Ինչո՞ւ հայերը չեն վախենում աշխարհի վերջից
Աշխարհը և հատկապես՝ դրա հարուստ մասը, ինտենսիվ պատրաստվում է աշխարհի վերջին։ Մի քանի օր առաջ Bloomberg-ը գրել էր, որ ռուս միլիոնատերերն, օրինակ, պատրաստվում են` թանկարժեք բունկերներ են գնում` դեկտեմբերի 21-ին այնտեղ պատսպարվելու համար։
Աշխարհի հայտնի հեռուստաալիքները շարունակ խոսում են աշխարհի վերջի մասին։ Օրինակ՝ National Geographic-ը օրը երևի 1000 անգամ գովազդում է իր ռեպորտաժը՝ «Эвакуация Земли – конец света», որը ցուցադրվելու է դեկտեմբերի 21-ին։ Ու ձեռքի հետ ինչ-որ հիմար միտք արտահայտում՝ եթե դա լինելու է վերջը, ապա թող լինի գեղեցիկ։ Ընդհանրապես, համաշխարհային հեռուստաալիքների համար (Discovery, National Geographic և այլն) դա նոր երևույթ չէ։ Մեկ խոսում են գլոբալ տաքացման և ջրհեղեղի վտանգից, մեկ՝ քնած և մոտ ապագայում արթնանալ պատրաստվող հրաբուխներից, մեկ` երկնաքարի բախումից, մեկ՝ արեգակնային ակտիվացումից, մեկ՝ ատոմային պատերազմից։
Նրանք ամեն օր, օրը մի քանի անգամ հիշեցնում են Երկիր մոլորակի անխուսափելի կործանման մասին՝ անուղղակիորեն զրկելով մարդուն ապրելու և արարելու խթաններից։ Եվ կարծես դա ազդում է. որոշ երկրներում մարդիկ պաշար են գնում կամ պատրաստվում են աշխարհի վերջը դիմավորել, ասենք, բնության գրկում, ռոմանտիկ ձևով։
Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հայերս։ Մենք զբաղված ենք մեր ամենօրյա խնդիրները լուծելով, և մերթընդմերթ հանդիպելով նման հաղորդագրությունների՝ զարմացած բացականչում ենք՝ այ քեզ հիմարություն։ Բայց մեզ՝ հայերիս վրա այս «զոնդաժը» չի ազդում։ Չենք հավատում նման բաներին։ Այն պատճառով, որ լինելով 1700-ամյա քրիստոնյաներ, միևնույն ժամանակ՝ աշխարհի ամենակասկածամիտ ու թերահավատ ազգերից ենք, և միամտություն կլիներ կարծել, թե կհավատանք ինչ-որ մայաների կանխագուշակություններին։
Երկրորդ պատճառն այն է, որ վերը նշված հեռուստաալիքները մեզանից շատ քչերն են դիտում։
Փոխարենը՝ մենք դիտում ենք մեր սեփական ալիքները՝ սերիալներով և մեկը մյուսից copy-paste արած հաղորդումներով։ Եվ հետևում ենք միայն մեր ներքին լրահոսին՝ Սերժ Սարգսյանն ինչ ասաց, Գագիկ Ծառուկյանն ինչ չասաց, Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ չարեց, չորրորդն ինչպես արձագանքեց, հինգերորդն ինչպես կարձագանքեր, և այլն։ Գումարած՝ Գագիկ Շամշյանի ռեպորտաժները։
Վատ է, իհարկե, որ աշխարհից կտրված ենք և կենտրոնացած ենք միայն մեր ներքաղաքական պրոցեսների վրա։ Սակայն մյուս կողմից՝ այս ամբողջ ներքաղաքական իրարարանցումը լրացուցիչ պատճառ են աշխարհի վերջի մասին խոսակցություններին չհավատալու համար։ «Եթե իրոք աշխարհի վերջը լիներ, ապա իրար միս չէին ուտի իշխանության գալու համար։ Իսկ եթե իշխանության համար միս ուտողները չեն հավատում աշխարհի վերջին, ուրեմն աշխարհի վերջը չի լինելու»,- արդարացիորեն մտածում են շատերը։
Համոզվելու համար, որ մենք՝ հայերս, աշխարհի վերջի մասին խոսակցություններին, մեղմ ասած, անլուրջ ենք վերաբերվում, բավական է հետևել նախատոնական առևտրային աժիոտաժին, որն արդեն սկսում է թափ հավաքել։ Հայերի համար աշխարհի վերջը ոչ թե երկնաքարի անկումն է, այլ՝ ամանորյա աղքատ սեղանն ու բարեկամ-հարազատների առաջ խայտառակ լինելը։ Մեզ՝ հայերիս, ավելի շատ հուզում է ոչ թե այն, թե ինչ կարող է լինել դեկտեմբերի 21-ին, այլ այն՝ ինչ կարող է չլինել դեկտեմբերի 31-ին և դրանից հետո։ Իհարկե, առաջին հերթին՝ փող՝ Ամանորը պատշաճ դիմավորելու և դրանից հետո յոլա գնալու համար։
Իսկ ամենալուրջ և ամենատխուր պատճառն այն է, որ պաշտոնապես 1 միլիոնից ավելի հայաստանցիների համար աշխարհի վերջն արդեն վաղուց եկել է. նրանք ոչ թե ապրում են, այլ գոյատևման կռիվ տալիս։ Ու եթե իրոք վաղը պարզվի, որ ինչ-որ հսկա երկնաքար մեծ արագությամբ շարժվում է մեր մոլորակի վրա՝ այն ոչնչացնելու հաստատ մտադրությամբ, ապա չի բացառվում, որ նրանցից շատերն այդ լուրն ուրախությամբ ընդունեն։ Չէ՞ որ հայկական իմաստությունն ասում է՝ լինող բանը լինելու է, ընկերովի մահն էլ հարսանիք է։