Երբ վարչապետը կդառնա նախագահ
Ներքաղաքական դաշտի ներկայիս խմորումները կենտրոնացած են հիմնականում ՀՀԿ-ԲՀԿ, ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների վրա, և ուշադրությունից դուրս են ավելի երկարաժամկետ նպատակներ հետապնդող զարգացումները, որոնք մշակվում են իշխանական շրջանակներում: Խոսքը, մասնավորապես, հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին է: Այդ հարցը, ինչպես վերջերս հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իշխանության օրակարգում կա:
Տ. Սարգսյանը մանրամասներ չներկայացրեց, այլ ընդամենը պատասխանեց լրագրողներից մեկի հարցին` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են փոխվարչապետի պաշտոնների ավելացման մասին տեղեկությունները: Այդ հարցը, ինչպես հայտնի է, կապվում է «Բարգավաճ Հայաստանի» հետ տարվող բանակցությունների հետ այն իմաստով, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու դիմաց իշխանությունը ԲՀԿ-ին կարող է առաջարկել փոխվարչապետի կամ փոխվարչապետերի պաշտոններ: Սահմանադրական հնարավոր փոփոխությունների թեման կարծես դրանով սահմանափակվեց:
Տ. Սարգսյանն իր կցկտուր պատասխանում փոխվարչապետերի ավելացման հնարավորությունը պայմանավորել էր պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Այսինքն` իշխանության օրակարգում է ոչ թե փոխվարչապետերի պաշտոնների ավելացման, այլ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրը, նոր հաստիքների ավելացումն էլ դրան հասնելու տարբերակներից մեկն է միայն: «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը» շատ տարողունակ հասկացություն է, և դրա տակ կարելի է ներկայացնել նաև պետական կառավարման կարգի փոփոխության հարցը: Խոսքը վերաբերում է խորհրդարանական կառավարմանն անցում կատարելու հնարավորությանը:
Այդ մասին իշխանական որոշ գործիչներ մի քանի կցկտուր հայտարարություններ արել են: Ընդհանուր տպավորությունն այն է, որ իշխանության օրակարգում նման հարց իսկապես կա, սակայն ներքին կարգով հրահանգված է դեռևս շատ «չծավալվել» այդ հարցի շուրջ: Քանի որ դա իրականում ոչ այնքան պետական կառավարման համակարգի արդյունավետության, որքան գործող իշխանության երկարաժամկետ վերարտադրության խնդիրը լուծող ծրագիր է:
2003 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Սերժ Սարգսյանը պաշտոնավարելու է իր երկրորդ նախագահական ժամկետը: Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո` 2018 թվականին: Մտածել, որ Ս. Սարգսյանը՝ հետևելով Սահմանադրության պահանջին, ուղղակի կհանձնի իր լիազորությունները, միամտություն կլինի: Միամտություն կլինի նաև կարծել, որ Ս. Սարգսյանը կարող է թեկուզ մտածել որևէ ձևով երրորդ ժամկետում առաջադրվելու մասին:
Դրա համար Հայաստանը պետք է դառնա առնվազն Բելառուսի կարգի պետություն, ինչի հեռանկարը, բարեբախտաբար, գոնե այս պահին չկա: Գուցե՝ ի հեճուկս իշխանությունների ցանկության:
Ս. Սարգսյանը` այսօր պատրաստվելով նախագահության երկրորդ ժամկետին, բնականաբար, չի կարող չմտածել այն մասին, թե ինչ է լինելու 5 տարի հետո: Հայաստանի իշխանության ներքին տրամաբանությունը հաշվի առնելով՝ իշխանություն ունեցողների համար դրա կորուստը ողբերգություն է համարվում: Այսինքն` Ս. Սարգսյանը պետք է փորձի իշխանությունը ոչ ուղղակիորեն պահպանելու տարբերակներ գտնել: Ակնհայտ է, որ անցումը խորհրդարանական հանրապետությանը, այդ խնդրի լուծման ամենաարդյունավետ հնարավորությունն է:
Հատկապես, որ տարիներ շարունակ դա են պահանջում գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը: Այսինքն` Սերժ Սարգսյանին որևէ մեկը չի մեղադրի նրանում, որ սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում՝ սեփական իշխանությունը պահպանելու համար: Մեղադրողներ, իհարկե, կլինեն, սակայն նրանց անմիջապես կհակադարձեն, որ դա ընդդիմության պահանջն է, և խորհրդարանական կառավարման համակարգն «ազգային համաձայնության նախաձեռնություն» է:
Եթե իշխանությունը խորհրդարանական կարգին անցում կատարելու վերաբերյալ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, մեծ դժվարություն չի ունենա դա անցկացնելու հարցում: Խոսքը ոչ միայն կամ ոչ այնքան կեղծիքների, այլ այն մասին է, որ ոչ իշխանական ուժերը ևս ներքին շահագրգռվածություն ունենալով այդ համակարգին անցում կատարելու հարցում՝ կապահովեն սահմանադրական փոփոխությունների սահուն ընթացքը: Եթե դա տեղի ունենա, ապա այն ուժը, որը մեծամասնություն կկազմի 2017 թվականի ԱԺ ընտրություններում, կդառնա երկրի դե ֆակտո իշխանությունը` սեփական վարչապետով:
Հենց այդ հեռանկարը կարող է ոգևորել ու դրդել Սերժ Սարգսյանին` սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու հարցում: Ս. Սարգսյանի հաշվարկը, թերևս, այն է, որ 2017 թվականի ընտրություններում ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն կկազմի, և ինքը, թեկուզ մեկ տարի շուտ թողնելով նախագահի պաշտոնը, կդառնա վարչապետ: Արդեն նոր` խորհրդարանական հանրապետությունում:
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե ամեն ինչ հենց այդպես էլ կարող է լինել, կամ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի` հաղթելու հնարավորություններն անառարկելի են: Ամենևին: Սա ընդամենը սցենար է, որը կարող է տեղավորվել իշխանությունների ու անձամբ Սերժ Սարգսյանի հաշվարկների մեջ:
Այս ` ավելի երկարաժամկետ զարգացումների համատեքստում, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կամ հակասությունները որոշակիորեն այլ տեսք են ստանում: Այսինքն` իրականում հիմա պայքարը ոչ թե հաջորդ տարի իշխանությունը կիսելու կամ հանձնելու, այլ հաջորդ տասը տարիներին իշխանություն ունենալու համար է: Այլապես ներկայիս խնդիրները հարթելու համար Ս. Սարգսյանը գուցե բավարարեր ԲՀԿ-ի ախորժակը և վարչապետի պաշտոնը տրամադրեր նրան: Սակայն դա կարող է վտանգավոր լինել ոչ այնքան գալիք նախագահական ընտրությունների, որքան հետընտրական զարգացումների տեսանկյունից:
Ինչ վերաբերում է փոխվարչապետերի պաշտոնների ավելացմանը, ապա այդ թեմայի շրջանառությունը ձեռնտու է իշխանություններին: Դա լավ հնարավորություն է սահմանադրական փոփոխությունների իրական բովանդակությունն ու նպատակները հնարավորինս ուշ բացահայտելու համար: