Բագրատյանը հայտարարում է առաջադրվելու իր մտադրության մասին
Քաղաքական անորոշությունը շարունակվում է. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր մեջ որոշել է, թե ինչ պետք է անի, բայց չի ասում, իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի որոշել, թե ինչ է անելու, քանի որ սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել, որ առաջադրվելու է, Լևոն Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ ԲՀԿ առաջնորդը կաջակցի իրեն, իսկ այդ դեպքում ինքն անպայման կառաջադրվի:
ԲՀԿ վերնախավի տեսակետը, որը պահանջում է, որ Ծառուկյանն առաջադրվի, հաշիվ չէ. Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում են, որ շեֆին Մոսկվայից խոստացել են, որ Ծառուկյանն անպայման աջակցելու է իրենց թեկնածուին: Իսկ Մոսկվայի նկատմամբ հավատը մեր քաղաքական գործիչների մոտ անխախտ է: Բայց ՀԱԿ-ում ոչ բոլորն է, որ սպասում են Մոսկվայի հետագա ցուցումներին, և ինքնուրույնություն են դրսևորում:
Մեր ունեցած տեղեկություններով` ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներքին շրջանակներում արդեն տևական ժամանակ հայտարարում է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ինքը միանշանակ առաջադրելու է իր թեկնածությունը: Ավելին, ըստ մեր աղբյուրների, Բագրատյանը գրեթե մեկ ամիս առաջ այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրան տեղեկացրել իր մտադրության մասին:
Հ. Բագրատյանը Տեր-Պետրոսյանին ասել է, որ խորհուրդ չէր տա նրան առաջադրվել, քանի որ այսօր քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Տեր-Պետրոսյանը կարող է ակնկալել ընտրողների 1-10 տոկոսի աջակցությունը, ինչը նախկին նախագահի համար, մեղմ ասած, պատվաբեր չի լինի: Բագրատյանը Տեր-Պետրոսյանին զգուշացրել է, որ նա իր քաղաքական կարիերան կարող է ավարտել Վազգեն Մանուկյանի նման, ով, ինչպես հայտնի է, 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ ստացավ 0,9 տոկոս, այն դեպքում, երբ 1996թ. նախագահական ընտրություններում հայտարարում էր, որ հաղթել է այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Փոխարենը` Բագրատյանն առաջարկել է, որ ՀԱԿ թեկնածուն լինի ինքը, և եթե նա կարողանա ստանալ այնքան ձայն, որքան ՀԱԿ-ը ստացավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսինքն` 7 տոկոս, ապա դա կլինի այն հենքը, որի միջոցով հնարավոր կլինի մասնակցել հետագա գործընթացներին, այսինքն` մնալ քաղաքական խաղի մեջ: Տեր-Պետրոսյանը, ըստ նույն շրջանակներում քննարկվող խոսակցությունների, այս դեպքում ևս պատասխանել է, որ դեռ կա փոքր հնարավորություն, որ Գագիկ Ծառուկյանը կպաշտպանի իրեն, և ինքը կառաջադրվի, և քանի դեռ այդ տարբերակը կա, իմաստ չունի քննարկել այլ տարբերակներ:
Հետաքրքիր է, որ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ պատգամավորներին և, ոչ միայն նրանց, հայտնել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, և ՀԱԿ-ը որոշի առաջադրել այլ թեկնածու, օրինակ` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, կամ որոշում կայացնի պաշտպանել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ապա ինքը առաջադրվելու է` անկախ ՀԱԿ պաշտոնական դիրքորոշումից:
Հ. Բագրատյանը մեկն է ՀԱԿ այն անդամներից, ովքեր դեմ են, որ ՀԱԿ-ը դառնա ԲՀԿ կցորդ, բայց գերադասում են դրա մասին հրապարակայնորեն չխոսել, քանի որ դա կարող է առաջացնել Տեր-Պետրոսյանի դժգոհությունը, ով, ինչպես հայտնի է, հայտնի «քաղաքագիտական վերլուծության» հեղինակն է: Բայց նույնիսկ այն մտադրությունը, որ Հրանտ Բագրատյանը համարձակվել է ինքնուրույնություն դրսևորել և հայտարարել, թե Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում ինքն առաջադրվելու է, բավարար է, որ ՀԱԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ նրան հռչակեն իշխանության գործակալ: ՀԱԿ որոշ անդամներ պնդում են, որ եթե Հրանտ Բագրատյանը որոշել է առաջադրվել, ապա դա արվում է նախագահական նստավայրի ցուցումով և նույնիսկ հովանավորությամբ, քանի որ այդ հայտարարությունները պառակտում են ՀԱԿ-ը: ՀԱԿ-ի միասնության բանաձևն այսօր հետևյալն է. Լ.Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, նրան այլընտրանք չկա:
Եթե Բագրատյանը հայտարարում է, որ ինքը Տեր-Պետրոսյանի այլընտրանքն է, ապա նա դեմ է վերոնշյալ բանաձին, ինչից էլ հետևում է, որ նա պառակտում է ՀԱԿ-ը:
Ստացվում է, որ ՀԱԿ-ը բաժանվել է երկու մասի. մի մասում ԲՀԿ-ամետ գործիչներն են, որոնք կողմ են ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, բայց այն իմաստով, որ այդ համագործակցության արդյունքում ԲՀԿ-ն պաշտպանի իրենց թեկնածուին և ոչ թե` հակառակը:
Նրանք ակտիվորեն հանդիպում են ԲՀԿ ներկայացուցիչների հետ, քաղաքական կոնսուլտացիաներ են կազմակերպում, համատեղ արտահերթ նստաշրջան հրավիրում: Բայց ոչինչ չեն կարողանում ասել, երբ քննարկվում է այն տարբերակը, ըստ որի` ԲՀԿ-ն որոշում է հանդես գալ սեփական թեկնածուով: Նրանք ընդամենն ասում են, որ պետք է սպասել Գագիկ Ծառուկյանի որոշմանը:
Ենթադրենք` Գագիկ Ծառուկյանը առաջադրման ժամկետի վերջին օրն է հայտարարում իր որոշման մասին: Այդ ժամանակ էլ պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: Ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, կամ ո՞ւմ է պաշտպանելու. այս հարցի պատասխանը ՀԱԿ-ում չունեն, և նման դեպքերի համար ասում են, որ պետք է առաջնորդվել լավատեսական սցենարով, այսինքն` հավատալ, որ Մոսկվան` այնուամենայնիվ, իրենց կօգնի:
Մյուս կողմում Բագրատյանն է, և հնարավոր է` Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը և այն գործիչները, ովքեր վերջին մի քանի ամիսների ընթացքում հրապարակայնորեն դեմ կամ կիսադեմ են արտահայտվել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կամ առնվազն կասկածի են ենթարկել այդ համագործակցության արդյունավետությունը, ԲՀԿ-ի անկեղծությունը և այլն:
Այս ուժերը միմյանց փոխադարձաբար մեղադրում են ծախվածության մեջ. առաջինները, ըստ երկրորդների, փող են վերցնում Ծառուկյանից, որպեսզի սատարեն նրան, երկրորդները, ըստ առաջինների, փող են վերցնում նախագահականից, որպեսզի վիժեցնեն ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Որովհետև, եթե Հրանտ Բագրատյանն առաջադրվի, ապա ՀԱԿ-ի որոշումը` պաշտպանել ԲՀԿ ղեկավարին, կարժեզրկվի, կարժեզրկվի այնքանով, որ ՀԱԿ էլեկտորատի մի մասը, հնարավոր է` զգալի մասը, անցնի Բագրատյանի կողմը:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, ապա ՀԱԿ-ի պառակտումը երկու թշնամական ճամբարների անխուսափելի է, և այդ դեպքում նրանց միջև հակամարտությունը կստանա բաց և հրապարակային բնույթ: Միակ փրկությունը, այսինքն` թշնամանքի սառեցումը կարող է լինել այն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, և նա առաջադրվի: Բայց այս տարբերակը առայժմ մնում է ֆանտաստիկ ժանրի ոլորտում:
«168 ԺԱՄ»