«Սրտանոթային հիվանդություն ունեցողներն անպայման պետք է դիմեն հոգեբանի»

Սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացումը պայմանավորված է կենսաբանական գործոններով, ինչպիսիք են, օրինակ՝ խոլեստերինի բարձր քանակը, արյան բարձր ճնշումը: Սակայն այս գործոնները մարդու բնավորության գծերի արդյունքում ձևավորված երևույթներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Սթրեսները լուրջ դեր են խաղում սրտանոթային հիվանդությունների առաջացման գործում: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ բնավորությունը որոշակի դեր ունի այս հիվանդությունների գործում:

«Գոյություն ունի Ա տիպի բնավորություն. այս մարդիկ շատ պատասխանատու են, կարիերիստ, ագրեսիվ և փորձում են միշտ առաջինը լինել, մրցակցության ջիղն է շատ ուժեղ իրենց մոտ: Ահա այս տիպի մարդկանց բնավորությունը, ովքեր գրեթե չեն հանգստանում, նույնպես էական դեր է խաղում սրտանոթային հիվանդությունների առաջացման գործում»:

Ըստ հոգեբանի՝ կան նաև քիչ հայտնի հոգեբանական խնդիրներ, որոնք ևս պատճառ են դառնում սրտանոթային հիվանդությունների առաջացման համար: «Դրանցից է ինքնածրագրավորումը: Այն կարող է տեղի ունենալ մի շարք մեխանիզմներով, ինքն իրեն ծրագրավորում է, որ ինքը պետք է ունենա այդ հիվանդությունը: Պարզվում է, որ 3-6 տարեկան հասակում երեխաները նույնանում են նույն սեռի ծնողի հետ, տղան՝ հոր հետ, աղջիկը`մոր հետ: Նրանցից վերցնում են և՛ բնավորության ձևեր, և՛ վարքի ձևեր, այդ թվում՝ նաև հիվանդությունները: Այսինքն`նույնանալով տվյալ անձի հետ, մարդը կարող է ինչ-որ ժամանակ այդ նույն հիվանդությունը կրկնել: Արևմուտքում մի քանի հետաքրքիր հետազոտություններ են կատարվել. դա կոչվում է տարելիցի սինդրոմ: Բացահայտվել է, որ այն մարդն, ովքեր նույնացած է իր հարազատների հետ, ուղղակի մեկի հետ, ում ինքը շատ է սիրում, հավանում, հաճախ կրկնում է նույն ճակատագիրը: Օրինակ`կար մի ընտանիք, որի համար մայիսի 12-ը ողբերգական օր էր: Բոլոր մահերն այդ ընտանիքում հենց այդ օրն էին տեղի ունենում: Պատճառը հենց այդ նույնացումն էր: Այս նույն ձևով կարող է կրկնվել սրտանոթային հիվանդությունը»:

Կարդացեք նաև

Սրտանոթային հիվանդությունների առաջացման հոգեբանական պատճառներից մեկն էլ, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, մեղքի զգացումն է. «Մարդն ինքն իրեն մեղավոր է համարում, ենթագիտակցաբար, կարծես ուզում է պատժել իրեն: Տարածված պատճառ է նաև ագրեսիվությունը: Պատճառներից կարող է լինել նաև մոտ հարազատի կորուստը: Հարազատի կորստից հետո 1-2 տարվա ընթացքում հաճախ ինֆարկտներ են լինում, հատկապես՝ ծնողների կորստի դեպքում շատ ծանր ապրումներ են առաջանում: Թվում է, թե հատկապես տղամարդիկ պինդ են, ուժեղ են, չեն արտահայտվում, արցունքները զսպում են: Բայց հարազատի կորուստը լուրջ հետևանքներ է ունենում»:

Ըստ հոգեբանի՝ սրտանոթային հիվանդությունների առաջացման ավելի նեղ հոգեբանական պատճառներ էլ կան՝ սեփական ապրումները խոսքով արտահայտել չկարողանալը, դեպրեսիան, կյանքի անիմաստության զգացումը:
Հոգեբանի խոսքով՝ նշված պատճառներից Հայաստանում գերակշռում են կորստի պատճառով առաջացած սրտանոթային հիվանդությունները. «Մերոնք շատ են կապված իրենց հարազատների հետ»:

«Սրտանոթային հիվանդությունների նկատմամբ պետք է կիրառել հոգեթերապիա, ինչը կարող է շատ լուրջ դեր խաղալ այդ մարդու բուժման գործում: Պետք է հիշել, որ սա զուտ կենսաբանական հիվանդություն չէ, նաև հոգեբանական հիվանդություն է: Ընդ որում, այդ հոգեբանական պատճառները չեն գիտակցվում»,- ասաց հոգեբանը:

Վերջինիս գնահատմամբ՝ այժմ Հայաստանում ևս սրտանոթային հիվանդություններ ունեցող անձինք սկսել են դիմել նաև հոգեբանի օգնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս