ինչպես ապրել: «Ես ինքնաբավ մարդ եմ ու հպարտանում եմ նրանով, որ կարողանում եմ լիարժեք վայելել այն, ինչ ինձ տրված է, և դրանով ես երջանիկ եմ` չնայած նրան, որ ինձ ևս շատ-շատ բաներ պակասում են:

Այն դժվարին տարիներին, երբ ես մեկնեցի արտերկրներ` իմ կյանքի ուղին որոնելով լուսավոր երկրներում, խավարից հեռու, բառիս բուն իմաստով, ես շատ բաներ զոհաբերեցի, ինչո՞ւ չէ` նաև իմ անձնականը, սակայն այդ ընթացքում ձեռք բերեցի մի կենսափորձ, որն ուրիշը չունի: Պետք է պարզապես վայելել այն ամենը, ինչ ունես` լիարժեք ապրելով կյանքը, քանի որ չկա մի մարդ, որ ամեն ինչ ունենա: Բոլոր մարդկանց միշտ ինչ-որ բան պակասում է»,- ասում է Ն. Հովակիմյանը:

Նա ծնվել և մեծացել է Երևանում: Գերազանց ավարտելով դպրոցը` ընդունվել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: Այնուհետև սովորել և պաշտպանել է դոկտորական աշխատանքը Մոսկվայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում: 1994թ.-ից Ն. Հովակիմյանը կրթաթոշակ է ստանում ու մեկնում Գերմանիա, այնուհետև` Ֆրանսիա, Իսրայել, իսկ հետո հրավիրվում է ԱՄՆ, որտեղ և ապրում ու աշխատում է մինչ օրս: Ն. Հովակիմյանն այժմ աշխատում է կառավարման և նավիգացիոն համակարգերի բնագավառում, որոնք լայն կիրառություն են գտել ավիացիայում, նավթարդյունահանման մեջ, անեսթեզիոլոգիայում, և այլ ավտոնոմ համակարգերի ղեկավարման մեջ:

Կարդացեք նաև

Նաիրա Հովակիմյանը ղեկավարում է 23 գիտնականներից կազմված խումբ: Նրա ղեկավարմամբ երիտասարդ գիտնականներից կազմված խումբը մեթոդ է մշակել և փորձարկել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) (National Aeronautics and Space Administration` NASA) մոդելային ինքնաթիռի վրա, ապացուցելով, որ թռիչքի հետագիծը կարելի է ընդլայնել զանազան խափանումների դեպքում, առանց կայունությունը կորցնելու: Նաիրա Հովակիմյանը պարբերաբար գործուղումներով լինում է տարբեր երկրներում, դասախոսություններով է հանդես գալիս տարբեր գիտական հաստատություններում: «L1 ադապտիվ կառավարման տեսություն` երաշխավորված կայունություն և արագ ադապտացում» գրքի համահեղինակն է և 250-ից ավելի հրապարակումների հեղինակ է: Նա դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր համալսարաններում:

– Հայաստան հաճախ եք այցելում, ի՞նչն այս անգամ Ձեզ բերեց հայրենիք` Ամանո՞րը, թե՞ գործերը:

– Ամանորը: Նոր տարին ընտանեկան տոն է, և երբ ծնողներս չեն գալիս ինձ մոտ, ապա ես եմ անպայման գալիս Հայաստան` ընտանիքով միասին տոները նշելու համար: Ու քանի որ աշխատանքս մանկավարժական բնույթի է, Նոր տարին համընկնում է նաև արձակուրդիս հետ, ուստի եկա Հայաստան:

– Դուք բազմաթիվ հաջողությունների եք հասել: Լուրջ փորձառություն ունեք, աշխատել ու նաև դասախոսություններով եք հանդես եկել տարբեր երկրներում: Ո՞րն է հաջողության Ձեր գաղտնիքը, կամ ինչպե՞ս եք հասել հաջողության:

– Հաջողությունների հասել եմ շատ մեծ համառության, նպատակալսացության շնորհիվ` երբեք ինձ չխնայելով, աշխատանքի մեծ նվիրումով ու մեծ հավատով: Ես Հայաստանից դուրս եկա այն տարիներին, երբ խավար էր, երբ ընդամենը կես ժամով լույս կարող էր լինել ինչ-որ մի կազմակերպությունում: Այդ տարիներին, այն ժամանակվա floppy դիսկերը ձեռքիս, մի կազմակերպությունից մյուսն էի վազում` գոնե կես ժամ լույս գտնելու հույսով, միանում էի ինտերնետին` տեսնելու, գոնե մի փոքր ինֆորմացիա քաղելու այն մասին, թե ի՞նչ է կատարվում աշխարհում:

Գալիս էի տուն, և քանի որ բոլորը վառարանի մոտ հավաքվում էին, իսկ ինձ պետք էր առանձին աշխատել, ձեռնոցներով, մուշտակե գլխարկով և վերարկուով փակվում էի սառը սենյակում, որտեղ ընդամենը 5 աստիճան էր, ու այդպես ամբողջ գիշեր մոմի լույսի տակ աշխատում էի` ստեղծագործական կյանքում ակտիվ մնալու համար: Այդպես դաժան ձևով պայքարելով` վերջապես 1994թ.-ին, երբ Հայաստանում բացվեց գերմանական դեսպանատունը, իրենց միջոցով գտա Գերմանիայի կրթաթոշակ ստանալու հնարավորությունը, որն էլ ինձ տարավ Գերմանիա: Այնուհետև մեկնեցի Ֆրանսիա: Այդ ընթացքում ոչ բոլոր գիտական աշխատանքներն էին կապված իմ թեկնածուական թեզի հետ:

Ես նոր բնագավառներ էի հաղթահարում, նոր ոլորտների հետ էի ծանոթանում: Հայաստանում, ցավոք սրտի, պայմանների բարելավում տեղի չէր ունենում անհրաժեշտ արագությամբ, շարունակվող խավարը խլում էր կյանքի նկատմամբ հավատի վերջին հույսըգ Լույս չկար, ինտերնետ չկար: Համատարած խավար էր և թունելի վերջում լույս չէր երևում: Մարդիկ չէին հավատում, իսկ ես գնում էի, վազում էի անընդհատ, շարունակում էի աշխատել:

Թող վերացական չհնչի, բայց ես «կյանքին» վերաբերվում եմ` որպես ստեղծագործական աշխատանքի, այսինքն` ես եմ կառուցում իմ կյանքի ամեն օրը և գրում նրա ամեն էջը: Երբ հետադարձ հայացք եմ գցում իմ փոքրիկ և համեստ գիտական ստեղծագործական գործունեության վրա, թող մեծամտություն չթվա, երևի թե կարող եմ ասել, որ իմ ապրած կյանքն իր բոլոր ստեղծագործական աշխատանքների գլուխգործոցն է: Այդ ամենի մասին մտածում եմ գիրք գրել, բայց կգրեմ այն ժամանակ, երբ թոշակի գնամ ու ժամանակ լինի:
Հիշում եմ, 1990-ականների սթրեսը, մութ ու ցուրտ տարիները, երբ 1992թ.-ին վերադարձա Հայաստան, այդ պահի սթրեսը շատ մեծ էր, թվում էր` աշխարհի վերջն էր:

Ես Մոսկվայում ասպիրանտ էի 1988-1991 թվականներին, լինում էին ժամանակներ, երբ Երևան-Մոսկվա գնալ-գալու համար անգամ ինքնաթիռի ավիաբենզին չկար, մարդիկ 7 օր ու գիշեր անցկացնում էին օդանավակայանում: Իսկ երբ հանկարծ այն արդեն գտնվում էր` մարդիկ ուղղակի փորձում էին մի կերպ խցկվել ինքնաթիռ, նստելու տեղ անգամ չկար, հաճախ Երևան եմ թռել Մոսկվայից` ինքնաթիռում կանգնած, ինչպես ավտոբուսում: Ես այժմ աշխատում եմ ինքնաթիռների անվտանգության համակարգերի հետ, և հիմա, երբ հիշում եմ այդ տարիները, անվտանգության ոչ մի երաշխիք չկար, որ ինքնաթիռները չէին շրջվի ու ես կենդանի կմնայի: Նման դաժան ժամանակներում ես թեկնածության թեզ պաշտպանեցի: Ընդհանրապես, ահավոր դաժան էին իմ երիտասարդական տարիները: Հետո արդեն Խորհրդային Միությունը փլուզվեց, ու մի բան պարզ էր, որ Հայաստանում ոչ մի հնարավորություն չկա գիտության մեջ շարունակ աշխատելու: Գիտական որոշ ամսագրեր ստանալու մասին միայն կարելի էր երազել, գրադարաններում բաժանորդագրություններ անգամ չէին անում: Գիտության մեջ պետք էր ակտիվ մնալ, մինչդեռ Հայաստանում խավար էր, և ոչ մի հնարավորություն չկար շարունակելու կամ անգամ այդ մասին երազելու համար:

– Որևէ լույսի շող չտեսնելով` ինչպե՞ս շարունակեցիք:

– Իմ համառության, նպատակալսացության ու մեծ հավատի շնորհիվ առաջ շարժվեցի: Գիտեի, որ աշխարհում լույս կա, Հայաստանում էր, որ լույս ու էներգիա չկար (ծիծաղում է.- Լ.Մ.) Հայաստանում ոչինչ չկար այդ ժամանակ և փորձում էինք` ինչ պատահեր: Շատ հաճախ նույնիսկ այդ դրամաշնորհների դիմումները լրացնելու ձևն անգամ չգիտեինք, սակայն կրկին փորձում էինք: Մի օր էլ նամակ ստացա Ճապոնիայից, որ երիտասարդ գիտնականի լավագույն գիտական աշխատանքի մրցանակ եմ շահել, սակայն Ճապոնիա հասնելը տրիվիալ չէր, չկար գումարը, Հայաստանի անձնագիր չունեի, վիզա չունեի, և այլն: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` մրցանակի հանձնման վերջին օրը, ասես հրաշքով, հայտնվեցի այնտեղ:

Անգամ միջոցառման կազմակերպիչներն ինձ չէին սպասում, ու ինձ տեսնելով` ապշած էին, քանի որ ասել էի, որ հաստատ չեմ կարող գալ: Ու երբ մի հրաշքով հասա այնտեղ, ինձ միանգամից ասացին, որ վերջին հնարավորությունն է ելույթ ունենալու, որպեսզի մրցանակն ինձ հանձնենգ Ու հենց այդտեղ ես ճտքակոշիկներս փոխարինում եմ կոշիկներով ու վազում բեմգ

Այնտեղ ծանոթացա մի հրեայի հետ, ով ինձ Իսրայել հրավիրեց, հետո Ֆրանսիայի դրամաշնորհը ստացագ Իսկ այդ ժամանակ Հայաստանում կյանքն արդեն մի քիչ լուսավորվում էր: Երբ մեկնեցի Իսրայել, այնտեղ պատահականորեն տեղեկացա Georgia Tech-ի համալսարանում աշխատելու հնարավորության մասին: Պետք էր զբաղվել ավիացիոն կառավարման համակարգերի կայունության խնդիրներով, իսկ այդ ամենն ինձանից բավական հեռու էր: Իմ իսրայելյան կոլեգան ինձ խորհուրդ տվեց փորձել օգտագործել այդ հնարավորությունը, քանի որ դա հաջողության հասնելու հնարավորություն էր: Ու քանի որ Հայաստանում հնարավորություններ ընդհանրապես չկային, ես որոշեցի փորձել ևս մեկ նոր ուղղություն:

– Հենց ավիացիոն կառավարման համակարգերի խնդիրներ լուծելու կարողությունը, փաստորեն, հետագայում Ձեզ հաջողություններ բերեց` ՆԱՍԱ-ի, ԱՄՆ ռազմական օդուժի հետ համագործակցության հնարավորություններ, և այլն:

– Այո, այդ տարիներին բավականին թրծվեցի և մասնագիտական աճ արձանագրեցի, որը հետագայում աննկատ չմնաց: ԱՄՆ-ում, եթե ցանկանում ես ինչ-որ պրոֆեսորի խմբում աշխատել նրա մշակած ուղղությունների վրա, դու այդպես կարող ես մշտապես աշխատել: Սակայն, եթե ցանկանում ես ինքդ առաջ գնալ և ինքդ պրոֆեսոր դառնալ և խումբ ղեկավարել, ապա շատ կարևոր է, թե ինչ «կրթական կոչումներ» ունես:

Ցավոք, ես ամերիկյան կրթություն չունեի, այլապես այժմ շատ ավելի բարձր վերելքներ, ճանաչում ու մրցանակներ կունենայի: Սակայն ԱՄՆ-ի հզորությունը հենց դրանում է, որ անգամ չունենալով իրենց «սիրած կրթական տիտղոսները», երբ բավականին դռներ քո առաջ փակ են հենց միայն դրա պատճառով, ինչ-որ մի տեղից կարելի է, վերջիվերջո, դռներ բացել և նոր հնարավորություններ գտնել: Եվ այդպես, երբ աշխատում էի Georgia Tech-ում, իմ աշխատանքի որակական փոփոխությունն աննկատ չմնաց, ու այդ պրոֆեսորին դրամաշնորհներ տվողներն ու հովանավորները խոստացան ինձ նույնպես հովանավորել ու երաշխավորագրեր տալ:

Սա ամենակրիտիկական պահն էր, ես Ամերիկայի ռազմական օդուժերի կողմից երաշխավորագրեր ստացա ԱՄՆ-ում պրոֆեսոր դառնալու ու նաև Գրին քարտի համար: Ու 2003թ.-ին Virginia Tech-ում ստացա առաջին անկախ պաշտոնս: Արդեն դրամաշնորհներ ունեի, տպագրված հոդվածներ ունեի, աստիրանտներ ավարտեցրի և նոր մեթոդական ուղղություն զարգացրեցինք «L1 ադապտիվ ղեկավարման համակարգեր» անունով: Մեթոդի հիմնական առավելությունը չկանխատեսված խափանումների պայմաններում ապահովության և անվտանգության երաշխիքներն են: Մեթոդը փորձարկվեց ՆԱՍԱ-ի կողմից մոդելային ինքնաթիռի վրա, և տեսական բոլոր երաշխիքներն ապացուցվեցին բավական խրթին թռիչքային պայմանների դեպքում:

Մեթոդի հաջողությունը բերեց բավականին մեծ ճանաչման, և արդեն ավելի լավ առաջարկ ստացա 2008թ.-ին` Ուրբանում և Շամպեյնում, Իլինոյսի համալսարանը (University of Illinois at Urbana-Champaign, UIUC) հրավիրեց աշխատանքի, որտեղ և աշխատում եմ մինչ օրս:

– ՆԱՍԱ-ի պատվերով ինքնաթիռների անվտանգության կառավարման համակարգեր ստեղծել ու նաև նման խումբ ղեկավարել շատ քչերին է հաջողվում: Ինչպե՞ս այդ ամենից գլուխ հանեցիք` լինելով մաթեմատիկոս:

– Իմ փորձառությունից ես հասկացա, որ եթե ցանկանում ես ինքդ առաջ գնալ, ոչ թե ինչ-որ մեկի ձեռքի տակ մշտապես աշխատել, ապա պետք է աշխարհի գիտական քարտեզը շատ լավ հասկանաս: Հասկանաս, թե ինչո՞ւ են մարդիկ այս խնդիրն այս երկրում լուծում կամ այս խնդիրն այդպես ձևակերպում, ո՞ւմ է այդ ամենն անհրաժեշտ, կամ արդյոք անհրաժե՞շտ է դա որևէ մեկին, և թե որքանո՞վ է քո գիտական արդյունքը համապատասխան շուկաներում մրցունակ:

Ամերիկյան համակարգում գիտությունը զարգանում է համալսարանում: Ես հասկացա, որ պետք է նոր ուղղություն սկսել, ու սկսեցի ինքնաթիռների անվտանգության կառավարման համակարգեր ստեղծել ՆԱՍԱ-ի պատվերով: Մենք բոլորովին նոր հիմքով սկսեցինք, խնդրի նոր ձևակերպմամբ, քանի որ ցանկանում էինք նոր բան ստեղծել: Իհարկե, հին և արդեն կարծրացած դպրոցներին դա դուր չի գալիս առ այսօր:

Աշխարհում իդեաների պայքար է, երբ երկիրը տնտեսապես հարուստ երկիր է, այստեղ բոլորը մի կտոր հաց ունեն, նրանք պայքարում են իդեաների համար: Իհարկե, բոլորը սկզբից ասում էին, որ ինքնաթիռի անվտանգության կառավարման համակարգերի համար մեր թեորեմը չի աշխատի կամ թռիչքում կտապալվի: Սակայն մեր լուծումն իր նպատակին ծառայեց: Մենք տվեցինք ոչ միայն խնդիրների լուծման մաթեմատիկական ապացույցներ և կառավարման երաշխիքներ, այլև կարողացանք ապացուցել ու գործնականում ցուցադրել դրա հնարավորությունները:

ՆԱՍԱ-ն նույն խնդիրը ձևակերպել էր բազմաթիվ խմբերի համար, ու մի շարք մեթոդներ դրվեցին փորձարկման նույն պայմաններում: Մյուս մեթոդները չաշխատեցին, և մեր մեթոդը, փաստորեն, գերազանցեց բոլորի ստացած արդյունքները: Մեզ հաջողվեց գրել և փորձարկել խափանումների դեպքում ինքնաթիռի նորմալ աշխատանքի կառավարումը: 40 աստիճան շոգի պայմաններում մենք փորձարկումներ էինք անում, առավոտից երեկո գնում էինք թռիչքուղի, հարցնում էինք օդաչուներին` իրենց խնդիրների մասին, որպեսզի դրանց լուծումները ճիշտ կառուցեինք:

Փառք Աստծո, ես ունեմ նման ասպիրանտներ, ովքեր կարող են ինքնաթիռը «գրկել ու քնել», կամ ընդհանրապես կարող են քնել ընդամենը 2 ժամ ու անընդհատ աշխատել: Ներկայումս մենք ցանկանում ենք ավելի մեծ խափանումների դեպքում ինքնաթիռը կառավարելի դարձնել: Այդ ամենի փորձարկումները ՆԱՍԱ-ն կիրականացնի արդեն 3 տարի հետո: Նման փորձարկումներն, ի դեպ, բավական թանկ արժեն:

Տեսանյութեր

Լրահոս