Փորձում են «դարձի» բերե՞լ «մոլորված» եզդիներին (տեսանյութ)
ՀՀ-ում գործող աղանդավորական շարժումներն իրենց թիրախային խումբ են ընտրել նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններին: Այս մասին ահազանգում են եզդիական հասարակական կազմակերպությունները` ի դեմս «Սինջար» հասարակական կազմակերպության:
Համացանցում պտտվում է մի տեսանյութ, որի հեղինակներն աղանդավորներն են և օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները՝ փորձում են «դարձի» բերել «մոլորված» եզդիներին: Այս հարցի շուրջ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց «Սինջար» հ/կ նախագահ Բորիս Մուրազիից:
«Գյուղի մասին շատ տեղեկություն չկա, միայն հայտնի է, որ այն եզդիաբնակ է: Ինչպես հայտնի է, աղանդավորական կազմակերպությունները կամ նրանց սպասարկող կառույցները մտնում են այն համայնքներ, որտեղ սոցիալ-տնտեսական ծանր վիճակ է: Ինչպես պարզ է դառնում տեսանյութից՝ տվյալ կազմակերպությունը բացել է դպրոց և իր հիմնական քարոզչությունը կատարում է այդ դպրոցի շրջանակներում: Ի՞նչ է սա նշանակում: Պարզ է, որ դպրոցի գործունեության համար անհրաժեշտ է թույլտվությունը, որը պետք է տրվեր կառավարության կողմից, կամ գոնե իշխանությունները տեղյակ են այդ ամենից: Ինչո՞ւ մեր երկիրը չի կարողանում եզդի երեխաներին տրամադրել այն մակարդակի կրթություն, որ այլ կառույցների օժանդակության կարիք չլինի: Հենց գյուղի անմխիթար վիճակի մասին տեղեկանալով էլ՝ աղանդավորները սկսել են իրենց գործունեությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Բորիս Մուրազին:
Նշենք, որ «Հայտնություն» խորագիրը կրող հաղորդաշարի հյուրը Նարինե Խաչատրյանն է, ով, իր իսկ խոսքով՝ մարզիկ է, ունեցել է բազում հաջողություններ, սակայն, ի վերջո, «դարձի» է եկել և ցանկանում է իր «ճշմարիտ» ճանապարհով տանել նաև մնացյալ «մոլորյալներին»:
Հաղորդման ընթացքում կինը՝ խոսելով Հայաստանում ապրող եզդիական համայնքի մասին, նրանց անվանում է սատանայապաշտներ, ինչը հարուցել է ՀՀ-ում բնակվող եզդի համայնքի զայրույթը: «Տեսանյութում հանդես եկող կինը եզդիների մասին խոսելիս՝ անվանում է սատանայապաշտներ` խեղելով մեր կրոնը: Մեր սահմանադրությունը պաշտպանում է ազգային փոքրամասնությունների կրոնի և ավանդույթների ազատությունները, իսկ այդ կնոջ խոսքից կարելի է հասկանալ հակառակը, որ եզդիները պետք է կրոնափոխ արվեն: Այսինքն՝ իրենք բացահայտում են իրենց իրական մտադրությունները: Մենք պահանջելու ենք, որ դադարեցվի եզդիների կրոնափոխությունը: Մեզ համար մի բան է պարզ, եթե մարդն ապրում է ծանր պայմաններում, նրան հեշտ է դավանափոխ անել և տանել այլ ճանապարհով: Պահանջում ենք, որ օրենքի ուժով այդ կրոնական կառույցներին հեռու պահեն եզդիական համայնքից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բորիս Մուրազին: