Հայաստանցիների միայն 0,3 տոկոսն են արյան դոնորներ

Հայաստանի բնակչության միայն 0,3 տոկոսն են արյան դոնորներ. ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, երկրի արյան բաղադրամասերով ինքնապահովման համար անհրաժեշտ է, որ բնակչության 2 տոկսը դոնոր դառնա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

«Հայաստանում կամավորության ինստիտուտը խորհրդային ժամանակաշրջանից մինչև այսօր չձևավորվեց: Այս տարվա ընթացքում մենք ունեցել են 14.000 արյունատվություն: Մեր երկրում պետք է ունենանք շուրջ 60.000 արյունատվություն, սակայն այդ արյունատվության թիվը բավական պակաս է»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:

Ըստ Արյունաբանական կենտրոնի տնօրենի՝ դոնորական արյունը մինչ հիվանդին ներարկվելը հետազոտվում է արյան միջոցով փոխանցվող որոշ վարակների նկատմամբ՝ վիրուսային հեպատիտ B, վիրուսային հեպատիտ C, սիֆիլիս, ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարությն վարակ), բրուցելոզ:

«Այդ հետազոտությունները կատարվում են բավական թանկարժեք սարքավորումների միջոցով: Երբ փորձանմուշը մաքուր է լինում, այդ դեպքում նոր արյունը գնում է հիվանդանոցներ: Այս գործընթացը բավական լուրջ հիմքերի վրա է դրված և կատարվում է պատշաճ մակարդակով: Համաշխարհային բանկի միջոցով մեզ հատկացվել է վիրուս ինակտիվացման սարք, որն այս տարածաշրջանում եզակի սարքավորում է: Այն թույլ է տալիս արյունը ստուգելուց հետո կատարել վիրուս ինակտիվացում, որպեսզի վերանան բոլոր այն ագենտները, որոնք կարող են առաջացնել հիվանդություն»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:

Կարդացեք նաև

Վերջինիս խոսքով՝ գրեթե չեն լինում դեպքեր, երբ հիվանդը մահանա արյուն չլինելու պատճառով, քանի որ պահեստավորված արյան բավական քանակ կա. «Քավ լիցի, որևէ հարձակման կամ պատերազմային իրավիճակի ժամանակ մենք կարող ենք մեր վիրավորներին ապահովել արյան բաղադրամասերով»։

 

Տեսանյութեր

Լրահոս