Անցյալը լավ էր, ապագան՝ անորոշ
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ
– 2008թ. «Ազգ» օրաթերթում տպագրվեց Ձեր և Ձեր հայրիկի` Սերգեյ Մելքումյանի համահեղինակած հոդվածը, որտեղ Դուք վերլուծել էիք նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, և այնտեղ, մեղմ ասած, միայն գովասանքի խոսքեր էիք հղել Ս. Սարգսյանի հասցեին: Անցած 5 տարիների ընթացքում որքանո՞վ իրականացվեց այդ ծրագիրը:
– Համահեղինակներ էինք ես, հայրս և քույրս` Անահիտ Մելքումյանը, մենք երեքս էլ դոկտոր-պրոֆեսորներ ենք: Ինչ վերաբերում է մեր գրած հոդվածին, ապա այն շատ տեղին էր, շատ ճիշտ: Ասեմ, որ այդ ժամանակ «ՙԲարգավաճ Հայաստանը» ևս պաշտպանում էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել տարբեր գործընթացներ: Օրինակ, եթե ես վերցնեմ երկրի պաշտպանունակությունը, արտաքին քաղաքականության տարբեր ելևէջներ, բավական աշխատանք, բավական գործողություններ կատարվել են:
Ես ուզում եմ ավելի շատ խոսել տնտեսական, սոցիալական գործընթացների մասին: 2008-2009թթ. տեղի ունեցավ համաշխարհային գլոբալ ճգնաժամ, որն իր ազդեցությունն ունեցավ մեր երկրի վրա, և այդ ժամանակ ԲՀԿ-ն մաս էր կազմում կառավարությանը, և այդ ընթացքում ևս բավական բան արվեց ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:
Որպես տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր՝ ուզում եմ ասել, որ տնտեսական ճգնաժամի հաղթահարման տեմպի առումով կարելի էր ավելի արագընթաց գործողություններ կատարել, որը չի արվել: Ի՞նչ ունեինք մենք մինչև 2008թ.:
Ունեինք տնտեսության մեջ շինարարության մեծ տեսակարար կշիռ՝ մոտ 28 տոկոս, արդյունաբերության բավական փոքր տեսակարար կշիռ՝ մոտ 14 տոկոս, ունեինք գյուղատնտեսության փոքր տեսակարար կշիռ, և ունեինք առևտրի և ծառայությունների 50 տոկոսանոց ծավալ: Մենք կարող էինք ճգնաժամն ավելի հեշտ հաղթահարել և ավելի արագ գնալ առաջ:
Օրինակ՝ էներգետիկ ոլորտը ես ավելի լավ կգնահատեի, քանի որ էներգետիկ հատվածում մենք կարողացանք ակտիվ քաղաքականություն իրականացնել, նորացնել Երևանի ՋԷԿ-ը, որը ամենաարդյունավետն է տարածաշրջանում: Բայց եղան նաև բացթողումներ, օրինակ՝ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության ձգձգումները, կամ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որն այդպես էլ մնաց թղթի վրա:
Այսինքն՝ մեր մոտ ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու ռեժիմը թույլ գտնվեց, որի արդյունքում Հայաստան մեծ փողեր սկսեցին չմտնել: Ակտիվացան բացասական սպասումները. մարդիկ սկսեցին մտածել, որ կարելի է մի քիչ էլ սպասել և բնակարան չգնել, քանի որ գները շարունակում են ընկնել: Իսկ 2000-ական թվականներին պետությունն իրականացնելով խոշոր նախագծեր՝ ցույց էր տալիս, որ այստեղ փող դնելը եկամտաբեր և հեռանկարային է: Հյուսիսային պողոտայի, Կասկադի և այլ նախագծեր գեներացվում էին պետության կողմից, որն իր հերթին՝ շղթայական ռեակցիայի ձևով ազդում էր մյուս ոլորտների և աշխատուժի շուկայի վրա: Նույնը, կարծում եմ, որ պետք է արվեր հիմա. պետությունը մի քանի արդյունաբերական պիլոտային ծրագրեր պետք է իրականացներ` դրանով խթանելով մյուս ոլորտների զարգացումը:
– Եթե ընդհանուր գնահատեք, Դուք գո՞հ եք Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրականացումից, թե՞ ոչ:
– Ես հարցն այդքան կտրուկ չէի դնի: Մենք պաշտպանել ենք Սերժ Սարգսյանին՝ որպես մտավորականներ. ճանաչելով նրան՝ որպես վարչապետ և որպես պաշտպանության նախարար: Հիմա, քանի որ մենք դեռևս որոշում չունենք ապագայի նկատմամբ, եկեք հարցն այնպես չդնենք, որ ես կանգնեմ դիլեմայի առաջ: Մենք առայժմ որոշում չունենք ապագայի համար:
– Ես չեմ հարցնում ապագայում պաշտպանելու մասին, ես ուզում եմ, որ Դուք գնահատեք անցյալը`անցած 4,5 տարիները:
– Անցյալում եղել են և հաջողություններ, եղել են նաև թերություններ: Քանի որ ԲՀԿ-ն մաս է կազմել կառավարությանը, և ես բավական մոտիկից եմ ծանոթ կառավարության գործունեությանը, պետք է ասեմ, որ բավական բան արվել է: Բայց տնտեսական քաղաքականության ոլորտում որոշ դրվագներ կան, որոնց հետ մենք համամիտ չենք, չենք կիսում այդ մոտեցումները: Անցյալում որ պաշտպանել ենք՝ ճիշտ ենք արել, ապագայի համար մենք դեռ որոշումներ չունենք:
– ԲՀԿ-ական այլ պատգամավորներ, այդ թվում`և Դուք, քննադատելով կառավարության գործունեությունը, այդ քննադատությունը կապում եք վարչապետի հետ, խնայելով նախագահ Սերժ Սարգսյանին: Դա ինչպե՞ս կբացատրեք:
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ազատական, շուկայական հարաբերությունների կողմնակից կուսակցություն է: Մենք սոցիալիստներ չենք, մենք աջ-ազատականներ ենք: Քանի որ կառավարությունն իրեն վերապահված լիազորության շրջանակներում իրականացնում է ամբողջ տնտեսական քաղաքականությունը, մենք հայտարարում ենք, որ չենք կիսում այդ քաղաքականության պատասխանատվությունը, չենք կիսում որդեգրված մոտեցումները:
Այսինքն՝ կառավարության տնտեսական քաղաքականության շատ դրույթների հետ մենք համաձայն չենք: Օրինակ, մեզ չի հաջողվել ազատ, արդար, մրցակցային հարաբերություններ ստեղծել տնտեսության բնագավառում, կամ ի՞նչ եղավ հայտարարված պայքարը օլիգոպոլիաների դեմ, կամ ի՞նչ եղավ այն մոտեցումը, որ կառավարության կանխատեսումները պետք է հիմնված լինեն ռեալությունների վրա: Հունիս ամսին կառավարությունը հաստատում է 2013-2015թթ. կարճաժամկետ ծրագիրը, որտեղ 2013թ. նախատեսվում է ՀՆԱ-ի 3,8 տոկոսանոց աճ, բայց հիմա բերել են բյուջեի նախագիծ, որտեղ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 6,2 տոկոս:
Ի՞նչ փոխվեց այս մի քանի ամիսներին, որ ՀՆԱ-ի նման կտրուկ աճ է կանխատեսվում: Կամ՝ ռիսկերի կառավարման առումով գրված է, որ Եվրոպայի կամ Ռուսաստանի պարտքային ճգնաժամը կարող է ազդել բյուջեի կատարման վրա: Ներդրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին մենք դեմ ենք և ասում ենք, որ անթույլատրելի է նման տնտեսական վիճակում գտնվելով՝ մեկ աշխատատեղի ստեղծումը թանկացնել ևս 5-10 տոկոսով:
Մենք ձեռնպահ քվեարկեցինք նվազագույն աշխատավարձը 2,5 հազարով ավելացնելուն, քանի որ այն պետք է ավելի նշանակալի չափով ավելանար: Եվրոստատի տվյալներով՝ Հայաստանը գտնվում է ամենավերջին տեղում նվազագույն աշխատավարձի չափի հաշվարկով, ինչը նշանակում է, որ աշխատող մարդն ամենաքիչը վարձատրվում է մեր երկրում, ես կարող եմ էլի բազմաթիվ նման օրինակներ բերել:
– Բայց Դուք՝ քննադատելով կառավարությանն ու վարչապետին, չեք քննադատում նախագահ Սերժ Սարգսյանին: Նա իր մեղքի բաժինը չունի՞ այս բացթողումների մեջ:
– Ես փորձված գործիչ եմ և ես ուզում եմ ասել, որ մոտենում են նախագահական ընտրությունները, և մեր դիրքորոշումը մենք դեռ չենք հստակեցրել: Ինչպես ասում է Գագիկ Ծառուկյանը` այդ մասին՝ հաջորդ դասին: Մենք ասում ենք, որ՝ մենք ապագայի նկատմամբ ունենք այսպիսի մոտեցումներ, եկեք քննարկենք, և, եթե կարողանանք հասնել ընդհանրության, նոր կմտածենք դրանց իրականացման շուրջ: Մենք ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ ենք ուզում միավորվել կամ չմիավորվել:
– Եթե հաջորդ դասին Սերժ Սարգսյանը փոխի վարչապետին, և կառավարության այլ կազմ լինի, Ձեր մոտեցումները կփոխվե՞ն:
– Նորից եմ ասում, մենք չենք դնում անձերի խնդիր, մենք դնում ենք ծրագրերի խնդիր: Երբ մենք համակողմանի կքննարկենք իրերի ներկա վիճակը. քաղաքական, սոցիալական, ազգային, պաշտպանական ոլորտներում առկա ծրագրերը, այդ ժամանակ էլ կհայտնենք մեր դիրքորոշումը: Առայժմ զինվենք համբերությամբ, քանի որ, ինչպես նշեցի, մենք ապագայի առումով դեռ որոշումներ չունենք: