Բաժիններ՝

Գիտնականի կյանքն ու գործը

Միքայել Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

Հայտնի հայ գիտնականների շարքին, ովքեր նվիրվել են հայ-ռուսական գրական և մշակութային հարաբերությունների հետազոտմանը, պատկանում է «Ռուսաստան-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Դավթի Ամիրխանյանը: Ծնվել է 1932թ. նոյեմբերի 5-ին ՀԽՍՀ Ստեփանավանի շրջանի բազմազգ Կույբիշևո գյուղում: Պրոֆեսորի գրչին են պատկանում մի շարք լուրջ ուսումնասիրություններ ու գրքեր. «Ռուս գեղարվեստական գրականությունը Հայաստանի մասին» (1983), «Ռուս գեղարվեստական գրականությունը և Հայոց ցեղասպանությունը» (1988), «Ռուս գրականության դասականները և Հայաստանը» (1991), «Պուշկինը և Հայաստանը» (1999), «Ռուսաստանն ու Հայաստանը» (2000) և այլն, որոնք բարձր են գնահատվել Ռուսաստանի և Հայաստանի հասարակայնության կողմից:

Մ.Ամիրխանյանը հանդիսանում է նաև` որպես կազմող, խմբագիր, ներածական ակնարկների հեղինակ այնպիսի հրատարակությունների, ինչպիսիք են «Բրյուսովյան ընթերցումներ-1986» (1992), «Պսակ Բրյուսովին» (1996), «Բրյուսովյան ընթերցումներ. Ընտրանի» (1998), «Մի սպանի», «Հայոց ցեղասպանությունը և ռուս պոեզիան» (1996), «Հայոց ցեղասպանությունը և ռուս հրապարակախոսությունը» (մաս 1, 1996, մաս 2, 1998), «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական հրապարակախոսությունը» (2005), և այլն:

Մ.Ամիրխանյանի ուշագրավ հետազոտությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Հայերը` Խորհրդային Միության հերոսներ» (2005) փաստավավերագրական ժողովածուն, որը պատրաստվել և հրատարակվել է 1941-1945թթ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս գիրքը սիրով ընդունվել է Հայաստանում, արժանացել է ուշադրության նաև Ռուսաստանում: Հարգարժան պրոֆեսորը ոչ միայն հայտնի գիտնական ու գրող է. ուսանողների բազմաթիվ սերունդներ տարբեր տարիներին անցել են նրա «ձեռքի տակով», վայելել դասախոսի «շկոլան», մասնավորապես` ԵՊՀ-ի ու Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ` համալսարան) ռուս բանասիրության բաժանմունքներում: 1991թ. Մ.Ամիրխանյանը հիմնադրում և ղեկավարում է Երևանի հումանիտար ինստիտուտը, որտեղ բարձր մակարդակով ուսումնասիրվում են չինարեն, ճապոներեն, հնդկերեն, հունարեն և այլ լեզուները:

Այս յուրահատուկ մասնավոր ուսումնական հաստատությունը հաջողությամբ գոյատևեց մինչև 2011թ., տալով հասարակությանը նշված լեզուների հմուտ մասնագետներ, ովքեր այժմ հաջողությամբ աշխատում են համապատասխան բնագավառներում` հիմնականում որպես թարգմանիչներ` միջազգային կազմակերպություններում, պետական հիմնարկություններում, դեսպանատներում և այլուր: Ի դեպ, Մ.Ամիրխանյանը նաև 2004-2005թթ. Հայաստանում առաջին անգամ հրատարակված հայ-ճապոնական և հայ-իտալական բառարանների համահեղինակն է:

Բազմաշնորհ գիտնականն ու մանկավարժը վաստակել է գիտական հանրության ճանաչությունը, իր ուսանողների սերն ու հարգանքը, ապահովելով, առաջին հերթին, իհարկե, Հայաստանում ռուսաց լեզվի ու գրականության առաջընթացը և զարգացումը, ռուս մեծ մշակույթի պրոպագանդումը, հայ և ռուս ժողովուրդների դարավոր ամուր ու բարեկամական քաղաքական, հասարակական ու մշակութային հարաբերությունները:

Երկար տարիներ Մ.Ամիրխանյանը հաջողությամբ և արդյունավետ գլխավորում է «Ռուսաստան-Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում իրականացվել են մի շարք գրական-մշակութային լայնածավալ և ուշագրավ ծրագրեր: Նրանց թվում է, մասնավորապես, միջազգային գիտապրակտիկ կոնֆերանսների կազմակերպումը, որոնք նվիրված են ռուս գրողներին և նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդների փոխազդեցություններին:

Այսպիսով, Մ.Ամիրխանյանի շնորհիվ ձևավորվել է հիանալի, արժանի, ողջունելի ու խրախուսելի մի ավանդույթ. միավորել ռուս գրականության հետազոտողներին ու գիտնականներին ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Վրաստանից և այլ հետխորհրդային տարածքներից:

Այս ճանապարհով պրոֆեսոր Ամիրխանյանի ջանքերով ապահովվում է գիտական և ստեղծագործական ուժերի միասնությունը, գրականության ու գրականագիտության ոլորտում հետազոտությունների ընդլայնումը, գրական-գիտական հանդիպումները, փորձի ընդհանրացումը, նոր մոտեցումների որոնումները, ռուս բանաստեղծների ու գրողների բազմաշերտ և հարուստ ժառանգությունը, նրանց շփումներն այլազգի գրողների ու մտավորականության հետ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Մ.Ամիրխանյանի շնորհիվ կազմակերպվել են գիտաժողովներ` նվիրված Գոգոլի, Լերմոնտովի, Լև Տոլստոյի, Չեխովի, Նեկրասովի, Պուշկինի կյանքին ու ստեղծագործությանը, հայ-ռուսական կապերին, որոնց աշխատանքներին ակտիվ մասնակցել են ոչ միայն անվանի հայ գիտնականներ ու տեղական բուհերի դասախոսներ, այլև հետազոտողներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Թբիլիսիից…

Չնայած իր պատկառելի տարիքին, Միքայել Ամիրխանյանը նախանձելի էներգիա է դրսևորում. աշխույժ ու կենսուրախ է, երիտասարդ ոգով, լի է թարմ գաղափարներով և նոր ծրագրերով: Նրան սիրում ու հիշում են հասակակից և կրտսեր ընկերներն ու գործընկերները, նախկին ու այսօրվա ուսանողները` որտեղ էլ տեսած լինեն հարգելի պրոֆեսորին. ուսանողական լսարանո՞ւմ, թե՞ բաց երկնքի տակ. չէ՞ որ նա սիրում է նաև ճանապարհորդել Հայաստանի գյուղերով ու քաղաքներով, լեռներով ու դաշտերով` շրջապատված իր բարեկամներով ու ուսանողներով…

Պանծալի 80-ամյակդ շնորհավոր, սիրելի դոկտոր Ամիրխանյան` երկար տարիների կյանք ու ստեղծագործական եռանդ Ձեզ, պայծառ հայորդի…
ՌՈԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
բանասիրության դոկտոր

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս