«Հայաստանում եկեղեցի կառուցելը նման է երբ անհաւատ, «ալբանացի նախագահը» երդւում է ձեռքը Սուրբ գրքի վրայ դրած»
Ասում է Ֆրանսիայում բնակվող հայ գրող Կարեն Սիմոնյանը
Գրող, հրապարակախոս Կարեն Սիմոնյանը 1993թ.-ին տեղափոխվել է Ֆրանսիա և մինչ օրս այնտեղ է բնակվում: Այս տարիներին գրել է «Հայելի և առեղծված կամ անպարկեշտ պատմություն» վեպը: Նա «Ոռնացող մարդիկ և մելամաղձոտ թագադրություն», «Այդ օրը, Ցասման օրը» վիպակների և մի շարք այլ գրական աշխատանքների հեղինակ է, որոնք Ֆրանսիայում մեծ հաջողություն են ունեցել: Կ. Սիմոնյանի պիեսները բեմադրվել են Փարիզի «Նորդ-Ուեսթ» թատրոնում: Հայաստանյան կյանքին հետևում է համացանցի միջոցով: Ինտերնետի միջոցով Կ. Սիմոնյանի հետ հարցազրույցից հետո մենք նրան խնդրեցինք փոխել իր պատասխանների ուղղագրությունը, սակայն վերջինս սկզբունքորեն հրաժարվեց՝ ասելով՝ «Ես գրում եմ աշխարհաբարով և մեր ուղղագրությամբ: Նկատի ունեցէք, որ ես իմ ուղղագրությունից չեմ կարող հրաժարվել»:
– Թեև համարում ենք, որ գիրքն անփոխարինելի արժեք է, այդուհանդերձ, մեր օրերում գրքին եկել է փոխարինելու համացանցը: Ֆրանսիայում գրքի հանդեպ հետաքրքրությունն ինչպե՞ս է:
– Տեխնոլոգիական մի նոր առաջաքայլից վախեցողները միշտ էլ աղմուկ են բարձրացրել նորութեան դէմ։ Երբ հեռատեսիլը մտաւ մարդկանց կենցաղ՝ աւետեցին կինոյի վախճանը. երբ տարածուեցին գնդիկաւոր գրիչները՝ վստահ էին, թէ այլեւս գրչածայրով ու մելանով գրող չի լինելու. Իսկ երբ յայտնուեցին նայլոնէ շապիկներ, հաստատ համոզուած էին, թէ այլեւս բամբակն ու բուրդը աւելորդ են…
Ամէն չարաշահում պայմանաւորուած է մարդու բարեկրթութեամբ, նրա հոգեւոր պահանջներով։ Ի դէպ, պէտք չէ մոռանալ, որ ամէն տառաճանաչ գրագէտ չէ եւ ամէն գիրք գնող ընթերցող չէ։ Հիմա գիրքը գնում է միայն հոգեւոր մշակոյթով ապրող Áնթերցողը։ Այս օրինաչափութեամբ է ապրում Արեւմուտքը։ Համացանցի մրցակից դարձել են հեռատեսիլային զանազան ցուցքեր, որ ի տարբերութիւն Երեւանի հեռուստատեսութեան՝ անհամեմատ ճաշակով են եւ բարձրարուեստ։ Բայց նոյնիսկ այդպիսի հաղորդումները չեն խանգարում գրասէր ընթերցողին։
– Ֆրանսիայում գրախանութներ բացվո՞ւմ, թե՞ փակվում են:
– Ոչ միայն Ֆրանսայում, այլեւ ամենուրէք, որտեղ մարդիկ ապրում են քաղաքակրթութեան արժէքներով, գրախանութները աւելի շուտ բացւում են եւ ոչ թէ փակւում։ Փարիզի երկու-երեք թաղամասերով շրջելիս հանդիպել եմ գոցուած գրախանութների, որոնց ցուցափեղկերին եղել են փոշոտուած ու խունացած հայաստանեան հրատարակութիւնների գրքեր։ Մի քանի տարի անց այդ տարածքները երեւի գնորդներ ունեցան եւ հիմա օգտագործւում են իբրեւ սրճարաններ։
– Հայաստանում հիմա հրատարակվում են պատմական գրքեր, որոնց մեջ բազում անճշտություններ կան. պատմաբանները մեզ տեղեկացնում են, որ սփյուռքահայերը վրդովվում են նման անգրագետ «նյութերից». Դուք ի՞նչ կասեք:
– Կեղծ գիտութիւնների ախտը հին հիւանդութիւն է եւ պայմանաւորուած է պետական գաղափարախօսութեամբ, հաճախ էլ թերուս անհատների շահագրգռուածութեամբ։ Սովետական անցեալին գաղափարախօսական նկատառումներով ժխտուեց գենետիկան՝ ծինաբանութիւնը եւ փոխարէնը սկսեցին տարփողել Լեպիշինսկայա-Բոշեանի «գիւտը», որ իբր ժողովրդին ապահովելու էր պրոտեինով, այլ կերպ ասած՝ մսի առատութեամբ։ Այս պարագային կարեւորը բնաւ էլ միսը չէր, որ այնպէս էլ չեղաւ, այլ ժառանգականութեան դէմ դրոյթը։ Եթէ ընդունուէր Մենդելի եւ Վէյսմանի տեսութիւնը, ապա կը նշանակէր, որ, զորօրինակ, իշխանութեան իրաւունք չունեն գալ ռամկական ծագում ունեցողները, քանի որ երկրի համար պատասխանատուութիւնը սերնդից սերունդ անցել է ազնուականներին։
Կեղծ գիտութիւնները Հայաստանի մէջ ստեղծուեցին եւ շարունակում են ստեղծուել յատկապէս այն մարդկանց ջանքերով, նաեւ պնդաճակատութեամբ, ովքեր սովետական ու յետսովետական դպրոցների մէջ ուսանելիս ընդունակ չեն եղել գիտելիքներ ձեռք բերել ինքնուսուցմամբ։ Եւ մնացել են թերուս կամ կիսագրագէտ, բայց հաւակնել են Կոլումբոսի եւ հաւկիթի մասին անեկդոտի հերոսի պէս բացականչել. «Ես էլ կարող եմ»։ Հայաստանում պատմագիտութեան եւ լեզուագիտուեան մէջ բացայայտ զեղծարարութիւններ են կատարուել, որպէսզի այդ գիտութիւնները հարմարեցնեն մարքս-լենինեան դասակարգային պահանջին։
Քանի որ մինչեւ հիմա էլ մերժուած չեն անցեալ 70 տարիների զեղծարարութիւնները, ուստի արդէն 20 տարի է, ինչ աւելի թափով են կեղծիքները շարունակւում… Եւ պատճառը նոյնն է։ Համալսարանական պատմագէտներն ու լեզուագէտները առանց քրտնաջանութեան ապահովում են իրենց կարագով հացն ու դեռ վրան էլ խաւիարը։
Եթէ նկատել էք, թեկնածուական եւ դոկտորական «յայտնագործութիւնները» կատարւում են յատկապէս այս երկու բնագաւառների մէջ։ Սրանք էլ ա՛յս կերպ են կողոպտում երկիրը… «Անգրագէտ նիւթերից» դժգոհում, աւելի ճիշտ՝ դրանց դէմ հանդէս են գալիս ոչ միայն սփիւռքում։ Ես քաջածանօթ եմ, օրինակ, ոմն «պատմաբանի» դոկտորական թեզի առիթով Ալբերտ Մուշեղեանի բացայայտումներին, որոնց դէմ ձախավեր «դոկտորացուն» պայքարում է գետնաքարշ միջոցներով։ Ինձ յայտնի են նաեւ այն դժգոհութիւնները, որ Տարաշխարհի մէջ բարեկիրթ մարդիկ ունեն լոսանջելեսեան մի հեռատեսլային կայանի նկատմամբ եւ այն արդէն որոշակի շրջանակում անուն էլ ունի՝ «դեղին թիվի»։
– Հայաստանյան հասարակական կյանքին հետևում եք համացանցի միջոցով: Ի՞նչ տպավորություն ունեք, հայ մարդն անհանգի՞ստ է, թե՞ճիշտ հակառակը՝ հանդարտ ու հարմարվողական է:
– Հասարակական կեանքը, անշուշտ, մեռած չէ։ Բայց ընթացքը հանգեցնում է «հայի վերջին խելքին»։ Քանի որ հարկ եղած պահի բոլորը իրենց տեսնում են հանրապետութեան նախագահական գահի կամ գոնէ նախարարական բազկաթոռների վրայ (Կոլումբոսի հարցին «Ես էլ կարող եմ» պատասխանողի նման), ուստի ոչ միայն Հայաստանի, այլեւ Տարաշխարհի մէջ սպասում են «իրենց ժամին»։ Հաւակնորդների զանգուածը անհանգիստ սպասումի մէջ է։ Բայց նաեւ սոսկալի վախենում է, թէ յանկարծ «մի բան չպատահի՞»… Եթէ մի բան պատահի, ապա կը խորտակուի մարդու՝ տարիներով փայփայած պայծառ հեռանկարը։ Ընդ որում, միեւնոյն է, թէ նպատակին հասնելու համար մարդը իրեն նուիրել է անօրէն իշխանութեա՞ն, թէ նույն այդ իշխանութեան ստեղծած ընդդիմութեան… Եւ հասարակութեան շատ փոքր խաւն է, որ չի կամենում հարմարուել։ Բայց առաջադիմութեան շարժիչը միշտ էլ պատրիկներն են եղել եւ ոչ թէ պլեբէյները։
– Վերջին տարիներին ընդվզելու, կյանքը բարեփոխելու պահանջն իրացնում ենք սոցիալական ցանցերում, գրի միջոցով, իսկ իրական կյանքում կարծես ոչինչ չի կատարվում: Ֆրանսիայում ինչպե՞ս է: Մարդիկ փողոցներ դուրս գալի՞ս են և ի՞նչ դժգոհություններով:
– Հայաստանը Ֆրանսայի, նոյնպէս եւ Արեւմուտքի հետ ընդհանուր որեւէ եզր չունի։ Այն, ինչ տեղի է ունենում նոյնիսկ Իտալիայում կամ Յունաստանում, պէտք չէ շփոթեցնի մեզ… Արեւմուտքը թէեւ ոչ կատարեալ (գրեթէ ըստ Ու. Չերչիլի), սակայն ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ իրականութիւն է։ Իսկ Հայաստանը՝ շարունակելով մնալ Ռուսաստանի տիրակալութեան մէջ (յիշեցնեմ ՌԴ Պետդումայի 1995 թ. որոշումը այն մասին, թէ ԽՍՀՄ փլուզումը իրաւաբանական հիմք չունի, այլ կերպ՝ «անկախացածները» իրաւաբանօրէն անկախ չեն), քաղաքական նոյն այդ համակարգին է պատկանում, որն է՝ անձնիշխան, աւտորիտար իշխանութիւնը։
Յամենայն դէպս, Եւրոպայում չկան «Օբամայի ակումբներ», իսկ Ֆրանսիայում գոյութիւն չունեն «Մերկելի ակումբներ»։ Ինչպէս նաեւ, եթէ ամերիկեան դեսպանը՝ Ֆրանսայի կամ ֆրանսական դեսպանը՝ Գերմանիայի մէջ պահանջի բանալ «օտար դպրոցներ», երկուսն էլ նոյն պահին կը յայտարարուեն անցանկալի եւ յետ կ’ուղարկուեն իրենց երկրներ։ Արեւմուտքում եւ մասնաւորապէս Ֆրանսայում քաղաքացիները ցոյցի են ելնում՝ պահանջելով այն խոստումների կատարումը, որ ուշանում է։
Նաեւ այն դէպքում, երբ վստահ են, թէ այս կամ այն օրէնքը, որ պատրաստւում են ընդունել՝ խփում է իրենց գրպանին։ Նմանօրինակ գործողութիւնների համար ոչ Հայաստանը եւ ոչ էլ հասարակութիւնը պատրաստ չէն։ Մենք գործ ունենք իշխանութեան տիրացած անպատեհ մարդկանց հետ, ովքեր ստանձնում են այնպիսի պարտականութիւններ, որոնց նկատմամբ որեւէ պատասխանատուութիւն չունեն եւ ստանձնում են առանց որեւէ ծրագրի։ Իսկ Հայաստանի հասարակութիւնն էլ շարունակում է մնալ սովետական տարիների նոյն խաւարամիտը։
Նա խուսափում է լուսաւորուելուց… Եւ գիտէ՞ք ինչու… Քանի որ լոյսով ու ճշմարիտ խօսքով է պայմանաւորուած ազատութիւնը։ Բայց ազատութեան մի թոյլ շողն էլ, եթէ երբեւէ յայտնուել է ուզում՝ սարսափեցնում են։ Քանի որ հայը մոռացել է նաեւ, թէ ի՛նչ է նշանակում ազատ ապրել։ Նրան թւում է, թէ Հայաստանն իրօք ազատ երկիր է իր գոյութիւն չունեցող անկախութեամբ։
– Երկսեռության մշակույթը ներմուծվում է գրականություն, կինո, թատրոն: Արդյոք բոլոր տեսակի մշակույթները հանդուրժելը դեմոկրատիայի՞ արդյունք է, թե՞ մարդկությանը խեղաթյուրելու միտում:
– Մարդկութիւնը, յատկապէս հայը երբէք չի խեղաթիւրուի, եթէ միայն ինքը խեղաթիւրուելու չձգտի։ Այսպիսի ձգտում չի ունենում լուսաւոր մարդը։ Համաշխարհային գրականութեան մէջ միշտ էլ առատ են եղել ճշմարիտ իրականութիւն ներկայացնող գործերը… Յամենայն դէպս այդպիսին է Թոմաս Մաննի կամ Նաբոկովի արձակը։ Ուրիշ խնդիր է, երբ նիւթի ընտրութիւնը, ինչպիսին էլ այն լինի՝ կատարւում է ինքնանպատակ։ Բայց երբ խօսքը հասնում է սեռական կեանքի կենսաբանական բացառիկ տեսակները հանդուրժելուն, ապա արդէն իսկ հանդուրժելու հարցադրումը ինքնին ոտնահարութիւն է մարդու իրաւունքի նկատմամբ։ Նաեւ նկատենք, որ կենսաբանական այսօրինակ խաթարումները բոլորովին էլ մշակութային երեւոյթներ չէն ընկալւում… Գոնէ Արեւմուտքի երկրներում։
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են եվրոպացի շատ չինովնիկներ հեծանիվ վարում, իսկ Հայաստանի պաշտոնյաները չորս–հինգ մեքենաներով շրջում:
– Երբէք պէտք չէ համեմատուել այն երկրների հետ, որտեղ ժողովրդի իշխանութիւնն է եւ օրէնքի գերակայութիւնը։ Փարիզով նախագահը շրջում է առանց ուղեկցորդների։ Ինքն է, վարորդը եւ թիկնապահը… Եւ նրա անցուդարձը ոչ ոքի չի խանգարում։ Ինչ վերաբերում է հայաստանեան այդ այլանդակ երեւոյթին, ապա պէտք է ենթադրել, որ իշխանութիւն ունեցողը չի վստահում իր հպատակին։
Իսկ մեծահարուստն էլ իշխանութեան մէջ եղածի օրինակով ձգտում է ցուցադրել նաեւ իր ուժը։ Թէեւ թէ՛ իշխանութիւն ունեցողի եւ թէ՛ մեծահարուստի ուժը դրսեւորուել է միայն արտաքնոցներում մարդկանց սպանել տալու մէջ։ Իսկ Արեւմուտքի երկրների մէջ միլիարդատիրոջը հնարաւոր չէ ճանաչել իր ինքնաշարժով կամ հագուստով։ Քանի որ սերնդէ սերունդ աչքը կուշտ մարդը բնաւ զարմացած չէ իր ունեցածի վրայ եւ ինքն իր հաստատումը չի տեսնում ցուցադրութեան մէջ, ինչը բացայայտ հիմարութեան, անկարողութեան եւ չտեսութեան հետեւանք է։
– Մեծ փողերի տիրապետող հոգևորականներն իրենց գումարներն ինչի՞վրա են ծախսում:
– Նրանք անպայման կան, գոյութիւն ունեն։ Եւ ծախսը անում են հարազատների համար տներ կառուցելով, խանութներ բացելով եւ այլն։ Բայց ես ճանաչեցի կաթողիկէ հայ համայնքի ժողովրդապետ ծայրագոյն վարդապետ Յովսեփ Քելեքեանին, ով ամբողջ էութեամբ նուիրուած է հաւատքին ու հայ մշակոյթին։ Բայց նրա նմանները հակացուցուած են… Հայր Յովսէփին պարզապէս աքսորեցին, քանի որ թէ՛ նրա ծառայութիւնը Յիսուսին, թէ՛ մշակութային աշխոյժ գործունէութիւնը եւ թէ հայկական դպրոցը նեղութիւն էր պատճառում վերադաս եպիսկոպոսին, ով միայն վայելում էր իր իշխանութիւնը եւ չէր հանդուրժում, երբ Հայր Յովսէփը դպրոցական դասաժամերի ընդմիջումին եկեղեցու գաւիթում գնդակ էլ էր խաղում աշակերտների հետ։
– Հայաստանում բազում եկեղեցիներ են կառուցվում. ի՞նչ տպավորություն ունեք, մեր հավատքն ավելի ամրացե՞լ է:
– Հաւատքը հենուած է ոչ թէ նիւթական շինութեան, այլ ոգեղեն դաստիարակութեան վրայ։ Եկեղեցի կառուցելը նման է, օրինակ, երբ անհաւատ ու «ալբանացի նախագահը» երդւում է ձեռքը Սուրբ գրքի վրայ դրած։ Յիսուսի վարդապետութիւնը կամ ուսմունքը, ինչպէս եւ ամէն ուսմունք՝ ուսանում են։ Արդէն հարիւր տարի է, ինչ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Յիսուսի վարդապետութիւն չի սովորեցնում։ Իսկ Հայ եկեղեցու պատմութիւնը, որտեղ եղած բաւականին տխուր էջերը թաքցնում են դպրոցականներից, սոսկ պատմութիւն է եւ ոչ թէ ուսմունքի ուսուցում։ Այսօր քրիստոնեայ Հայը չգիտէ, թէ ինչին է հաւատում եւ ինչո՛ւ։ Նա բոլորովին տեղեակ չէ Հաւատի Հանգանակից։
– Մենք իսկապե՞ս տաղանդավոր ազգ ենք, թե՞այդ միֆը բոլոր ազգերի մեջ կա:
– Անտաղանդ ազգեր չկան։ Իւրաքանչիւր ազգի մէջ Աստծոյ շնորհներով բացառիկներ էլ կան, եւ կան սադայելական ծնունդներ, որոնք շատ աւելի են լինում։ Այդպիսիններին մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում։ Հայը իր երկու տիրակալների միջեւ մոլորուած եւ ընդհանրապէս գլուխը կորցրած ժողովուրդ է դարձել։ Մի կողմից՝ Օսմանեան թուրքը եւ միւս կողմից՝ Թաթարական հորդայի սրի տակ թաթարացած ռուսը գերեվարելով հային, նրա մէջ ներարկել են ոչ թէ սոսկ անբարոյականը, ոչ միայն գողականը, ոչ միայն շնականութիւնը, այլ ամենից սոսկալին՝ վախը։ Հայը գոնէ անցած քսան տարիների ընթացքին չհասցրեց իր վախը չափէլ տալ… Նա ապրում է իր սեփական ու օտար վայրագների ստեղծած վախի մթնոլորտի մէջ… Ուստի բնական է, որ նրան գոնէ միֆերը պէտք է սփոփեն ու մխիթարեն, թէ ինքը նոյնպէս արժանի է այս մոլորակի վրայ ապրել արժանապատւութեամբ։
– Չե՞ք կարծում, որ ինքներս մեզ ֆետիշացնելով՝ մենք մեզ զրկում ենք առաջ գնալու, զարգացման հեռանկարից:
– Բայց ովքե՞ր են ֆետիշացնողները… Բոլոր նրանք, ովքեր տառապում են թերարժէքութեան բարդոյթով։ Մարդիկ չեն ճանաչում իրենց ազգային ճշմարիտ մշակոյթը, չեն կարդացել իրենց ազգային ճշմարիտ գրականութինը… Խուլ են երաժշտութեան նկատմամբ եւ կոյր՝ գեցեղիկ արուեստները տեսնելու համար։ Բայց այսպէս բոկոտն՝ ուզում են իրենց հաստատել ժամանակակից աշխարհի մէջ։
Սեփականը իւրացնելու եւ հոգեւոր հարստութիւնը իրենց մէջ դիզելու փոխարէն նրանք նետւում են դէպի կամ օտարը, կամ փորձում են իրենց գլխին փաթաթած սոցռեալիզմի վարպետ գրողներին ու արուեստագէտներին ներկայացնել իբրեւ «աշխարհահռչակներ», «հանճարեղներ» եւ լաւագոյն դէպքում՝ «մեծեր»։ Զբաղւում են ինքնախաբէութեամբ։ Եւ կեղծիքը շարունակւում է։ Շարունակուող կեղծիքի մէջ արդէն յայտնուել են «նոր մշակոյթ» ստեղծողներ։ Նոյնիսկ խոստանում են ստեղծել նոր «գրական լեզու», որպէսզի «ժողովուրդը» իրենց հասկանայ։ Բայց նրանց մէջ չկայ մէկը, որպէսզի իր «հզօր» տաղանդը օգտագործի մայրենի լեզուն բռնաբարողներին զսպելու համար։
– Ի՞նչ ասել է՝ ազգային արժանապատվություն:
– Ազգային եւ մարդկային արժանապատւութիւնները զատ-զատ արժէքներ չէն։ Բայց ի՞նչ է արժանապատւութիւն կոչուածը… Նախ եւ առաջ՝ խորին յարգանք սեփական անձի նկատմամբ։ Իսկ երբ յարգում ես ինքդ քեզ, ապա բացառւում է ուրիշ որեւէ մէկի դիմաց ստորանալը։ Քանի որ ընդունակ ես նաեւ յարգել դիմացինիդ արժանապատւութիւնը… Իսկ նա, ով ընդունում է քո ստորադասելը իր դիմաց, ապա նա եւս կորցնում է իր արժանապատւութիւնը, քանի որ իրեն արժեւորում է քո նուաստացումով։
– Իսկ ի՞նչ ասել է՝ ազգային գաղափարախոսություն:
– Ազգային գաղափարախօսութիւնը ուրուական է, որի գոյութեամբ հնարաւոր է միայն խարդախել ազգին։ 1990-ականներից ի վեր հարիւրաւոր մարդիկ տարիներ շարունակ «ազգային գաղափարախօսութիւն» են մշակում։ Մեր «ազգային գաղափարախօսութիւնը» 70 տարի շարունակ եղել է մարքսիզմ-լենինիզմը, որին զոհ գնացին հարիւր-հազարաւոր մեր ազգակիցները։
Այս օրերին ազգային գաղափարախօսութիւնը իշխանութիւնների համար «հայ-ռուսական յաւերժական բարեկամութիւնն» է, ինչը նոյնքան շինծու է, որքան ամէն մի գաղափարախօսութիւն, որ ծառայում է սրա կամ նրա շահերին։ Սակայն գոյութիւն ունի Ազգային Գաղափար։ Եւ որ Հայի Ազգային Գաղափարը դարերի խորքերից եկող Ազատագրութիւնն է եղել, կարող ենք վստահօրէն պնդել, եթէ գիտակ ենք մեր հոգեւոր եւ նիւթական մշակոյթին, պատասխանատու ենք մեր ցեղի, մեր տեսակի պահպանութեան համար, լիիրաւ տէրն ենք մեր մշակութային արժէքների եւ մեր պատմութեան։