Պարզունակ սյուժե
Նախագահական յուրաքանչյուր ընտրությունից առաջ Հայաստանում քաղաքական գործընթացները հիշեցնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով գրված երգերն ու նկարահանված տեսահոլովակները` «Իմ սե՛ր` Հայաստան» մոտիվներով:
Թվում է` նոր երգ է, նոր տեսահոլովակ, սակայն տարտամ կասկածներ, այդուհանդերձ, կան. այս երգն արդեն կարծես եղել էր ինչ-որ ժամանակ: Տեսահոլովակն էլ նույնությամբ կրկնում է նախորդները: Եվ երգիչներն էլ դարձյալ Ինգա և Անուշ Արշակյաններն են:
Նույն զգացողությունն էր երեկ, «Gellup International Assotiation»-ի հայկական գրասենյակի հրապարակված թվերից հետո. ինչ-որ ժամանակ, ավելի ստույգ` չորս տարի առաջ, այդ թվերն արդեն եղել են:
Համացանցում փնտրեցի 2008թ. նախագահական ընտրություններից առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները: 2008թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում պարզվել էր հետևյալ պատկերը. ցուցակի առաջին պատվավոր տեղում ՀՀԿ նախագահ, այն ժամանակ դեռևս ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էր` 29 տոկոս վարկանիշով: Երկրորդ տեղում իշխանական կոալիցիայի երբեմնի անդամ, 2007թ. խորհրդարանական ընտրւթյուններից առաջ կոալիցիայից դուրս եկած և որպես ընդդիմություն ներկայացող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր` ձայների 11 տոկոսով: Երրորդ տեղում«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր` ձայների 9 տոկոսով:
Սակայն «Գելլափի» տվյալները դեռևս այն ժամանակ վստահություն չէին ներշնչում. նախագահական ընտրություններին իր վարկանիշի պիկում գտնվող ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրելու ցանկություն էր հայտնել, ըստ «Գելլափի» տվյալների, հարցման մասնակիցների` 3, որոշ տվյալներով` անգամ 2 տոկոսը: Այս տվյալը ստիպում է մտածել` կա՛մ հարցումներն անց են կացվել ՀՀԿ գրասենյակի ներսում, կա՛մ հարցման մեթոդներն իրենց ուղղակի չեն արդարացնում:
Միակ արժանահավատը, թերևս, հետևյալ եզրակացությունն էր. հարցմանը մասնակիցների 23 տոկոսն ընտրության հարցում չի կողմնորոշվել:
Անցել են չորս, կարելի է ասել` երկարուձիգ տարիներ: Եվ, ինչպես պարզ է դառնում «Գելլափի» թարմ հարցումներից, երկրում ոչինչ չի փոխվել: Հարցվածների 28 տոկոսը, չսպասելով մինչև փետրվար, առաջին իսկ կիրակի օրը պատրաստ է իր ձայնը տալ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Երկրորդ տեղում, ինչպես և չորս տարի առաջ, ժամանակին իշխանական կոալիցիայի անդամ, խորհրդարանական ընտրություններից հետո (կամ նախագահական ընտրություններից առաջ) կոալիցիան լքած և ընդդիմադիր դաշտ ներխուժած կուսակցության առաջնորդն է: Այս դեպքում` ո՛չ Արթուր Բաղդասարյանը, ով 2008-ի նախագահական ընտրություններից օրեր անց իրեն հաջողությամբ գտավ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում: Այս անգամ երկրորդ հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է` 18 տոկոսանոց վարկանիշով: Երրորդ և չորրորդ տեղերում գտնվող թեկնածուներն ունեն խորհրդանշական նույն` 11 տոկոսը: Եվ պետք չէ երկար փնտրել` ընդհանրություն գտնելու համար. երրորդ տեղում է էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Չորրորդ տեղում` «ոչ մեկը»:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ երրորդ տեղից հայտնվել է 5-րդ տեղում: Նախորդ` 9 տոկոս ձայներն այս անգամ նվազել են` հասնելով 4 տոկոսի:
Հարցվածների 3 տոկոսն իր ձայնը պատրաստվում է տալ` ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, և 3 տոկոսն էլ` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին: Հետաքրքիր է, որ ցուցակում ներառելով Գագիկ Ծառուկյանի անունը, «Գելլափի» հմուտ աշխատակիցները զանց չեն առել նաև Վարդան Օսկանյանի անունը: Եվ, ստացվում է, չեն սխալվել:
Ինչպես և 2008թ. նախագահական ընտրություններից առաջ, այս անգամ էլ զգալի է այն մարդկանց թիվը, ովքեր չեն կողմնորոշվել: Ըստ տվյալների` նրանք 16 տոկոս են: Եթե 16-ին գումարենք թեկնածուներից ոչ մեկին իրենց ձայնը տալ չպատրաստվող 11 տոկոս մասնակիցներին, կստանանք 27 տոկոս: Այսինքն` ընտրողների մեջ կա ազատ, կուսակցական նախապատվություններ չունեցող մարդկանց զգալի տոկոս: Դժվար է այս մարդկանց հակել որևէ քաղաքական ուժի կողմը: Այդ ժամանակն արդեն սպառվել է:
Եվ ակնհայտ է, որ անգամ քաղաքական ուժերը նման ցանկություն չունեն` ավելացնել համախոհների կամ իրենց հավատացողների թիվը: Եթե այդպես լիներ, քաղաքական դաշտում բոլորը կխաղային բաց խաղաքարտերով: Եթե ԲՀԿ-ն կուսակցական հավաք է անում և ապա հայտարարում` «զրո քոմենթ», նշանակում է` ինչ-որ բան է թաքցնում կամ չի ուզում հրապարակել: Ումի՞ց է թաքցնում. դժվար թե Սերժ Սարգսյանը կամ քաղաքական վերնախավը չիմանա օրվա որոշման մասին: Ուրեմն` խնդիրը հասարակությունն է:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը ևս հարկ չի համարում թարմացնել իր բառամթերքը. նոր հիմնավորումներ գտնել` ներկայացնելու իր կուսակցության թեկնածուի, նկատենք, համեստ առավելություններն ու արժանիքները: Նա կրկնում է նույն տեքստը, ինչն ասում էր խորհրդարանական ընտրություններին. ընտրությունների ֆավորիտը Սերժ Սարգսյանն է: Մնացյալը պայքարում են ոչ պակաս պատվավոր, բայց երկրորդ տեղի համար:
Սպասել, թե նախագահական այս ընտրություններին պատահականություններ կլինեն` Սերժ Սարգսյանի իշխանությանը սպառնացող ընդդիմադիր կոալիցիայի տեսքով, միամիտ է: 1996-ից այս կողմ նախագահական բոլոր ընտրություններն ունեցել են նույն ելքը` իշխանությունը վերցրել է հենց իշխանության ներկայացուցիչը: Ինչ խոսք, պատահականությունները բացառել ևս չի կարելի, Օրինակ` որպիսին էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը` ինքնաթիռում: Սակայն դրանք այնքան տրիվիալ պատահականություններ են, որոնք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդում: