Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը ICAPP-ին
Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում ընդունված՝ «Բաքվի հռչակագրի» կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 25-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահի կողմից պաշտոնական բողոքի նամակ է ուղարկվել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային և Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաև Ասամբլեայի մասնակից պատվիրակներին` ի գիտություն:
Նամակում պրն Հովհաննիսյանը պաշտոնապես եւ գրավոր ձեւակերպել է իր բանավոր դիտողությունները, որ հայտնել է Ասամբլեայի եզրափակիչ նիստի ընթացքում և ավարտից հետո, որոնցից շատերն անլսելի են դարձել դահլիճի բարձրացրած աղմուկի պատճառով: Նամակում ներկայացնելով, որ ոչ թե ընդունվել է, այլ զեղծարարությունների և քվեարկության կամ պահանջված կոնսենսուսի բացակայության պատճառով, ըստ էության (de jure), ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ Բաքվի հռչակագիրը, պրն Հովհաննիսյանը մասնավորապես արձանագրել է.
«Այն պարտադրվել է Ասամբլեայի պատվիրակներին` նրանց իրավունքների և արժանապատվության աղաղակող անտեսմամբ, միտումնավոր ոտնահարելով կազմակերպության ընթացակարգերը, որոնք պահանջում էին.
ա) փաստաթղթի ընդունում կոնսենսուսով (առնվազն ես հրապարակայնորեն և վստահաբար առարկել եմ փաստաթղթին), և բ) վերջնական նախագծի բաժանում բոլոր պատվիրակներին՝ եզրափակիչ նիստից առաջ (ինչը դիտավորյալ չարվեց): Հռչակագիրը պարտադրվեց, ինչպես երեւաց, կանխակալ դավադրությամբ (առնվազն Պակիստանից բարձրաստիճան սենատորի կողմից, ով գլխավորում էր նախագծի մշակման հանձնախումբը և տեղյակ էր, որ ես, համաձայն կազմակերպության ընթացակարգերի, պահանջել եմ նախապես ծանոթանալ Հռչակագրի նախագծին և արտահայտվել դրա վերաբերյալ, եթե պարզվի, որ այն միակողմանի է, հատվածական և/կամ ոչ ճշմարիտ) և լուռ թողտվությամբ (Դուք երկուսդ անվրդով նստել էիք մինչ ադրբեջանական պատվիրակությունը եւ բանաձեւի նախագիծը մշակող սենատորը, ԱՔԿՄՀ-ի կանոնների և ընթացակարգերի խախտումներով, առաջ էին շարժվում)»:
Վերջին պահին Հռչակագրում ավելացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարբերության առնչությամբ պրն Հովհաննիսյանը գրել է.
«Կոնսենսուս չկար. օրենքի գերակայությունը ծաղրի ենթարկվեց օրը ցերեկով, և ինչն ավելի վատ էր՝ փաստաթղթի «վերջնական» տեքստը ներառեց Լեռնային Ղարաբաղին առնչվող բաժին, որը գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի, որը ոչ միայն կեղծ էր ու յուրաշահ, այլև զորակցեց Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությանը և բռնության խթանմանը (արտահայտված բռունցքներով հարվածելու հետամնաց դրսեւորումներով, որի մասին մենք բոլորս կարող ենք վկայել)` փոխանակ խաղաղությանը, անվտանգությանը եւ հաշտեցմանը ծառայելու: Ինչպիսի հեգնանք»:
Իբրև հակազդեցություն կատարվածի՝ պրն Հովհաննիսյանը ICAPP ղեկավարներից պահանջել է.
«Ես սույնով պահանջում եմ, որ Դուք ճիշտ գործ անեք, ուղղեք ձեր սխալը եւ անվավեր համարեք «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպես նաև դրա հրապարակումը` անհապաղ ու ամբողջապես:
Եթե դա չարվի, ապա եթե անգամ ոչ մի այլ բարեխիղճ պատվիրակ պաշտոնապես չարտահայտի իր բողոքը, ես պահանջում եմ, որ դուք հանեք «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
27 նոյեմբերի 2012թ., Երևան: