«Աստված ու մեկ էլ իրենք գիտեն, թե ինչ կլինի». Սերոբ Բոզոյան

Քիչ առաջ 168.am-ը զրուցեց հայտնի «փուչիկների գործով» 1 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի հետ`  հետաքրքրվելով վերջինիս առողջական վիճակով: Նշենք, որ վերջինս քաղցկեղով հիվանդ է, և նախորդ տարի դեկտեմբերի 7-ին  ենթարկվել էր վիրահատության, իսկ դեկտեմբերի 26-ին նա հիվանդանոցից դուրս է գրվել և այժմ գտնվում է տանը:

Ս. Բոզոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում է հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանի պատասխանին: «Աստված ու մեկ էլ իրենք գիտեն, թե ինչ կլինի: Ուղղակի իմ էս առողջական վիճակից ելնելով` հույս ունեմ, որ 1 տարի ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի»,-  նշեց  Ս. Բոզոյանը:

«Դե վիրատահեցին, խոցերը հեռացրեցին: Փառք Աստծո, հիմա նորմալ է, բայց դա էնպիսի հիվանդություն է, որ պետք է հետևել, բուժել: Քիմիա է պետք ստանալ: Էդպիսի հարցեր կան: Ցավոք, իմ հիվանդությունը վայրկենական անցնող հիվանդություն չի, բայց հիվանդանոցում էլ չէի կարող մնալ»,- ասաց Ս. Բոզոյանը:

Մեր հարցին, թե հիվանդանոցում գտնվելու ժամանակ փուչիկների ՀՀԿ-ական պատվիրատուներն արդյոք տեսակցե՞լ են Ձեզ, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

«Չէ, էդ մարդը, որ պատվիրել էր փուչիկները, չեմ տեսել: Էն ժամանակվանից`  մայիսից, չեմ տեսել»: Ս. Բոզոյանի խոսքով` իր առողջական վիճակը այժմ նորմալ է, և առաջիկայում պատրաստվում է հաշմանդամության 3-րդ կարգի թոշակ ստանալու փաստաթղթերը կարգավորել:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական միջոցառման ժամանակ Ս. Բոզոյանի կողմից գազալցվել էին 7000 փուչիկներ, որոնց բոցավառման հետևանքով նույն օրը 228 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել:

Ս.  Բոզոյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը), և դատապարտվել էր ազատազրկման 1 տարի ժամկետով (2 տարի ժամկետով էլ նրան զրկել են կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից):

Ս. Բոզոյանի դատապաշտպան Կարեն Մանուչարյանը 2012թ. նոյեմբերի 19-ին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, որով իրավապաշտպանը միջնորդում է բեկանել դատավճռի պատժաչափը և  ազատազրկման ձևով  նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Մարինե Մարտիրոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս