Բաժիններ՝

Հիպոտոնիա՝ բուժվե՞լ, թե՞ չբուժվել

Հիպոտոնիան կամ, այլ կերպ, զարկերակային հիպոտենզիան` դա կայուն արյան ցածր ճնշում է` մոտ 60-65/90-95։

Նման վիճակը հաճախ բնորոշ է բարձր լեռնային վայրերում, արևադարձային կլիմայական գոտիներում ապրող մարդկանց և բարձրակարգ մարզիկներին։ Այս դեպքում հիպոտոնիկ վիճակը կայուն է, երբեմն` նաև դարձունակ։
Հիվանդության նման ընթացքն ախտորոշվում է` որպես առաջնային հիպոտենզիա, հիմնականում կրում է ժառանգական բնույթ, ի տարբերություն հիպերտոնիայի` չի առաջացնում վտանգավոր պաթոլոգիական փոփոխություններ օրգանիզմում։ Որոշ բժիշկներ նույնիսկ համարում են, որ առաջնային հիպոտոնիան հիվանդություն չէ. այնուամենայնիվ քնկոտությունը, ընդհանուր թուլությունը, հաճախ կրկնվող գլխապտույտը, գլխացավերը, ստամոքսի խանգարումը, կախվածությունը եղանակային փոփոխություններից և մագնիսական դաշտի փոփոխություններից զգալիորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա։

Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ հիպոտոնիան այնուամենայնիվ պետք է վնասազերծել։

Երկրորդական` ձեռքբերովի հիպոտոնիայի պատճառները շատ են` սթրես, հոգեբանական ապրումներ, մինչև վերջ չբուժված ինֆեկցիոն հիվանդություններ, ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոց, ներքին կամ արտաքին արյունահոսությունների հետևանքով առաջացած արյան քանակի զգալի նվազում։

Կարդացեք նաև

Երկրորդական հիպոտոնիայի առաջացման պատճառ է դառնում ոչ ճիշտ սնվելը, մեր օրերին մոդայիկ դարձած միզամուղ թեյերի չարաշահումը։

Հիպոտոնիան առավել հաճախ է ախտորոշվում ստեղծագործ աշխատանքով զբաղվող միջին տարիքի կանանց, հղիների, դպրոցական տարիքի երեխաների մոտ։
Մեր նպատակն է` ծանոթացնել ընթերցողներին այն սակավաթիվ խոտաբույսերի հետ, որոնք խորհուրդ է տրվում կիրառել հիպոտոնիայի դեպքում, նաև, թե ինչպես պետք է սնվել, և որքան կարևոր է ջրային բալանսի պահպանումն օրգանիզմում։

Ըստ տեսության, հիպոտոնիայով հիվանդի սննդակարգը պետք է տրամագծորեն տարբերվի հիպերտոնիկի սննդակարգից` հատկապես հիպոտոնիայի որոշ դեպքերում կարելի է ավելացնել օգտագործվող աղի չափաբաժինը մինչև 15 գ` մեկ օրվա ընթացքում. դա պետք է նշանակվի բժշկի կողմից։
Որոշ հիվանդների վիճակը թեթևացնում է առավոտյան խմած 1 գավաթ սուրճը, թունդ թեյը, սև շոկոլադի ոչ մեծ սալիկը, քանի որ երբեմն նկատվում է նաև շաքարի տոկոսի իջեցում արյան մեջ` հիպոկլեմիա։

Օգտակար է մեղվակաթը` խորհուրդ է տրվում օգտագործել 2-ական գրամ դեղահաբ, օրը 3-4 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ` մեղրի հետ։ Քչերին է հայտնի, որ մեղվակաթ է պարունակում նաև այն պաշտպանիչ շերտը, որով մեղուները զմռսում են շրջանակի մեջ գտնվող մեղվահացի զանգվածը։
Տնային պայմաններում առավել արդյունավետ միջոցներ են համարվում հում կարմիր բազուկի հյութը.

  •   Խմեք 50-100-ական մլ` օրը 2 անգամ. նախօրոք 1 ժամ թրմեք սառնարանի մեջ` փակ տարայում։ Շարունակեք 1 շաբաթ և կրկնեք անհրաժեշտության դեպքում։

Օգտակար է կարմիր թութը և դրանից պատրաստված դոշաբը, որը նաև լավացնում է սրտի աշխատանքը, ինչը նույնպես կարևոր է հիպոտոնիկ հիվանդի համար։
Հիպոտոնիայով հիվանդը շատ զգայուն է դիրքի փոփոխության հանդեպ և առավոտյան արթնանալիս` պետք չէ, որ միանգամից կանգնի. օգտակար կլինի շնչել 1-2 կաթիլ եթերային յուղի բուրմունք։ Սուրճի հետ պետք է զգուշաբար վերաբերվել` այն կարող է նաև քնկոտություն առաջացնել։

Հիպոտոնիայի դեպքում խորհուրդ են տրվում հետևյալ բույսերից ստացված եթերային յուղերը` մեխակ, խորդենի, կոճապղպեղ, զոպա, նոճի, դարչին, գիհի, դաղձ, ուրց, վարդ, հազրեվարդ, հազարտերևուկ, եղեսպակ։
Հիպոտոնիայի սուր նոպաների դեպքում շատ օգտակար են կետային մերսումները. նման կետերը գտնվում են`

  • Դաստակի և բութ մատի միացման հատվածի արտաքին և ներքին կողմերում,
  • ծոծրակի վրա` մազերի աճման գծից մոտ 3 սմ դեպի վեր,
  •   վերին շրթունքի փոսիկի մեջ,
  •   ականջների բլթակի վրա,
  • ոտնաթաթերի և ջիլերի հատման հատվածներում, և այլն։

Մերսում. Խառնեք 2-3 կաթիլ` ձեզ համար նախընտրելի եթերային և մի քանի միլիլիտր բուսական յուղերը և կատարեք կետային մերսումներ։ Մերսման տևողությունը պետք է լինի 1-2 րոպե։

Օգտակար է ծամել և հետո կուլ տալ` ջղախոտի` եզան լեզու, սպանախի, կաղամբի տերևներ և այլն, քանի որ հիպոտոնիկ հիվանդի մարմնի ջերմությունը երբեմն 36,6-ից ցածր է լինում, իսկ առաջարկվող գործողությունները նպաստում են ջերմության բարձրացմանը։ Մենք նկատի ունենք նաև մերսումները։
Խորհուրդ է տրվում նաև երբեմն օգտագործել մի փոքր կոնյակ` թեյի հետ, կամ 50 մլ կարմիր գինի` սնվելուց 10-15 րոպե առաջ։ Գինին կարելի է փոխարինել լոռամրգի կամ հապալասի քաղցր ոգեթուրմով։

  • 400 մլ ծավալ զբաղեցնող հատապտղին շերտերով ավելացրեք 200 գ շաքարավազ, իսկ 24 ժամ հետո` նաև 500 մլ օղի։ Երեք շաբաթ թրմեք մութ, հով տեղում։ Խմեք 30-ական մլ` օրը 2 անգամ, սնվելուց առաջ։

Հիպոտոնիայում հիվանդների համար կարևոր է պահպանել հետևյալ «ոսկի օրենքը»` այն սնունդը, որ ձեզ անհրաժեշտ է օրվա ընթացքում, կերեք հնարավորինս փոքր չափաբաժիններով` այսինքն` ոչ թե 3, այլ 5-7 անգամ, պահպանելով անհրաժեշտ կալորիաների, նաև ճարպերի, սպիտակուցի, ածխաջրերի, վիտամինների, հատկապես B խմբի, C, ռուտինի և այլ օգտակար նյութերի քանակը։ Օգտակար է երկաթ պարունակող սնունդը` տավարի լյարդ, ընկույզ, սպանախ, խնձոր, նուռ, հնդկացորեն։ Առավոտյան կերեք մի քանի պնդուկ, այն կնպաստի կալցիումի յուրացմանը։

Անչափ կարևոր է աղիների միկրոֆլորայի վիճակը. հիպոտոնիկների մոտ հաճախակի են իրար հաջորդող փորկապությունը և լուծը` օգտակար են կաթը, թթվակաթնային մթերքները, մեր հրաշալի «Նարինեն», կենդանի, թարմ յոգուրտները, և այլն։

Այս հիվանդության դեպքում անչափ կարևոր է պահպանել օրգանիզմի ջրային բալանսը, վտանգավոր է խմել միզամուղ` այդպես կոչված` նիհարեցնող թեյեր, եթե նկատվում է քաշի ավելացում։

Նման թեյերը չեն այրում ճարպերը և չեն կանխարգելում ածխաջրերի փոխակերպումը ճարպի։

Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում լուծել 4-5 գ աղը 400 մլ ջրի մեջ և խմել օրվա ընթացքում, կամ սնվելուց կես ժամ հետո խմել 200 մլ ջուր և լեզվի տակ դնել 1-2 գ աղ։

Հիպոտոնիան դա այն վիճակն է, երբ մարդն ինքը պետք է որոշի, թե որ դեղաբույսերն են իրեն օգտակար, հետևի սննդին և օրգանիզմի ջրային բալանսին։ Նույն բուսական թուրմը, եփուկը, ոգեթուրմը խմեք 28 օր և հետևեք, թե ինչ ազդեցություն է թողնում այն ձեր օրգանիզմի վրա։ Կարևոր է բժշկի խորհուրդը և հսկողությունը։

  •   1 ճ/գ անմեռուկ ավազայինի չոր խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս։
  • Խառնեք 2-ական թ/գ մորու տերև և մասրենու պտուղ, 3-ական թ/գ կեչու տերև և սրոհունդի խոտ, 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
  • Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ խնկեղեգի կոճղարմատ, գիհու պտուղ, բերենիկե բժշկականի (Veronica) խոտ, եղերդակի ծաղիկ, գետնամորու տերև, 2-ական թ/գ քաշմ բժշկականի արմատ, հազարտերևուկի, սատապ հոտավետի (Ruta graveo) խոտեր, մասուրի պտուղ և 7 թ/գ սրոհունդի խոտ։ 2 ճ/գ հումքը 10 րոպե եփեք 1 լ եռջրում` ջրային բաղնիքի վրա։

Եփուկը տեղափոխեք ջերմապահի մեջ, 10 ժամ թրմեք, քամեք։ Հումքը մզեք։ Խմեք 100-150 մլ` օրը 3-4 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Քաղցրացրեք մուրաբայով։

  • Խառնեք 1-ական թ/գ դաղձի տերև, կղմուխի արմատ, 2-ական թ/գ գետնամորու, եղինջի, հաղարջենու տերևներ, ձիաձետ դաշտայինի խոտ, 4-ական թ/գ կեչու տերև, բերենիկե բժշկականի խոտ, խատուտիկի արմատ, 6-ական թ/գ մասրենու պտուղ, 10-ական թ/գ կառ փշոտի (onopordon acanthium) ծաղկազամբյուղ։ Պատրաստեք և խմեք` ինչպես նշված է նախորդ դեղատոմսում։
  •   1 թ/գ կառ փշոտի ծաղկազամբյուղը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, մզեք։ Խմեք 30-ական մլ թուրմ` օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վիճակի բարելավում։
  • Խառնեք 1-ական ճ/գ փոշիացրած եղերդակի արմատ և վարսակ, 2 ժամ թրմեք 500 մլ եռջրով` ջերմապահում, քամեք։ Խմեք 60-70 մլ` սնվելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
  •   2 ճ/գ մանրացրած գորտնուկաբույսը (Sedum acre) 10 րոպե եփեք 500 մլ եռջրում, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։

Զգուշացում։ Խստորեն պահպանեք պատրաստման և ընդունման չափաբաժինները։

  • Մանրացրեք, խառնեք 1 թ/գ խնկեղեգի արմատ, 2-ական թ/գ վերբենայի տերև, օրոճ (Genista) ներկատուի, դաղձի, մատիտեղ թռչնի խոտեր, 3-ական թ/գ ջղախոտ մեծի տերև, 4-ական թ/գ ապուզան նեղատերևի, խնկածաղկի և 5 թ/գ սրոհունդի խոտեր։ 3 ճ/գ հումքը 12 ժամ թրմեք 1 լ եռջրով ջերմապահում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
  • Խառնեք 1-ական թ/գ կղմուխի արմատ, դաղձի տերև, 2-ական թ/գ խատուտիկի արմատ, եղինջի, ձիաձետի, 3-ական թ/գ բերենիկե բժշկականի խոտեր, գետնամորու, հաղարջենու և կեչու տերևներ, 5 թ/գ կառ փշոտի զամբյուղիկ, 6 թ/գ մասուրի պտուղ։ 3 ճ/գ հումքը 12 ժամ թրմեք 1 լ եռջրով` ջերմապահում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց 20-40 րոպե առաջ։
  •   Խառնեք 1-ական թ/գ զոպա բժշկականի, պատրինջի, սատապ հոտավետի (Ruta g.), հազարտերևուկի և 2 թ/գ խնկածաղիկ սովորականի խոտերը։ 3 ճ/գ հումքը 12 ժամ թրմեք 1 լ եռջրով` ջերմապահում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
  • Խառնեք 1-ական ճ/գ կատվախոտ, 1,5 ճ/գ գայլուկի կոն, 3 ճ/գ առյուծագի խոտ։ 1 ճ/գ հումքը 40 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։
  • Խառնեք 1-ական թ/գ գետնամորու, սպիտակ ճագոմի, օշինդր սովորականի խոտերը, 5 թ/գ ալոճի պտուղներ։ 2 ճ/գ հումքը 6 ժամ թրմեք 700 մլ եռջրով` ջերմապահում, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
  • Տարայի մեջ լցրեք կիտրոն չինականի պտուղներ, ավելացրեք օղի (1։3), թրմեք 10 օր` հով տեղում։ Խմեք 10-15 կաթիլ, առավոտյան` 50 մլ ջրի հետ, մինչև սնվելը։
  • 1 թ/գ կիտրոն չինականի չոր տերևը թրմեք ինչպես թեյը` 200 մլ եռջրում։ Խմեք օրվա առաջին կեսին։
  •   2 ճ/գ կիտրոն չինականի սերմերը 2 շաբաթ թրմեք 70 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 2-3 անգամ, սնվելուց առաջ, 30 մլ ջրով։ Շարունակեք 2 շաբաթ։
  • 1 ճ/գ ռոդիոլա վարդագույնի (Rodiola rosea) մանրացրած կոճղարմատը 10 օր թրմեք 100 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 5-10 կաթիլ` օրը 3 անգամ, սնվելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 20 օր։
  • 1 ճ/գ մանրացրած արալիա մանջուրականի արմատը 7 օր թրմեք 50 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 2 անգամ (առավոտյան և կեսօրին), սնվելուց 20 րոպե առաջ` 50 մլ ջրով։ Շարունակեք 1 ամիս։

Զգուշացում։ Երեկոյան չխմե՛լ, քանի որ կառաջացնի անքնություն։

  • 2 թ/գ սրոհունդի ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Ի դե՛պ, դեղն օգտագործելիս զգուշացեք արևի ճառագայթներից։

Զգուշացում։ Սրոհունդը հակացուցված է հիպերտոնիկներին։ Հիպոտոնիայի, ինչպես նաև այլ հիվանդությունների բուժումը կատարեք միայն բժշկի հսկողությամբ։

  •   Պահեք մի քանի վայրկյան տարկավանի (Tnacetum) ծաղկաբույլերը եռջրի մեջ, փափկելուց հետո բույսով շփեք մարմինը։ Ակտիվացնում է արյան շրջանառությունը։
  • Խառնեք կեսական թ/գ տարկավանի չոր ծաղիկ, կղմուխի արմատ, 90 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց 2 ժամ առաջ։

Զգուշացում։ Բույսի օգտագործումը հակացուցված է հղիներին և մինչև 16 տարեկան երեխաներին։

  •   1թ/գ ժենշենի (Panax) մանրացրած արմատը 2 շաբաթ թրմեք 500 մլ 40 տոկոսանոց սպիրտի մեջ, քամեք։ Խմեք 1թ/գ` առավոտյան, նախաճաշելուց 30-40 րոպե առաջ։ Եթե 1 շաբաթ անց չօգնի հիվանդությանը, ապա չափաբաժինը դարձրեք 2 թ/գ, երբ զգաք առողջության բարելավում` ոգեթուրմի օգտագործումը դադարեցրեք։

Զգուշացում։ Ժենշենի երկարատև օգտագործումն առաջացնում է անքնություն, սրտխփոց, գլխապտույտ և այլ բացասական երևույթներ։
Ժենշենը հակացուցված է բարձր ճնշման և տախիկարդիայի դեպքում, մինչև 7 տարեկան երեխաներին։ Չի կարելի օգտագործել ամռանը։

Նշված բույսերի օգտագործումը հակացուցված է հղիներին, բարձր նյարդային գրգռելիության, էպիլեպսիայի, երիկամների հիվանդությունների դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս