Միզապարկի բորբոքում` ցիստիտ
Բուժիչ նամակներ
Ցիստիտը դասվում է այն հիվանդությունների թվին, որոնք անկախ ընթացքից` սուր կամ քրոնիկ, հնարավոր է բուժել դեղաբույսերով։ Նման բուժումն ունի մի շարք առավելություններ քիմիական դեղերի նկատմամբ։ Միլիոնավոր տարիների բնական էվոլյուցիայի ընթացքում կենդանի արարածների օրգանիզմը սովորել է յուրացնել բուսական սնունդը։
Ի տարբերություն քիմիական բնույթ ունեցող սինթետիկ դեղամիջոցների` դեղաբույսերից պատրաստուկները չունեն վնասակար ազդեցություն այլ օրգանների վրա, քանի որ դեղաբույսերի ազդեցության ոլորտը շատ ավելի լայն է։
Բնական պայմաններում աճող բույսերն ավելի ակտիվ են զանազան միկրոօրգանիզմների և վարակների հանդեպ, որոնք շատ արագ կարողանում են հարմարվել և անընկալունակ են դառնում դեղահաբերի հանդեպ։ Ցիստիտի բուժման համար խորհուրդ են տրվում այն դեղաբույսերը կամ դեղաբուսային փնջերը, որոնք ունեն հետևյալ դեղաբանական հատկությունները. բարձր հակամանրէ հատկություն, հակաբորբոքային ազդեցություն և միզամուղ ներգործություն։ Թվարկենք մի քանի առավել օգտակար բույսեր. հապալաս սովորական, ցախի սովորական, սրոհունդ, ոսկեշիվ սովորական, լոռամրգի, կաղամախի, արջախաղող, բարդի, էխինացեա։
Միզամուղ. Մանրացրեք և խառնեք 1-ական ճ/գ վարսակի կանաչ և մանուշակ եռագույնի խոտեր, լոբու պատիճ։ 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 500 մլ եռջրում։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Միզամուղ հատկություն ունեն նաև` ձիաձետ դաշտայինի խոտը, գիհու պտուղը, կղմուխի և բոխնու արմատները, աղեխոտը, կեչու տերևը, տերեփուկի և թանթրվենու ծաղիկները։
Եթե նկատվում են ցիստիտի հետևանքով առաջացած ցավեր, ապա պատրաստեք հետևյալ թուրմը.
- Խառնեք կեսական թ/գ փրփրուկի, եղինջի տերևներ, սրոհունդի խոտաբույս։ 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ, սուր նոպաների դեպքում։ Ազդեցիկ ցավազրկող միջոց է, սակայն հակացուցված է խախտել պատրաստման և ընդունման չափաբաժինները։
Ցավազրկող հատկություն ունի նաև տանձի և դաղձի տերևիների (1։1) խառնուրդը։
- 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Հակաբորբոքային. Խառնեք 1-ական ճ/գ արջախաղողի տերև, բերենիկե բժշկականի, եղեսպակի և 3 թ/գ ձիաձետ դաշտայինի խոտեր, 1 թ/գ տուղտ բժշկականի տերև։ 1 թ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 5 րոպե պահեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 10-15 օր։ Եփուկն օգտակար է նաև միզաքարային հիվանդության դեպքում։
Հակաբորբոքային հատկություններ ունեն նաև սրոհունդը, եղեսպակը, երիցուկի ծաղիկը, եղինջը, մասուրը, գիհին։
Արյունարգել. Եթե մեզի մեջ նկատվում է արյուն, ապա պատրաստեք հետևյալ դեղամիջոցը.
- Խառնեք 1 թ/գ կծոխուրի կեղև և 1 ճ/գ գայլուկի կոն, 4 ժամ թրմեք ջերմապահում 400 մլ եռջրի մեջ։
Արյունարգել հատկություն ունեն նաև եղինջը, մասուրի պտուղը, հազարտերևուկը, մատիտեղ թռչնի խոտը, ձիաձետը։
- Մանրացրեք և խառնեք 2-ական թ/գ սրոհունդի խոտ, երիցուկի ծաղիկ, բարդու բողբոջ։ Հումքը 10 ժամ թրմեք 500 մլ եռջրով` ջերմապահում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ։ Բուժման ժամկետը` 1,5-2 ամիս։ Ընդմիջեք 2 շաբաթ։ Շարունակեք բուժումը հաջորդ դեղատոմսային խառնուրդով։
- Խառնեք 2-ական թ/գ գիհու պտուղ, կեչու, արջախաղողի տերևներ, 1 թ/գ ձիաձետ դաշտայինի խոտ։ Պատրաստեք և օգտագործեք վերոգրյալ ձևով։
- Խառնեք 1-ական թ/գ թույայի ընձյուղ, արջախաղողի տերև, աղեխոտ, կեչու բողբոջ։ Հումքը 5-7 րոպե եռացրեք 1 լ եռջրում։ Քամեք։ Եփուկը խմեք օրվա ընթացքում տաք վիճակում։
- 2 ճ/գ կաղամախու կեղևը (բողբոջը կամ տերևը) 15 րոպե եփեք 200 մլ եռջրում։ Թույլ կրակի վրա թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։
- Խառնեք 1-ական թ/գ լորենու ծաղկաբույլ, կաղնու կեղև և արջախաղողի տերև։ Հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրում` ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք քնելուց 2 ժամ առաջ` տաք վիճակում։
Այտուց. Խառնեք 7 ճ/գ վուշի սերմ, 3 ճ/գ կեչի սպիտակի, գետնամորի անտառայինի և եղինջի տերևներ։ Թողեք 2 ճ/գ հումքը 6 ժամ սառը` նախօրոք եռացրած ջրում, որից հետո 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` կես թ/գ մեղվահացի կամ ծաղկափոշու հետ։ Ծաղկափոշին 15 րոպե թրմեք 50 մլ եռջրում, լավ խառնեք։ Եփուկն օգտակար է այն դեպքում, եթե բորբոքված են նաև երիկամները։
Երիկամների և միզուղիների բորբոքում. Խմեք 20-ական կաթիլ ակնամոմի 20 տոկոսանոց ոգեթուրմ, օրը 3 անգամ, լուծեք 50 մլ ջրի մեջ։ Պատրաստեք ակնամոմի ջրային լուծույթ (1։2), 20 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, ջերմաստիճանը` 60-80 C, և ողջ ընթացքում խառնեք լուծույթը։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Ակնամոմի ջուրը վնասազերծում է մանրէների, սնկերի, վարակների ազդեցությունը։ Ունի նաև հակաբորբոքային, ցավամոքիչ, արյունարգել և այլ օգտակար հատկություններ։