Բալասանյանը փոխհատուցում է պարտքը
ՀՀԿ-ԲՀԿ առևտուրը, ավելի ճիշտ` ապրանքափոխանակությունը կարելի է կայացած համարել:
Երեկ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում կայանալիք պատգամավորի թափուր տեղի ընտրություններում ինքը սատարելու է ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանին, այնպես, ինչպես Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն սատարեց Սամվել Բալասանյանին: Արդյունքում` ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի պաշտոնը փոխանակեց պատգամավորական մանդատի հետ:
Իսկ ինչո՞ւ է դրա մասին հայտարարում Սամվել Բալասանյանը և ոչ թե ԲՀԿ-ն կամ գոնե ԲՀԿ Շիրակի մարզային կառույցը: Խնդիրն այն է, որ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը Մարտուն Գրիգորյանն է, ով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Գյումրիի մեկ այլ, թիվ 36 ընտրատարածքում հաղթեց նույն Արման Սահակյանին: Եվ հաղթեց նաև այն պատճառով, որ իր համաքաղաքացիներին համոզում էր, որ չի կարելի թողնել, որ Գյումրիում պատգամավոր նշանակեն երևանցիները կամ Երևանից:
Արդյո՞ք նա կգնա իր սկզբունքին դեմ և «գործիք» կդառնա երևանցիների ձեռքին: Մեր ունեցած տեղեկություններով` Մարտուն Գրիգորյանն այս հարցում խիստ սկզբունքային դիրքորոշում ունի. նա համարում է, որ հանուն քաղաքական շահերի` չի կարելի զիջել սկզբունքները:
Կա մեկ այլ հարց ևս: Մարտուն Գրիգորյանը համարում էր, որ եթե ԲՀԿ-ն պատգամավորի մանդատը որոշել էր փոխանակել քաղաքապետի պաշտոնի հետ, ապա Գյումրիի քաղաքապետի լավագույն թեկնածուն հենց ինքն է, քանի որ դեռ 2008թ. նոյեմբերին ինքն էր որպես քաղաքապետի թեկնածու կենաց ու մահու կռիվ տալիս ՀՀԿ թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ: Բայց, չգիտես ինչ տրամաբանությամբ, Գագիկ Ծառուկյանը որոշեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը փոխել ոչ թե թիվ 36, այլ թիվ 35-րդ ընտրատարածքի պատգամավորական մանդատի հետ:
Մարտուն Գրիգորյանին, որպես փոխհատուցում, տվել են ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, բայց դա ոչ մի պարագայում չի կարելի համարժեք համարել քաղաքապետի պաշտոնի հետ: Քաղաքապետի ընտրություններում Մարտուն Գրիգորյանն աշխատում էր իր կուսակից Սամվել Բալասանյանի դեմ, որպեսզի ցույց տա, որ Ծառուկյանը սխալ ընտրություն է կատարել: Հնարավոր է, որ այս անգամ էլ Մարտուն Գրիգորյանի թիմակիցները քվեարկեն ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի օգտին:
Ընդհանրապես ԲՀԿ-ն յուրօրինակ կուսակցություն է, այնպիսի կուսակցություն, ինչպիսին ԲՀԿ-ն է, չկա և, թերևս, չի լինի ամբողջ աշխարհում: Այս կուսակցությունը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների հետ, և նրանց հետ գտնելով ծրագրային ընդհանրություններ, նույն հարցով մերժվում է իշխող ՀՀԿ-ի կողմից, ընդդիմադիր կուսակցությունների կոչով մասնակցում է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաքին, բոյկոտվելով իշխանական ՀՀԿ-ի կողմից, բայց նույն ԲՀԿ-ն կամ առանձին վերցրած մի ներկայացուցիչ հանկարծ որոշում է, որ պատգամավորական ընտրություններում պաշտպանելու է ՀՀԿ ներկայացուցչին, այն դեպքում, երբ այդ ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը:
ՀԱԿ-ում որևէ մեկը համարձակություն չի ունենա ԲՀԿ-ին մեղադրելու անսկզբունքայնության մեջ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կարող է մի կուսակցություն հայտարարել, որ մեծամասնական ընտրակարգը պետք է օր առաջ վերացնել, քանի որ այն նպաստում է երկրի ֆեոդալացմանը, իսկ այդ կուսակցության ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցեն մեծամասնական թեկնածուի քարոզարշավին, հայտարարելով, որ նա կիրականացնի կիսատ թողած ծրագրերը:
ՀԱԿ-ում նման բան չեն կարող ասել` ոչ միայն այն պատճառով, որ ՀԱԿ գոյությունը և գործունեությունը անմիջականորեն շաղկապված է ԲՀԿ բարյացակամության հետ: ԲՀԿ-ի հասցեին ցանկացած քննադատություն բացառվում է, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ն բնորոշել է ընդդիմադիր, անկախ այդ կուսակցության դրսևորած վարքագծից: Ընդդիմադիր է` անկախ նրանից, թե ում թեկնածությունն է պաշտպանում ընտրություններում: Նրանք, ովքեր դեմ կլինեն նրան, որ ԲՀԿ-ն պաշտպանի ոչ թե ՀՀԿ, այլ ՀԱԿ թեկնածուին, կհայտարարվեն իշխանության կողմից ներդրված ուժեր, ովքեր ուզում են ԲՀԿ-ին նետել Սերժ Սարգսյանի գիրկը:
Ընդհանրապես քաղաքականությունը շատ բարդ բան է, և հնարավոր է, որ մեզ` ՀՀ շարքային քաղաքացիներիս, տրված չէ հասկանալ, թե ովքեր են ընդդիմադիր և ովքեր են իշխանամետ, կամ ինչ պայմանավորվածություններ կան այդ իշխանամետների և ընդդիմադիրների միջև: Գուցե մենք չունենք մտքի այնպիսի խորություն և քաղաքական գործընթացները հասկանալու հմտություն, որպեսզի հասկանանք քաղաքական օլիմպոսում բազմածների քայլերի տրամաբանությունը:
Բայց կարծում ենք, որ նրանք պետք է մի փոքր հարգանք ունենան շարքայինների նկատմամբ, և իրենց գործողություններում հնարավորինս հետևողական լինեն: Թե չէ այլևս հնարավոր չէ հասկանալ` ո՞վ է ընդդիմադիր, կամ ո՞վ` իշխանամետ, կամ կա՞ արդյոք այս երկու հասկացությունների մեջ ինչ-որ տարբերություն: