Բաժիններ՝

Որտե՞ղ փնտրել պետության փողերը

Այս օրերին տնտեսական դաշտի ուշադրությունը սևեռված է 2013 թվականի բյուջեի վրա, որն այժմ քննարկվում է Ազգային ժողովում։ Նախորդ տարիների բյուջեների նման այն արժանանում է տարբեր ածականների՝ սոցիալական, «տեղում դոփելու», «տարկետման», «լճացման» և այլն։

Հիմնական վեճն իշխանության և ընդդիմության միջև փողի կռիվն է։ Ընդդիմությունը պահանջում է բարձրացնել աշխատավարձերն ու նպաստները՝ հիշեցնելով սոված մանուկներին։ Իշխանությունը մերժում է` հիշեցնելով սուղ միջոցները։

Երեկ էլ բյուջեի ու սուղ միջոցների թեմային անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Սա մեր երազանքների բյուջե չէ, մեր երազանքներն ու ցանկությունները հեռու են գնում, բայց սա իրատեսական բյուջե է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այնպիսի կախարդական փայտիկ չկա, որ թույլ տա լուծել բոլոր խնդիրները: Ասել է թե՝ սոված մանուկների ու ողորմելի թոշակ ու աշխատավարձ ստացողների խնդիրները տեսնում ենք, սակայն լուծելու համար բավարար միջոցներ չկան։

Եվ այստեղ առաջ է գալիս ամենամեծ ու կարևոր հարցը՝ իսկապե՞ս փող չկա։ Կա, և շատ փող կա։ Պարզապես այդ փողը բյուջեից դուրս է, և հարկավոր է այն բերել պետական գանձարան։ Ասվածի բազմաթիվ վկայություններից մեկը, օրինակ, օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցն էր, որի համաձայն` Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը գնահատվում է 35%-ից ավելի։

Կարդացեք նաև

Այդ թիվը հայրենի իշխանությունները չվիճարկեցին, քանի որ Ֆինանսների նախարարն ինքը դեռ զեկույցի հրապարակումից առաջ նման ցուցանիշ էր նշել։ Ինչ վերաբերում է անկախ տնտեսագետներին, նրանք դժվարանում են մեկնաբանություններ ներկայացնել 35% ստվերի ճշգրտության մասին (հղում անելով մեթոդաբանության նրբություններին), սակայն նշում են, որ ստվերային տնտեսության մակարդակը դրանից պակաս հաստատ չի կարող լինել։

Հիմա փորձենք միասին հաշվել այն փողը, որը կարող էր հայտնվել բյուջեում։ Այսպես, անվանական ՀՆԱ-ն 2011թ. եղել է 3.776 տրիլիոն դրամ, 2012-ին սպասվում է 4.136 տրիլիոն, իսկ 2013-ին բյուջեով կանխատեսվում է 4.537 տրիլիոն։ Քանի որ խոսում ենք հաջորդ տարվա մասին, ապա հիմք վերցնենք այս` 4.537 տրիլիոնը։ Եթե հավատանք ԱՄՀ-ի գնահատականներին և ենթադրենք, որ ստվերի ծավալը հաջորդ տարի ևս կպահպանվի ՀՆԱ-ի 35%-ի սահմաններում, ապա կստացվի, որ ստվերային տնտեսության ծավալները կազմելու են 1.587 տրիլիոն դրամ։

Եթե հարկերի և տուրքերի հավաքագրման մակարդակը պահպանվի ներկայիս տեմպերով՝ ՀՆԱ-ի 21-22%-ի չափով, ապա տեսականորեն այդ 1.587 տրիլիոնը հարկային դաշտ բերելու պարագայում հնարավոր կլիներ ապահովել մոտ 330 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր։ Սա, իհարկե, տեսականորեն, քանի որ ստվերը զրոյացնել գործնականում հնարավոր չէ։ Սակայն կրճատել հնարավոր է։ Եվ պարզ թվաբանությամբ կարելի է հաշվել, որ 35%-անոց ստվերի յուրաքանչյուր 1 տոկոսային կետով կրճատումը (կամ՝ 45 միլիարդի շրջանառություն հարկային դաշտ բերելը) հաջորդ տարի կարող է ապահովել լրացուցիչ 9.5 միլիարդ դրամ։

Եթե ՀՆԱ-ն կազմի 4.537 տրիլիոն դրամ (ինչպես նախատեսված է բյուջեով), ապա ստվերը 35%-ից 34%-ի իջնելու պարագայում բյուջեն կունենա լրացուցիչ 9.5 միլիարդ։ 33% ստվերի պարագայում՝ 19 միլիարդ, և այդպես շարունակ։ Այսինքն, եթե հաջողվի ստվերայնության կրճատմամբ հասնել Ուզբեկստանին, ապա անփոփոխ ՀՆԱ-ի դեպքում դա կապահովի շուրջ 190 միլիարդ դրամի հարկային մուտքեր (հիշեցնենք, որ ԱՄՀ-ի նույն զեկույցում Ուզբեկստանի ստվերային տնտեսությունը գնահատվում է ՀՆԱ-ի 15%-ի չափով)։ Իսկ դրանով կարելի է լուծել և՛ նվազագույն աշխատավարձի, և՛ կենսաթոշակների հարցը, և բազում այլ հարցեր։

Ինչո՞ւ դա չի կատարվում՝ արդեն այլ հարց է։ Գրեթե չենք կասկածում, որ ՊԵԿ-ը կոնկրետ գիտի՝ որտեղ փնտրել ստվերը։ Այն հայտնաբերելը դժվարություն չի ներկայացնում, քանի որ փոքր Հայաստանում բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն։ Սակայն ստվերի տեղն իմանալը մի բան է, վերացնելը՝ մեկ այլ բան։ Դա միայն ՊԵԿ-ից կախված չէ։

Որքան էլ հանրապետության նախագահն ու վարչապետը խոսեն հովանավորչության և հարկային մարմինների աշխատանքին միջամտելու անթույլատրելիության մասին, միևնույն է՝ ՊԵԿ-ը կաշկանդված է իր գործողություններում։ Կոնկրետ խոշոր բիզնեսում պատահական մարդիկ չկան, և առանց իշխանության վերնախավի «քարտ բլանշի»` նրանց ձեռք տալը կարող է անախորժ պատմությունների պատճառ դառնալ։

Շատ է նշվում, որ խոշոր բիզնեսին ձեռնտու է աշխատել հարկային դաշտում, եթե բոլորի համար գործեն խաղի նույն կանոնները։ Սակայն դա թյուրիմացություն է, քանի որ օրենքի առջև հավասար լինելու պարագայում նրանցից շատերը պարզապես չեն դիմանա մրցակցությանը։

Գաղտնիք չէ, որ Հայաստան խոշոր բիզնեսմենների՝ մոնոպոլիստների և օլիգոպոլիստների մեծ մասը ծաղկում է ոչ թե առանձնահատուկ գործարար ունակությունների, այլ հենց անհավասար, արտոնյալ պայմանների շնորհիվ։ Այդ հատուկ արտոնություններից զրկվելու դեպքում նրանք շատ արագ իրենց տեղը կզիջեն թեկուզ օտարերկրյա խոշոր ընկերություններին։ Եվ քանի որ խոշոր՝ արտոնյալ բիզնեսն իշխանության հենարանն է, դժվար է հավատալ, որ նույն իշխանությունը կխարխլի այդ հենարանը։ Այստեղ քաղաքական որոշում է պետք, հենց դրա համար էլ նշում ենք, որ խնդիրը ՊԵԿ-ի և հարկային վարչարարության մեջ չէ։

Փոքր ու միջին բիզնեսը նույնպես ստվերից զերծ չէ։ Պարզ օրինակ. մանր կրպակատերերը ոչ միշտ են ՀԴՄ կտրոն տրամադրում։ Այսինքն՝ թաքցնում են իրական շրջանառության ծավալները։ Եթե նրանց մի մասին ստիպեն աշխատել օրենքով, դա նույնն է, որ ստիպեն ինքնակամ գնալ սնանկացման։ Ստիպել բոլորի՞ն։ Դա արդեն նորից քաղաքական հարց է։ Բացի այդ, փոքր բիզնեսն ավելի ճկուն է եկամուտները թաքցնելու հարցում, և պարտադրանքի մեթոդն այստեղ լիարժեք չի աշխատի։

Այստեղ ավելի կարևոր է, որ փոքր ու միջին բիզնեսը վստահի պետությանը և իր վճարած հարկերի ծախսման արդյունավետությանը։ Իսկ վստահության մթնոլորտի ձևավորումը նույնպես քաղաքական որոշման, քաղաքական կամքի հարց է։

Այլ կերպ ասած, պետք է ոչ թե ստվերում եղած փողը ստիպողաբար բերել հարկային դաշտ, այլ ստեղծել համապատասխան պայմաններ, և փողն ինքն իրեն ստվերից կտեղափոխվի արևի տակ։ Այս մասին, ի դեպ, նշված էր նաև ԱՄՀ-ի զեկույցում (ճիշտ է, առանց քաղաքական բաղադրիչների)։

Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ տնտեսությունը և բյուջեն հնարավորություն ունեն սեփական քաղաքացիների համար ապահովել սոցիալական տանելի պայմաններ։ Այլ հարց է, որ դրա համար հարկավոր է լուրջ փոփոխություններ կատարելու վճռականություն։ Այնպես որ, երբ հասարակ մարդիկ, առանց թվերի մեջ խորանալու, ենթագիտակցաբար ասում են` «Կարող են, մտքներին տեղ լինիգ», դա ունի լուրջ` ինչպես վերը նշվեց, նաև` թվաբանական հիմնավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս