Ջհանգիրյանը շարունակում է իր «գործը»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Մատաղիսի գործով դատաքննությունը:
2003թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում սպանվել էին ժամկետային զինծառայողներ Մովսես Մկրտումյանն ու Ռոման Եղիազարյանը: Սպանության համար մեղադրվում էին (այսօր էլ մեղադրվում են) նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը երեք տղաներին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանը՝ ցմահ ազատազրկման վճիռ էր արձակել:
2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը` գործն ուղարկել էր լրացուցիչ քննության: 2006թ. Վճռաբեկ դատարանից ազատ արձակվեցին Ռ. Սարգսյանը, Ա. Զալյանը և Մ. Սերոբյանը, քանի որ մեղադրող կողմը որքան էլ «ջանաց» վերոնշյալ երեք տղաների կողմից սպանություն կատարելու մեղադրանքն ապացուցել, չկարողացավ:
Զինվորական դատախազության կողմից անմեղ տղաներին շինծու մեղադրանք առաջադրելու այս քրգործի մասին բազմաթիվ փաստեր ենք հրապարակել, սկսած՝ նախաքննական փուլից` մինչև դատաքննության ավարտը: Հիշեցնենք, որ Ա. Զալյանը և Մ. Սերոբյանն ի սկզբանե չեն ընդունել մեղադրանքը և մեղադրանքը «կառուցվել է» Ռ. Սարգսյանից բռնությամբ կորզված ցուցմունքի հիման վրա:
Վերջինիս «ցուցմունքի» տեսագրությունը ցնցող էր: Դեռ 2006թ.-ին Վերաքննիչ դատարանում ուսումնասիրվող այդ տեսագրությունը նիստի մասնակիցներին շոկի հասցրեց: Քննիչներն այնպես էին խոշտանգել Ռ. Սարգսյանին, որ նա անգամ այտուցված մատները չէր կարողանում շարժել: Տեսագրելուն զուգահեռ` կադրից դուրս գտնվող քննիչները բառացիորեն հուշում էին նախապես ծրագրված սցենարը, որը հետագայում դարձավ տղաներին ցմահ ազատազրկելու հաղթաթուղթը:
Հետագայում Ռ. Սարգսյանը դատարանում վկայություն էր տալիս քննիչների կողմից խոշտանգվելու մասին, բայց դրանց առանձնապես ընթացք չտրվեց, հետևաբար` առանձնակի դաժանությամբ բռնություն կիրառելու միջոցով կեղծ ցուցմունք կորզած քննիչներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին: Այդուհանդերձ, Ռ. Սարգսյանի խոստովանական ցուցմունքը դեռ այն ժամանակ որակվեց` որպես նախաքննական մարմնի կողմից բռնությամբ «գործ սարքելու» դասական նմուշներից մեկը:
Ինչևէ, վերադառնալով 2006թ., հիշեցնենք, որ երեք տղաներին սպանության մեջ մեղադրելու քրեական այս գործը հրահանգավորվում էր այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից: 2006թ.ապրիլի 26-ին Քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվող դատական նիստի ժամանակ մեղադրվող երեք զինծառայողների պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Գ. Ջհանգիրյանի` «Ղ-Տելեկոմ» ընկերությանը դիմած թվով 8 հեռախոսահամարների և Մատաղիս գյուղում տեղակայված խոսակցական կետի 2003-2004թթ. մուտքային և ելքային զանգերի վերծանման ցուցակը տրամադրելու վերաբերյալ:
Միջնորդությունը թեև բավարարվել էր, այդուհանդերձ, «Ղ-Տելեկոմը» զանգերի վերծանման ցանկը ճկուն մագնիսական սկավառակի վրա անցկացնելով՝ տրամադրել էր ոչ թե պաշտպանական կողմին, այլ՝ դատարանին: Դատարանն էլեկտրոնային կրիչը «ոչնչացրեց»՝ պաշտպաններին բազմաթիվ սուտ պատճառաբանություններ ներկայացնելով, մինչև անգամ հայտարարեց, թե կրիչն անսարք է:
Դեռ այն ժամանակ պաշտպանները դատարանում հայտարարեցին, որ Գ. Ջհանգիրյանի և հրամանատարական կազմի հեռախոսազանգերի վերծանումը հանցագործություն պարունակող փաստ է, որը պարտակվում է դատարանի կողմից: Ինչևէ, Գ. Ջհանգիրյանն ազդում էր ոչ միայն դատարանի, այլև՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության վրա: Ասվածն ապացուցելու համար հիշեցնենք այդ խայտառակ դատավարությունից մի դրվագ:
Նույն թվականի դեկտեմբերի 1-ին դատական նիստի ժամանակ 40 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռ. Սարգսյանը գիտակցությունը կորցրեց, և նրան շտապօգնության մեքենայով կրկին տեղափոխեցին «Նուբարաշենի» մեկուսարան, որտեղ նրա առողջական վիճակի մասին մասնագիտական գնահատականներ տալիս էր մեկուսարանի ատամնաբույժը: Թե պաշտպանները, թե հ/կ ներկայացուցիչները պահանջում էին անկախ բժիշկների կողմից Ռ. Սարգսյանին բուժզննման ենթարկել, քանի որ նա գրեթե անգիտակից վիճակում էր և որպես բողոքի նշան` շարունակում էր հրաժարվել սնվելուց: Ք/Հ ղեկավարությունը մեր ներկայությամբ խոստացել էր անկախ բժիշկների հրավիրել մեկուսարան:
Դեկտեմբերի 10-ին մենք եղել ենք «Նուբարաշեն» ք/հ-ում, որտեղ թեև պետք է Ռ. Սարգսյանին հետազոտեին անկախ բժիշկները, այդուհանդերձ, մեկուսարան էր ուղարկվել Գ. Ջհանգիրյանի բարեկամ, Բժշկական համալսարանի այն ժամանակվա ամբիոնի վարիչ, թերապևտ Էդուարդ Նազարեթյանը:
Վերջինս անգիտակից վիճակում գտնվող Ռ. Սարգսյանի առողջական վիճակը բավարար գնահատելով` հեռացավ: Զինդատախազության համար իսկական նվեր պետք է լիներ հացադուլի մեջ գտնվող Ռ. Սարգսյանի մահը, ուստի՝ ոչինչ չէր արվում նրան բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Այս սկանդալային գործն անսպասելի հանգուցալուծում ունեցավ. մի բան, որն անսպասելի էր ոչ միայն գործին հետևողների, տղաների, նրանց հարազատների ու պաշտպանների համար, այլև՝ նախկին զինդատախազ Գ. Ջհանգիրյանի: 2006թ. Վճռաբեկ դատարանից ազատ արձակվեցին Վերաքննիչ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողները: Դատական այդ նիստին իր ներկայությամբ պատվել էր անձամբ Գ. Ջհանգիրյանը, ով անսպասելի այդ որոշումը լսելուց հետո աննկատ գրեթե փախավ դատարանից:
Ինչո՞ւ են «սրբի պսակ» հագցնում Գ. Ջհանգիրյանին
2012թ. դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մատաղիսի գործով հերթական դատական նիստը: Փոխվել է մեղադրանքը, այն է՝ անզգուշությամբ սպանություն կատարելը:
Երեք տղաները շարունակում են չընդունել առաջադրված մեղադրանքը: Արդեն քանի օր է` լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը ողողված են Մատաղիսի գործով տեղեկատվությամբ` համեմված ավելի մեծ քանակի ապատեղեկատվությամբ:
Որպես Մատաղիսի գործի պատվիրատուներ` մատնանշվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ ինչո՞ւ են սրբի պսակ հագցրել այս գործի հեղինակ Գ. Ջհանգիրյանին, ինչո՞ւ չի հիշատակվում առհասարակ նախկին զինդատախազը, ում անմիջական հովանավորությամբ կազմվեց այս սկանդալային քրգործը:
Բանն այն է, որ այս դատավարությանը մասնակցում և իր աջակցությունն է ցուցաբերում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, որտեղ ներգրավված են ՀԱԿ ակտիվիստները:
Սոցիալական ցանցերում Մատաղիսի գործով մեղադրվում են բոլորը, բացի Գ. Ջհանգիրյանից: Այն դեպքում, երբ վերջինիս մեկ հայտարարությունն ուղղակի կարող է վերջ դնել այս երեք երիտասարդ տղաների տասը տարուց ավելի շարունակվող մղձավանջին: Ջհանգիրյանը ՀԱԿ ակտիվիստների ջանքերով մոռացվում է:
Իսկ Մատաղիսի գործն այլևս սկսում է ընկալվել` որպես քաղաքական ամբիցիաների թիրախ: Ինչո՞ւ են «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի որոշ անդամներ զինվորների սպանության այս ցավոտ պատմությունը նենգափոխում և շահարկում` ըստ քաղաքական նպատակահարմարության: Ինչո՞ւ են զինվորական սպանությունները օգտագործվում միանգամայն այլ շարժառիթներով: Ի վերջո, ինչո՞ւ են լրատվամիջոցներով տարածվում տեղեկություններ, որտեղ բացակայում են այս գործի նախապատմությունը, և տպավորություն է, կարծես 2003-ից շարունակվող Մատաղիսի գործով զբաղվում են մարդիկ, որոնք օրերս են հայտնաբերել, որ գոյություն ունի նման վաղեմության քրեական գործ:
Ի վերջո, Մատաղիսի գործն այն ոսկորն է, որն այդպես էլ մնացել է Գ. Ջհանգիրյանի կոկորդին, և որքան էլ ակտիվիստները նրա մասնակցությունը մոռացության մատնեն:
Մատաղիսի գործը «վերակենդանանում» է:
Զարմանալի զուգադիպությամբ` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գ. Ջհանգիրյանի և ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանի միջև համաձայնություն է ձեռք բերվում 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հետաձգելու հարցում: Ի՞նչ է ստացվում… Մատաղիսի խարանը կրող Գ. Ջհանգիրյանը ստանձնում է Մարտի 1-ի սպանությունների ուսումնասիրության գործը: Ինչո՞ւ է ստանձնում, որովհետև ՀՀԿ-ն Մատաղիսի կոմպրոմատը Գ. Ջհանգիրյանի դեմ շարունակելու է օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ վերջինը չի խոստովանել իր մեղքը՝ իրական մարդասպաններին թաքցնելու և անմեղ տղաների դեմ մեղադրանք առաջադրելու քրգործի հարուցումը:
Ինչպե՞ս է Գ. Ջհանգիրյանին վստահվելու Մարտի մեկի զոհերի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը, եթե զինդատախազի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում Գ. Ջհանգիրյանն ուղղակի կոծկել է իրական մարդասպաններին: Մնում է ենթադրել, որ Գ. Ջհանգիրյանը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարում ընկալվում է` որպես սպանությունները վարպետորեն կոծկող մասնագետ:
ՀԱԿ-ը պետք է դիրքորոշում արտահայտի
Օրեր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադառնալով Մատաղիսի գործին` հայտարարել է. «Ջհանգիրյանը` որպես պատգամավոր, որը խոսում է օրինականությունից, Մարտի 1-ի զոհերի շահերի պաշտպանությունից, արդյոք իրավական անհրաժեշտ գիտելիքներ ունի՞ և հստակ դիրքորոշում, որ կարողանա հանդես գալ` որպես Մարտի 1-ի զոհերի պաշտպան, երբ ինքը չի կարողանում իր սխալն ընդունել:
Նա քննադատելով ռեժիմին, որի զոհը դարձավ, Մատաղիսի գործում չի կարողանում ինքնախոստովանություն անել: Մյուս կողմից` ՀԱԿ-ը մարդու իրավունքի տեսակետից պետք է անպայման Մատաղիսի գործով դիրքորոշում արտահայտի և գնահատական տա: Կամ մենք ունենում ենք մարդու իրավունքի խախտման հետ կապված գնահատական, որը քաղաքացիներիս կտա այն հույսը, որ կա մի ուժ, որը, այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանության գործին է լծված, կամ այդ գնահատականի բացակայությունը մեզ այլ եզրակացության կհանգեցնի»:
Մատաղիսի գործով երեք ատյաններում Ռ. Սարգսյանի նախկին պաշտպան, ներկայիս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, թե Գ. Ջհանգիրյանի դերակատարումը Մատաղիսի գործով մոռացության է մատնվել: «Ինքն է, ըստ էության, այս գործի գլխին կանգնած եղել, և այսօր շարունակվում են այդ ապօրինությունները: Գործում է մի արատավոր համակարգ, որի հեղինակներից մեկը հենց Գ. Ջհանգիրյանն է:
Եթե մարդիկ կան, ովքեր փորձում են իրենց ուրույն նպատակների համար օգտագործել կամ կոծկել հանցագործներին, ապա դա անբարո գործ է և չի ունենալու հաջողություն: Այս գործը քննվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որի հարցերին ՀՀ կառավարությունը պատասխանելու ունակ չի լինելու, քանի որ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ նորմեր: Իսկ այդ նորմերի խախտողները ՀՀ պաշտոնյաներ են, այդ թվում նաև՝ Գ. Ջհանգիրյանը»,- հայտարարում է Զ. Փոստանջյանը: