Հույժ տխուր գազավատ
Անցած շաբաթ մեր տնտեսական կյանքում «գազավատ» էր: Ոչ այն է` արաբաիսլամական իմաստով, ոչ այն է` ժարգոնային արտահայտության: Կամ էլ` երկուսը միասին վերցրած: Արդեն կես տարուց ավելի է` հասարակությունը չի կարողանում պարզել, թե իրականում ինչ գնով է Հայաստանը գազ ներմուծում: «ՀայՌուսգազարդի» պաշտոնյաներից մինչև կառավարության անդամները պնդում են, որ ներմուծվող գազի գինը չի աճել:
Բայց պաշտոնական վիճակագրական տվյալներով` հակառակն է հրապարակվում: Վերջին տասը տարում մեր չինովնիկներին հաջողվում էր տնտեսական զիջումների գնով անփոփոխ պահել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը: Հիմա կարծես զիջելու բան չի մնացել: Հակառակի պես` տարին նախընտրական է:
Ու ընտրությունների շեմին իշխանություններին այլևս չի հաջողվում թաքցնել այն փաստը, որ եկող տարվանից սակագինը բարձրանալու է: Դատելով գործող սակագները կարգավորող օրենքից` իշխանություններին կարող է հաջողվի` գազի գնաճը հետաձգել: Հետաձգել ու իրականացնել նախագահական ընտրություններից հետո: Բայց երկու օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը չբացառեց գազի գնի վերանայման հնարավորությունը: Սրանից զատ, «գազավատի» տխուր օրինակ կարող է գնահատվել նաև Ազգային վիճծառայության նույն օրվա հրապարակումը:
Այս կառույցի տվյալներով` աղքատ է երկրի բնակչության 35 տոկոսը: Հայտարարվեց նաև, որ Հայաստանում թերսնվում է 111 հազար մարդ: Ու այս տվյալների ֆոնին` գազի սակագնի հնարավոր աճը նոր ու ավելի տխուր հեռանկար է ուրվագծում: Հատկապես, որ հրապարակվեցին նաև «ՀայՌուսգազարդի» ներդրումային ապագա ծրագրերը: Այս կազմակերպությունը պատրաստվում է 2013թ 7,5 մլրդ դրամի ներդրումներ անել: Իսկ 2014-ին` 12 մլրդ դրամի: Դատելով «ՀայՌուսգազարդի» նախորդ տարիների ներդրումային վարքից, այդ գումարները դրսից չեն բերվելու:
Դրանք «քամվելու» են սպառողների մուծած գումարներից: Թերթեք 2006-2008թթ. պաշտոնական ու պատասխանատու մամուլը: Թերթեք ու տեսեք, թե ինչ խանդավառությամբ էին գազի ոլորտի ղեկավարները պատմում իրենց ներդրումային ծրագրերի մասին: Այդ տարիներին նույնիսկ հայտարարվեց, որ Հայաստանն աշխարհի ամենագազիֆիկացված երկիրն է: Առանց լուրջ տնտեսական հաշվարկների` գազիֆիկացվեցին Հայաստանի 900 հնարավոր ու անհնար գյուղերը:
Լայնամասշտաբ այդ «ներդրումային» ծրագրերի դիմաց վճարեցին ու վճարելու են սպառողները: Ոչ մի պատասխանատու չինովնիկ չիջավ տնտեսական նպատակահարմարության հաշվակի մակարդակի: Ոչ ոք հաշվի չառավ, որ գյուղական բնակչության ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ օգտվել ու վճարել մատակարարվող գազի դիմաց: Թանկարժեք գազատարները, բաշխիչ կայանները կառուցվեցին: Կառուցվեցին ու պարապուրդի մատնվեցին: Որովհետև գյուղական բնակչության մեծ մասն աղքատության պատճառով շարունակեց «պապենական» վառելիքը` աթարը վառել: Թանկարժեք այդ ավանտյուրայի վարձն, իհարկե, ներառված էր տնտեսությանն ու բնակչությանը մատակարարվող գազի սակագնում:
Ճիշտ այնպես, ինչպես միջինը մոտ 43 հազար դոլար արժեցող այն 10 ավտոմեքենաների գինը, որոնք «ՀայՌուսգազարդը» պատրաստվում է ձեռք բերել: Ձեռք բերել` որպես ներդրում: Սակագնային հանձնաժողովը վստահաբար այդ փաստը հենց այդպես էլ կգնահատի: Պետական չինովնիկներն, իհարկե, կթաքցնեն իրենց ուրախությունը սակագնի բարձրացման առիթով: Դա նրանց հնարավորություն կտա առանց լրացուցիչ ջանքի ահագին բյուջետային մուտքեր ապահովել:
Ավելացված արժեքի հարկի 20 տոկոսանոց դրույքաչափը նրանց այդ հնարավորությունը կտա: Եթե մեկ խորանարդ մետրի արժեքը, ասենք, 5 դրամով բարձրանա, դրանից 1 դրամը բյուջեինն է: 10 դրամի դեպքում` 2 դրամը, և այդպես շարունակ: Ահա թե ինչու է մեր կառավարության թաքուն համաձայնությամբ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն անգամ ընդունում սակագնի աճի համարյա բոլոր առաջարկները:
Հնարավոր բոլոր բնական մոնոպոլիստներից: Անցած շաբաթվա գազավատի մաս կազմեցին նաև մամուլում հրապարակված բնակչության բողոքները գազի որակի մասին ու «ՀայՌուսգազարդի» պատասխանը: Պատասխան, ուր ասվում էր, որ այդ համատեղ ու հարգարժան գրասենյակը լիցենզավորված լաբորատորիա ունի: Ունի ու ինքն է ստուգում իր մատակարարած գազի որակը:
Ինքը ստուգում ու, բնականաբար, գոհ է մնում իր աշխատանքի որակից: Այ այսպիսի խորիմաստ պատասխան, որի ճշմարտության վրա կասկածելը չկամության պես բան կարելի է որակել: Վերջին տարիներին մենք մեր սոցիալ-տնտեսական կյանքը հնարավոր բոլոր ոլորտներում համեմատում ենք Վրաստանի հետ: Ամեն անգամ համեմատությունը մեր օգտին չէր, բայց դա դրական արդյունք էր տալիս:
Մեր իշխանությունները թասիբի էին ընկնում ու փորձում էին ետ չմնալ իրենց վրաց գործընկերներից: Նրանք, ովքեր վերջին տարիներին թեյնիկով ջուր են եռացրել Վրաստանում, հստակ կասեն, որ վրացական գազն ավելի որակյալ է: Մինչդեռ, ի տարբերություն որակի, սակագները համամասնական են: Առայժմ, իհարկե, համամասնական են: Եկող տարվանից մենք ավելի շատ ենք վճարելու: Ահա այսպիսի տխուր գազավատ` տնտեսության ու բնակչության համար: