Հայաստանը պետք է վախենա պոտենցիալ բոլոր անդամների դռները թակող Եվրասիական միությունից
«Հայաստան և Եվրասիական միություն» թեմայով այսօր կայացած սեմինար-քննարկման ընթացքում զեկույցով հանդես եկավ «Ժառանգություն» վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ մտահոգիչ է, երբ չափազանց կարևոր այս խնդիրը, որն ազդում է և ազդելու է հետխորհրդային երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա, առաջադրվում է պաշտոնական ձևաչափում, սակայն լուրջ քննարկումների է ենթարկվում միայն հիմա: Ս. Սաֆարյանը հիշեցրեց, որ, ըստ էության, Եվրասիական միության գաղափարը ՌԴ նախագահի գաղափարն է:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից դեռևս երկու տարի առաջ հրապարակված հոդվածը Եվրասիական միության առնչությամբ, վկայում է այն մասին, որ սա միանշանակ աշխարհաքաղաքական նախագիծ է, և որ ՌԴ-ն ցանկանում է իրականացնել ազդեցության գոտիների պահպանումը: «Նման նախագծով նրանք ցանկանում են ազդել հետագայում անդամ երկրների արտաքին քաղաքական կուրսի վրա, և լավագույն դեպքում դադարեցնել ընթացքը դեպի ԵՄ: Կարծում եմ՝ Եվրասիական միությունն ու ԵՄ-ն պատճենում, կրկնում են միմյանց: Այլ հարց է, թե արդյոք կհաջողվի՞ Եվրասիական միությանը լինել այդպիսին»,- ասաց նա:
Ս. Սաֆարյանն էլ նշեց, թե միանշանակ է, որ Եվրասիական միությունը փորձում է լինել այլընտրանք ԵՄ-ին: «Բայց հարց է ծագում՝ Հայաստանի դեպքում ո՞ր խնդիրներն է լուծում Եվրասիական ինտեգրացիան: Եթե այն տնտեսական և քաղաքական միություն է, ապա Հայաստանի ո՞ր խնդիրն է լուծում Եվրասիական միությունը: Այս հարցի մասին մտածելիս պետք է տարանջատենք Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Եվրասիական միություն հարաբերությունները և չդարձնենք թիվ մեկ արգումենտ, արդարացում Հայաստանի ինտեգրումը Եվրասիական միությանը, այն դեպքում երբ մենք ունենք երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություն»,- մասնավորեցրեց նա:
Ս. Սաֆարյանի պնդմամբ, ՌԴ-ն Հայաստանի համար կարևոր դաշնակից է, բայց չպետք է մոռանալ, որ Եվրասիական միության հետ կապված Ռուսաստանի հայտարարվող և չհայտարարվող նպատակները շատ քիչ առնչություն ունեն Հայաստանի շահերի ու նպատակների հետ:
Վերադառնալով այն թեզին, թե Եվրասիական միությունը փորձում է իր կառույցներով և մեխանիզմներով պատճենել ԵՄ-ին, Ստյոպա Սաֆարյանը հավելեց, թե մի կողմից կա ԵՄ, որի դռները թակում են անդամագրության համար, իսկ մյուս կողմից՝ դեռևս չկայացած միություն, որի նախաձեռնողներն իրենք են թակում պոտենցիալ անդամների դռները, համոզում երկրներին՝ անդամակցել իրենց, և սա, ըստ Սաֆարյանի, պետք է վախեցնի Հայաստանին:
Ինչ վերաբերում է նրան, թե Եվրասիական միությունը տնտեսական նախագիծ է, ապա Սաֆարյանն ասաց, թե պետք է պատկերացնենք՝ ովքե՞ր են շահ ստանալու այս միությունից, այն դեպքում, երբ երկրները ժողովրդավար չեն, տնտեսական շուկան ազատ չէ և այլն: «Տնտեսական առումով հեռանկարները փայլուն չեն: Ի՞նչ իմաստ ունի մտնել մի ձևաչափի մեջ, որը գոյություն չունի, որի ապագան ավելի քան մշուշոտ է, քան տեսանելի:
Իսկ եթե ակնարկում ենք Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածության մասին, կներեք , բայց այս դեպքում մենք պետք է մտածենք հնարավոր հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ չինտեգրվելու դեպքում: Իսկ սա մի տեսակ շանտաժի նման է հնչում: Չեմ ցանկանա, որ Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայացվածությունը ներկայացնենք որպես պոտենցիալ լծակ ինտեգրման առումով»,- եզրափակեց նա: