Կաթը բերանին երեխան սկսել է խեղդվել, երբ հայրը սկսել է մոր թիկունքից հարվածներ հասցնել
Մի քանի ամսական Արսենը հավանաբար խեղդամահ կլիներ, եթե իրեն կրծքով կերակրող մայրը` ամուսնու հարվածներից երեխային պաշտպանելու համար, բերանքսիվայր չնետվեր դեպի մահճակալ:
Նորածին երեխային կրծքով կերակրելու ժամանակ հարբեցող ամուսինն այնպիսի հարվածներ է հասցրել իրեն, որ կաթը բերանին Արսենը սկսել է խեղդվել: «Շատ սփրթնած գույն ուներ երեխան: Սթրեսը` սթրեսի ետևից: Տարանք հիվանդանոց, բժշկի դուրը չեկավ գույնը, բայց նորմալ էր, խնդիր չուներ: Հետո վատացավ»,- պատմում է 34 տարեկան Հերմինեն, ով երեխայի հետ ամիսներ շարունակ հիվանդանոցներից տուն չի եկել: Արսենն անսպասելի կորցրել է գիտակցությունն, ու ամիսներով մահամերձ վիճակում գտնվող երեխային պահել են հիվանդանոցում: Հերմինեն ասում է՝ բժիշկներն այլևս հույս չէին տալիս, որ երեխան կապրի, բայցգ «ինչ-որ մի հրաշքով ապրեց»: Հիմա Արսենը 9 տարեկան է, ու թերևս փոքր է` դատելու համար` ապրե՞լն էր ճիշտ, թե՞…
Ժամանակ առ ժամանակ այնպես է չարանում, որ դառնում է անկառավարելի և, նրա ներքին անհանգստությունը զսպելու համար մայրը դեղահաբերի օգնությանն է դիմում: Չգիտեմ` ի՞նչ է զգում Արսենը, երբ ժամանակ առ ժամանակ չարությունից ուրիշներին ցավ է պատճառում: Բայց, երբ դեղահաբերից հանդարտվում է՝ չարացած աչքերը դառնում են թախծոտ ու տխուր: «Ես պատրաստ չէի ամուսնության, նույնիսկ իրան լավ չէի ճանաչում: Ինձ ծնողներս ամուսնացրին ու ուղարկեցին Իջևանում հարս: Մեծ ընտանիք էր` ամուսնուս ծնողները, եղբայրը` կնոջ ու երեխաների հետ: Ամբողջ օրը` վիճաբանություն, ծեծ ու ջարդ: Էնքան էր խմում, որ ծեծելուց իրան կանտրոլ չէր կարում աներ: Հղի ժամանակ սովից մեռնում էի, բայց չէին թողում հաց ուտեի` մինչև որ ընտանիքի բոլոր անդամները աշխատանքից տուն չգային: Մի քանի ամիս ապրելուց հետո` հետ դարձա ծնողներիս մոտ»,- սառած ու անհաղորդ աչքերով նայող Հերմինեն իր անձնական կյանքից դրվագներ պատմելիս` խոսում է նույնքան անզգացմունք ու անտարբեր:
Սակայն Արսենի ծնվելուց հետո Հերմինեն նորից միացել է ամուսնուն, բայց այս անգամ վերջնականապես համոզվել է, որ անգամ հանուն երեխայի չի կարող դիմադրել բռնություններին: Շատ չանցած` Արսենի մոտ հայտնաբերվել է էպիլեպսիա հիվանդությունը, որն անմիջականորեն անդրադառնում է երեխայի նյարդային համակարգի վրա կամ նույնիսկ նյարդային խեղված համակարգի հետևանք է: «Տարել եմ լոգոպեդի, հոգեբույժի, շատ մասնագետների մոտ, բայց միակ բանը, որ կարող են անել` դեղեր նշանակելն էր: Հիմա ամեն օր տարբեր անունների դեղեր ա խմում, իսկ եթե չխմի՝ վիճակը շատ ա վատանում, նույնիսկ ես չեմ կարողանում պահել: Բոլորին վնասում ա, երեխեքին կծում, ծեծում ա: Էլ չեմ ասում, որ ամբողջ գիշեր կարող ա չքնի, սկսում ա մազերը պոկել, գոռալ»,- ասում է Հերմինեն՝ վստահեցնելով, որ էպիլեպսիայի համար նշանակված դեղորայքն անվճար է ստանում, բայց նյարդային համակարգը հանգստացնող, քնաբեր մի անուն դեղը գնում է, որը շատ թանկարժեք է` 3 հաբը՝ 1000 դրամ:
Իջևանից ծնողների մոտ վերադարձած Հերմինե Բարխուդարյանն այժմ որդու հետ բնակվում է Նոր-Արեշ 35 փողոցի 127 հանրակացարանի մի փոքրիկ սենյակում: Ապրում են Արսենի 18.000 դրամ թոշակով: Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ կանչել: «Հասկանո՞ւմ եք, ես կաշխատեի, հավաքարարություն կանեի, բայց չեմ կարա Արսենին աչքաթող անել: Ինքը հիմա գիշերօթիկ դպրոցում ա սովորում, բայց ժամը 12:00-ից ուղարկում են տուն, որովհետև չեն կարում պահեն, երեխեքին վնաս ա տալիս, անհանգիստ ու կամակոր ա: Ես նույնիսկ իրան մենակ բակ չեմ թողնում, որովհետև չի հասկանում, կամ իրան են ծեծում, կամ ինքն ա ուրիշ երեխեքին ծեծում: Առանց աշխատանքի էլ չենք կարում ապրենք: Արսենիս թոշակով սկի իրա դեղը չեմ կարում հասցնեմ: Եթե կարողանայիք իրա դեղերի հարցով օգնելգ Շատ եմ նեղվում, ես ոչինչ, մեծ եմ, բայց իրան չեմ կարում սոված պահեմ, որ էդ փողով դեղ առնեմ»,- ասում է Հերմինեն ու ցույց է տալիս հատիկներով գնած դեղահաբերը: Հերմինեն ժամանակ առ ժամանակ խռովում է նաև մորից, ով, Պոլիտեխնիկում հավաքարարություն անելով, չի հասցնում պահել և իրեն, և թոռնիկի համար դեղորայք գնել: Երբ դրամ տալու աղջկա խնդրանքը մերժում է՝ Հերմինեն խռովում է ու այլևս չի դիմում մորը, բայց անցնում է մի քանի օր, ու գիշերներն իր մազերը պոկող, բղավոցից ողջ շենքին անհանգստացնող Արսենին հանգստացնելու համար` կրկին գնում է մոր դուռը: Հարցնում եմ՝ իսկ ընտանեկան նպաստ չե՞ք ստանում: «Ճիշտն ասած՝ էն օրը գնացի գրասենյակ: Ինձնից լիքը թղթեր ու տեղեկանքներ ուզեցին: Մեկ օրվա մեջ իրանց ուզած բոլոր թղթերը տարա, մեր վիճակը նկարագրեցի: Երբ թղթերը տվեցի, ասեցին՝ հիմա ի՞նչ անենք, իրանց նշանակե՞նք, թե՞ չէ: Հետո տեսուչը ասեց՝ դե, դու մեզ պիտի տաս, որ մենք քեզ տանք: Սկզբում շշմեցի, բայց հետո գլխի ընկա` ինչ ա ասում: Ասեցի՝ հա, մենակ թե նշանակեք: Հետո, քանի որ գրասենյակում մարդիկ կային, ինքը նենց արեց, իբր կատակ ա անում, ծիծաղելով ասեց՝ կատակ ա, բայց դե գիտեմ, որ բոլորն էլ տենց են անում: Եթե եկող ամիս ինձ նպաստ տան, ես էդ իրանց կթողեմ, որ ամեն ամիս արդեն ստանամ»,- պատմում է Հերմինեն, ով այնպես է խոսում, կարծես արդարանում է այն բանի համար, որ տեսուչին դեռ չի հասցրել «լավություն» անել: Հարցնում եմ՝ իսկ տեսուչն այցելություն կատարե՞լ է քո տուն: Նա պատասխանեց. «Չէ, չի եկել, երևի շուտով կգա»:
Արսենը մոլորված հայացքով մեկ նայում է ինձ, մեկ՝ մորը: Նախադասություններ արտաբերել չի կարողանում: Միայն կցկտուր, անհասկանալի բառեր է արտահայտում: Մորն ուշադիր հայացքով նայելուց հետո մի տեսակ կարկամում է: «Սուս մնա»,- բղավում է 9 տարեկան երեխան ու մորը ստիպում է լռել: Հերմինեն իր անձնական կյանքից պատմելիս` խոսում է սկեսուրի, ամուսնու, տագրոջ, նրա կնոջ արարքների մասին: Բայց չի խոսում իր մասին: Միայն նշում է, որ պատրաստ չէր ամուսնության: Արսենի ներկայությամբ պատմում է, թե ինչպես է կաթը բերանին երեխան սկսել խեղդվել, երբ ամուսինը թիկունքից հարվածներ է հասցրել: Արսենը փոքր է` դատելու համար՝ ապրե՞լն էր ճիշտ, թե՞…