Ձոն առ կառավարություն
Հիմա ամենամոդայիկ թեման կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս հարցում մենք նույնիսկ Ռուսաստանից առաջ անցանք: Մեր իշխանությունները մի քանի շաբաթ ավելի շուտ սկսեցին բյուջետային միջոցների յուրացման դեպքերի բացահայտումները: Վերահսկիչ պալատի թեթև ձեռքով: Հանրային փողերի յուրացման ու ոչ արդյունավետ տնօրինման դեպքեր որ ոլորտում ասես չգտան: Ամեն ինչ սկսվեց, կարծեմ, ոչ այնքան հանրային համարվող փողի լվացման դեպքից: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեղադրվեց հասարակական կազմակերպության փողերի ոչ այն է` յուրացման, ոչ այն է` լվացման մեջ: Ու հետո սկսվեց:
Սկսվեց նախ` առողջապահության ոլորտի, հետո` Կենսաթոշակային հիմնադրամի միջոցների յուրացման փաստերի հրապարակման շքերթը: Եղան մարդիկ, ովքեր իշխանությունների այս նորօրյա հայրենանվեր ձեռնարկի հիմքում քաղաքական ենթատեքստ տեսան: Նրանց կարծիքով նախագահական ընտրությունների շեմին իշխանությունները պարզապես քարոզարշավ են սկսել: Բայց դա, կարծես, այդքան էլ կարևոր չէ: Կոռուպցիայի դեմ պայքարում պետությունն ու ժողովուրդն են շահողը: Եթե անգամ այդ պայքարը նախընտրական խաղերի շրջանակում է բեմադրվում:
Կարևորը` յուրացնողներին պատասխանատվության կանչելն է ու յուրացված միջոցները պետբյուջե վերադարձնելը: Գոնե մասամբ վերադարձնելը: Մինչև նախագահական ընտրություններ դեռ ահագին ժամանակ կա: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի ինքնաբուխ ձգտումը մեր իշխանությունների մոտ կարծես արդեն սառել է:
ինչդեռ ամեն ինչ ոգևորիչ էր: Հիշո՞ւմ եք, թե ինչ հրճվանքով էին պատասխանատու լրատվամիջոցները հրապարակում պետական միջոցների յուրացման ամենափոքր փաստն անգամ: Ամենաազդեցիկներից մեկը կապված էր Գյումրիի նախկին քաղաքապետի անվան հետ:
Համարյա երդվյալ հանրապետական այդ գործիչն ինչ-որ պատճառով ընկել էր հարազատ կուսակցության առաջնորդների աչքից: Բայց հավանաբար, ոչ այնքան, որ նրա 14-ամյա գործունեությունը քննության արժանանար: Խոսվեց ընդամենը այն մասին, որ նախկին քաղաքապետը չարաշահելով իր լիազորությունները` ընդամենը 100 հազար դրամով հարազատ եղբորն էր սեփականաշնորհել «Չայկա» մակնիշի ավտոմեքենա: Հետո ամեն ինչ կտրուկ շրջվեց: Նախկին քաղաքապետի հետախուզման տակ գտնվող որդին վերադարձավ: Վերադարձավ ու չձերբակալվեց:
Իշխանությունները դադարեցրեցին նախկին քաղաքապետի գործունեության մասին կրիմինալ տեղեկատվության արտահոսքը:
Որովհետև նման դեպքերի բացահայտումն առաջին հերթին հակասում է իշխանությունների շահերին: Մեր իշխանությունները առաջվա նման, իհարկե, շարունակում են կոռուպցիայի դեմ խոսել: «Տարիների ընթացքում ես դադարեցի հետևել մարդկանց խոսքին: Հիմա ես միայն նրանց արարքներին եմ հետևում»,- սիրում էր կրկնել է Էնդրյու Կարնեգին: Ամերիկյան պողպատաձուլության հայրը, որ նաև ֆիլանտրոպի համբավ ուներ, որպես մուլտիմիլիոնատեր գործարար` լավ գիտեր մարդու խոսքի ու գործունեության տարբերության չափը:
Հատկապես` իշխանության մաս կազմող մարդու խոսքի ու գործունեության տարբերությունը: Իմ կարծիքով` Վարդան Ղուկասյանի հանդեպ իշխանությունների վերաբերմունքի կտրուկ փոփոխությունն իր օբյեկտիվ պատճառներն ունի: Եվ շատ նյութական պատճառ ունի: Մեր կառավարությունը, պարզվեց, որ ինքն է գնում Ղուկասյանի «նվիրական ոտնահետքերով»:
Այսինքն` պատրաստվում էր նույնքան անհեթեթ, այսինքն` էժան գնով ավտոմեքենաներ սեփականաշնորհել: Պատրաստվում էր և իրագործեց: Պետական գույքի կառավարման վարչությունը մեկ քաղաքացու է վաճառել 53 ավտոմեքենա: Նույնիսկ կիսապաշտոնական տեղեկատվությունը չի թաքցնում, որ մեքենաների կեսից ավելին վաճառվել է 15-35 հազար դրամով: (Հետաքրքի՞ր է` մետաղի ընդունման կետերը մեկ ու կես տոննայանոց «Գազ-31 ավտոմեքենային 15 հազար դրամից ավելի չէին վճարի): Ամենաթանկը վաճառվել է ԴՏ-75 մակնիշի տրակտորը` 310 հազար դրամով:
Ռուսաստանյան արտադրության այդ մակնիշը մինչև հիմա արտադրության մեջ է: Կառավարության վաճառածն, իհարկե, նոր չէ: Բայց ռուսական կայքերում կարելի է գտնել դրանց վաճառքի գինը: Օրինակ` կայքերից մեկում 1989 թ. արտադրության այդ տրակտորի դիմաց սեփականատերը պահանջում է մոտ 5000 դոլար: Իսկ մեր հարազատ կառավարությունն այն թույլատրել է մի քանի անգամ ավելի էժան վաճառել: Դժվար է Վ. Ղուկասյանի և մեր հարազատ կառավարության ու նրա մաս կազմող կառույցի գործունեության մեջ որևէ տարբերություն նկատելը: Սա, հավանաբար, գիտեին կառավարությունում: Գիտեին ու դադարեցին աղմկել էժան սեփականաշնորհված «Չայկայի» պատմության շուրջ:
Ես, իհարկե, չեմ հանդգնի պնդել, որ մեր իշխանությունները մոտ ապագայում կդադարեն խոսել կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղելու անհրաժեշտության մասին: Իհարկե չեն դադարեցնի: Նախ` ժամանակները նախընտրական են: Երկրորդ` կոռուպցիայի դեմ պայքարը մեր իշխանությունների համար վաղուց ոսկե ձվեր ածող հավի պես բան է դարձել: Իսկ խրոխտ անունով Վերահսկիչ պալատը ոչ Պետական գույքի կառավարման վարչության աշխատանքի արդյունավետությունը կստուգի, ոչ էլ կոռուպցիայի դեմ պայքարի համար ծրագրեր գրելու վարկային միջոցների արդյունավետությունը:
Եվ դա ինչ-որ իմաստով լավ է: Լավ է, որ չի ստուգի: Այլապես ստուգման արդյունքում ձոներ կգրվեին: Ձոներ առ վարչապետը և նրա հմուտ կառավարումը: Այնպիսիք, որպիսիք նույնիսկ ժողովուրդների հայր ու աշխարհի արեգակ Ստալինին չէին ձոնվում: