
Աղբային վիճակագրություն

ՀՀ յուրաքանչյուր բնակչի մեկ տարվա կտրվածքով բաժին է ընկնում շուրջ կես խորանարդ մետր կոշտ կենցաղային աղբ։ Ի դեպ, սա այն եզակի ցուցանիշներից է, որոնց պարագայում վերջին տարիների կտրվածքով կայուն աճ ունենք։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Կենցաղային աղբույսներ (թափոնակուտակիչներ) տեղափոխած կոշտ կենցաղային աղբի ծավալը 2007թ. կազմել է 1449.1 հազար խմ, իսկ 2011թ.՝ 1615.8 հազար խմ։ Աճը՝ 11.5%։
Մնում էր աղբի ծավալով պարծենայինք՝ կասեն ոմանք։ Իրականում՝ աղբի ծավալով պարծենալ հնարավոր է։ Որքան շատ է կենցաղային աղբը, նշանակում է՝ այնքան շատ նյութակական բարիքներ է սպառել բնակչությունը։ Իսկ որքան շատ է սպառել, այնքան բարձր է բարեկեցությունը։ Սակայն այս դեպքում պաշտոնական աղբավիճակագրության մեջ մի զարմանալի պարադոքս է նկատվում։ Տեղափոխված կենցաղային աղբի ծավալով ռեկորդային է եղել 2009 թվականը՝ ճգնաժամի տարին։ 2009թ. այդ ցուցանիշը կազմել է 1643.7խմ։ Մինչդեռ դրանից առաջ և հետո՝ 2008 և 2010թթ., համապատասխանաբար, 1543.5 և 1528.3 հազար խմ։ Ստացվում է, որ ճգնաժամային տարում մարդիկ ավելի շատ նյութական բարիքներ են սպառել։ Թեպետ, կարելի է մեկ այլ բացատրություն էլ բերել՝ մենք սկսում ենք «զիբիլ» սպառել՝ էժան և անորակ ապրանքների տեսքով։ Որոնք շատ արագ հայտնվում են աղբատար մեքենաների թափքում։