Լուսինե Թովմասյանը տարիքից չի վախենում (լուսանկարներ)
«Միսս Հայաստան-2003»-ի և «Վիցեմիսս Եվրոպա-2005»-ի հաղթող Լուսինե Թովմասյանն արդեն երկար տարիներ հասարակության ուշադրության կենտրոնում է նախ՝ որպես գեղեցկուհի, ապա, ինչպես շատերն են նրան անվանում, «բիզնես-լեդի»: Լուսինեն ծնվել է 1986թ. Երևանում: 2008թ. ավարտել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր (Westminster) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Լուսինե Թովմասյանը «Երևան» ստուդիայի «Մի՛ վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերի գլխավոր դերակատարներից է, «Նոր ռադիոյի» և «Նոր հանդես» («New Mag») ամսագրի հիմնադիր նախագահը:
Լուսինեն շատ ակտիվ կենսակերպով, կենսուրախ և լավատես մարդ է:Լուսինե Թովմասյանը 168.am-ի հետ զրույցի էր եկել բարձր տրամադրությամբ՝ հաճելի ժպիտը դեմքին, ինչը պահպանվեց ողջ զրույցի ընթացքում, և անգամ փոխանցվեց մեզ:
– Դեռ շարունակո՞ւմ ես հարցազրույցներ տալ՝ որպես գեղեցկուհի, թե՞ ոլորտի փոփոխության հետ՝ փոխվել են նաև հարցազրույցների թեմաները:
– Քանի որ արդեն ոլորտս էլ է փոխվել, միշտ չէ, որ նման կոնտեքստում եմ հարցազրույցներ տալիս: Շատ երկար տարիներ են անցել մրցույթներից, հիմա արդեն ներկայացնելիս էլ ուրիշ կերպ են ներկայացնում՝ հաշվի առնելով իմ ներկայի գործունեությունը:
– Շատերը քեզ ճանաչում են՝ որպես փխրուն, նուրբ գեղեցկուհու: Դու քեզ ինչպիսի՞ն ես համարում:
– Չեմ ասի, որ շատ կոպիտ եմ, չեմ ասի, որ շատ փխրուն եմ, ինչ-որ տեղ՝ շուտ բռնկվող եմ: Ընկերասեր եմ, շփվող, ինչ-որ տեղ՝ թույլ, ինչ-որ տեղ՝ ուժեղ, նայած, թե ինչպիսի՞ բնագավառում եմ, ինչպիսի՞ տրամադրություն ունեմ կամ ինչպիսի՞ շրջապատում եմ: Լինում են պահեր, որ դու քեզ թույլ ես զգում, բայց հաճախ էլ լինում է նաև հակառակը: Ինչ-որ գերբնական ուժ է քեզ պարուրում, ու անգամ մի պահ մտածում ես, որ կինն այդքան ուժեղ չի կարող լինել:
– Ի՞նչը կարող է ստիպել, որ դու քեզ թույլ զգաս:
– Կյանքում ուղղակի լինում են պահեր, որ դու քեզ թույլ ես զգում: Լինում են պահեր, երբ դու չես կարողանում բացատրել այն, ինչ կա, և այդ պատճառով էլ մարդիկ չեն կարողանում ընկալել, հասկանալ քո աշխատանքը, քո կյանքը: Դրանից էլ թուլանում ես:
– Լարվածությունդ, նեղվածությունդ ինչպե՞ս ես թոթափում: Կարողանո՞ւմ ես ինքդ քեզ հանգստացնել:
– Հանգստանում եմ լացելով: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդ էլ հանգստանում է, երբ լաց է լինում, և սուտ կլինի, եթե մարդն ասի, որ լացն իրեն չի հանգստացնում: Չեմ սիրում բղավել, դա ինձ չի հանգստացնում: Երբեմն, ոչ հաճախ, սիրում եմ մենակ լինել: Չնայած մենակությունն այնքան էլ չեմ սիրում: Ես էմոցիոնալ մարդ եմ, էմոցիաներից էլ լացն է բխում, ինչն էլ հանգստացնում է:
– Էմոցիաները, մանավանդ՝ աշխատանքում, չե՞ն խանգարում:
– Շատ են խանգարում: Միայն մասնագիտության առումով չէ, որ խանգարում է: Դա չի փոխվում, դա գալիս է մարդու էությունից: Դու չես կարող դադարել լինել էմոցիոնալ:
– Մարդը միշտ ձգտում է կատարելության, ձգտում է փոփոխությունների: Ի՞նչ կցանկանայիր դու քո մեջ փոխել:
– Շատ բաներ կան, որ կցանկանայի՝ այդպես չլիներ: Կցանկանայի ամեն ինչին ավելի հանգիստ վերաբերվել, կուզեի, որ շատ բաներ այնպես չլինեին, ինչպես եղել են, բայց երբեք ես ինքս ինձ փոխել չեմ կարող: Ոչ ոք ինձ փոխել չի կարող:
– Ինչի՞ց ես ուրախանում:
– Լինում են շատ հաճելի պահեր, երբ դու քո երկրպագուներից կամ քեզ սիրող մարդկանցից նվեր, հաճելի խոսք, ծաղիկ ես ստանում: Դա շատ է ուրախացնում: Շատ ավելի հաճելի է, որ դու քեզ համար ցանկալի, սիրելի մարդուց ես լսում այդ հաճոյախոսությունը: Բառերն այս պարագայում կարևոր չեն, կարևորն այն է, թե ո՞վ է քեզ այդ բառերն ասում:
– Կա՞ մարդ, ում խոսքերին Լուսինե Թովմասյանը սպասում է:
– Չեմ ցանկանա խոսել այդ մասին, որովհետև, երբ որևէ բան խոսում եմ՝ դառնում է հանրության քննարկման առարկա:
– Շատ ես ճանապարհորդում: Ո՞ր երկիրն է քեզ առավել հոգեհարազատ:
– Ճանապարհորդելը բոլորի համար էլ հաճելի է: Եթե ես հիշում եմ որևէ հետաքրքիր դեպք, ինչ-որ հետաքրքիր հանդիպում, ապա հիշում եմ ճամփորդությունների շնորհիվ: Լավ հիշողություններս կապված են ճանապարհորդություններիս հետ: Չեմ կարող ասել, որ կա որևէ կոնկրետ երկիր, որևէ կոնկրետ քաղաք, որն առավել շատ եմ հավանել, քանի որ ամեն նոր վայրում էլ կան հետաքրքրություններ, նորություններ: Բայց կա մի վայր, որն ինձ ձգում է, և այնտեղ կրկին կգնամ: Դա Իտալիան է: Իտալիայում լինելը բոլոր եղանակներին էլ հաճելի է: Հետաքրքիր են նաև այնտեղի քաղաքները, մարդիկ, նրանց կենսակերպն ու սովորությունները:
– Զրույցներից մեկի ընթացքում ասել ես, որ հայկական խոհանոցը շատ ես սիրում, և, որ ուր էլ գնաս՝ կարոտում ես հայկական ճաշերը: Ի՞նչն ես հատկապես կարոտում:
– Ես ծնվել, մեծացել եմ հայի ընտանիքում, և ուտելիքն ինձ համար կարևոր է: Ես սիրում եմ համեղ սնվել, իսկ եթե երկար ժամանակով եմ երկրից բացակայում, ապա անպայման կարոտում եմ հայկական սնունդը: Կարոտում եմ հայկական կոլորիտը, ուտելիքը, սեղանի շուրջ հավաքված մարդկանց ու այն խնջույքները, որ հաճախ են սեղանի շուրջ կազմակերպվում: Ես ուտելիքից հաճույք եմ ստանում: Ինձ համար կարևոր է ուտելիքի թե՛ համը, թե՛ տեսքը: Սիրում եմ, երբ ամեն ինչ տեղին և գեղեցիկ է:
– Ինչպիսի՞ն ես խոհանոցում:
– Վատ չեմ: Շատ լավ չեմ, բայց վատ էլ չեմ: Այն, ինչը սիրում եմ ուտել՝ սովորել եմ պատրաստել: Օրինակ, պատրաստում եմ հայկական թփով տոլմա, տարբեր ապուրներ և այլն: Գրեթե ամեն ինչ կարողանում եմ պատրաստել:
– Դու քեզ՝ որպես ընտանիքի մայր, պատկերացնո՞ւմ ես:
– Մայրիկիս, քույրիկիս տեսնելով` նաև պատկերացնում եմ իմ ընտանիքը, ինձ`իմ ապագա ընտանիքում: Ես սիրում եմ ընտանիքը, սիրում եմ ընտանեկան հանգստությունը, հարմարավետությունը: Մեր ընտանիքում այդպես է եղել, և ես վստահ եմ, որ իմ ընտանիքն էլ է այդպիսին լինելու: Մենք միշտ ձգտել ենք դեպի տուն, սիրել ենք լինել բոլորս միասին: Բացի այդ, կարծում եմ՝ կինն է տան կրակը վառ պահում: Եթե կինը ձգտում է դեպի իր ընտանիքը, ապա իր ամուսինն էլ, երեխաներն էլ նույն կերպ կվարվեն:
– Ի՞նչ ես կարծում, ընտանիքում կնոջից ի՞նչ է կախված:
– Շատ բան: Եթե կինը մի քիչ խորամանկ լինի, մի քիչ՝ հանդուրժող, ապա ամեն բան շատ լավ կլինի: Տղամարդը նույնքան հանդուրժող չի կարող լինել: Առաջնահերթ ինքդ քո մասին պետք է մտածես, պետք է այնպես անես, որ ընտանիքում ամեն բան հնարավորինս հարթ լինի: Տարիների ընթացքում ես սովորել եմ մի քիչ հանդուրժող լինել:
– Կա՞ մի բան, որ երբեք հանդուրժել չես կարող:
– Ես շատ շուտ բռնկվող եմ: Կան բաներ, որոնք ուղղակի ինձ համար անընդունելի են: Կկրկնվեմ, եթե ասեմ՝ սուտն ու դավաճանությունը, բայց տարիների ընթացքում հանդուրժել սովորում ես, թող մի բան էլ ուղղակի այսպես անցնի գնա:
– Որպես գեղեցիկ կին՝ տարիքից վախենո՞ւմ ես:
– Ոչ, ընդհանրապես: Հասկանում եմ, որ տարիները շատ արագ են անցնում, բայց երբևէ այդպիսի վախ չի եղել: Կարծում եմ՝ կարևորը տարիքը չէ, այլ այն, թե դու քեզ ո՞ր տարիքում ես զգում: Ես իմ 26 տարեկանում երբեմն ինձ զգում եմ, ինչո՞ւ ոչ, նաև՝ ինչպես մանուկ:
– Հայտնի է, որ ժամացույցներ ես սիրում:
– Այո, շատ եմ սիրում: Ժամացույցն ինձ համար ճշտապահության խորհրդանիշ է: Կարևորում եմ կնոջ ձեռքին կապված ժամացույցը: Դրանով շատ բան կարող ես ասել նրա մասին: Ժամացույցների հանդեպ թուլություն ունեմ:
– Շատերը մարդկանց ճանաչելու իրենց մեթոդներն ունեն: Դու ինչպե՞ս ես մարդկանց ճանաչում:
– Կարևորում եմ մարդու խոսքն ու ժեստերը, աչքերը, որոնք չեն խաբում: Ես ինքս ինձանով եմ չափում, նույնկերպ էլ մարդկանց եմ վերաբերվում: Ուշադրություն եմ դարձնում աչքերին ու խոսքին: Երբ ես ինձ համար օտար միջավայրում եմ հայտնվում, միանգամից չեմ ընդգրկվում խոսակցությունների մեջ: Ինձ բացելը բավական բարդ է: Կարող է ժամերով նստեմ և ոչինչ չասեմ: Այդ իսկ պատճառով՝ աչքերն առավել կարևոր են, նույնիսկ, եթե չես խոսում:
– Ո՞ր միջավայրում քեզ չենք կարող տեսնել:
– Միշտ ձգտում եմ լինել դրական, պարզ միջավայրերում: Դժվարություններ բոլորի հետ են պատահում, ես պատրաստ եմ ընկալել այդ դժվարությունները, լինել իմ ընկերների կողքին, բայց միանշանակ կարևորում եմ ինձ շրջապատող մարդկանց մեջ հոգու պարզությունն ու մաքրությունը: Ես կյանքին նայում եմ ոչ թե պեսիմիստորեն, այլ օպտիմիստորեն: Ես այդպիսին եմ, ուստի իմ շրջապատն ու իմ ընկերները պետք է այդպիսին լինեն: