ԲՀԿ-ի ճամփորդող ինտրիգը
Առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասնակցության ձևաչափի հարցը, ոչ միայն ԲՀԿ-ականների ջանքերով, դարձել է քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգը:
Դրան նպաստել են գրեթե բոլորը: Ամենաշատը, բնականաբար` Հայ ազգային կոնգրեսը, որը վերջին մի քանի ամիսներին, ըստ էության, զբաղված է ԲՀԿ-ից «հզոր ու ժողովրդավարական» ուժ կերտելու` անփառունակ թվացող փորձերով: ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի «ինտրիգի» մեծացմանը նպաստել է նաև ՀՀԿ-ն` ամեն օր հայտարարելով անցած տարի կնքված կոալիցիոն հուշագրի մասին: Մի խոսքով, որքան էլ տարօրինակ թվա, ԲՀԿ-ին կամ նրանց, ում դա ձեռնտու է, հաջողվել է դառնալ քաղաքական դաշտի` գոնե այս փուլի սպասումը:
Նախագահական ընտրություններում որևէ ձևաչափով հանդես գալու կամ ընդհանրապես չմասնակցելու` ԲՀԿ նախագահի հնարավոր տարբերակների մասին առիթ ունեցել ենք գրելու: Սակայն, մինչ Գագիկ Ծառուկյանը լռում է, գրեթե բոլոր ԲՀԿ-ականները, իրար հերթ չտալով, բարձրաձայնում են իրենց անձնական կարծիքներն առ այն, որ ճիշտ կլինի, եթե ԲՀԿ-ն սեփական թեկնածուով մասնակցի ընտրություններին, և այդ թեկնածուն բացառապես Գագիկ Ծառուկյանն է:
ԲՀԿ-ականների մղումները վստահաբար անկեղծ են ու հասկանալի: Անհասկանալին այն կլիներ, որ հայտարարեին, թե իրենք չպետք է մասնակցեն ընտրություններին, կամ էլ իրենց թեկնածուն պետք է լինի որևէ երրորդ անձ:
Իրենց անձնական կարծիքները ԲՀԿ-ականները հիմնավորում են նրանով, որ իրենք մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժն են, անցած ընտրություններում ստացել են մոտ կես միլիոն ընտրողների «վստահության քվեն», ինչը պարտավորեցնում է մասնակցել նաև նախագահական ընտրություններին: Մեծ հաշվով, ԲՀԿ-ականներն այլ փաստարկներ չեն ներկայացնում:
Այլ փաստարկներ ասելով` առաջին հերթին նկատի ունենք անձամբ Գագիկ Ծառուկյանի անձի` որպես նախագահի հնարավոր թեկնածուի, առաջադրումը հիմնավորող փաստարկներ: Ասվածը չի վերաբերում Ծառուկյանի մարդկային որակներին, ժողովրդին սիրելու կամ ժողովրդի մասին մտածելու նրա պատրաստակամությանը: Տվյալ դեպքում, չենք քննարկում նաև նրա լավ կամ վատ կառավարիչ լինելու, պաշտոնավարման համար անհրաժեշտ այլ հատկանիշները: Գուցե դրանք բոլորն առկա են ու ամենաարդյունավետն են Գագիկ Ծառուկյանի մոտ:
Խնդիրը բոլորովին այլ հարթությունում է: Խոսքը մի մարդու մասին է, ով, լինելով մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի անդամ, առնվազն վերջին մի քանի ամիսներին Հայաստանում գրեթե չի լինում: Վերջին շրջանում մամուլում ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, թե շաբաթվա որ օրը Գագիկ Ծառուկյանը քանի ժամով է ժամանել Հայաստան, քանի հոգու հետ է հանդիպել Կոնյակի գործարանում և վերադարձել արտերկիր:
Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակի հայտարարությունների մեծ մասը ևս վերաբերում է նրա ճամփորդությունների գրաֆիկին: Գագիկ Ծառուկյանն իր արտերկրյա ուղևորություններով, թերևս, կարող է գերազանցել անգամ լատինաամերիկյան երկրների մեծ սիրահար Էդվարդ Նալբանդյանին:
Այսինքն` ներկայումս քննարկվում է նախագահի պաշտոնում մի մարդու առաջադրվել-չառաջադրվելու հնարավորությունը, ով ավելի շատ բացակայում է Հայաստանից, քան գտնվում է Հայաստանում: Հասկանալի պատճառներով` բիզնես նպատակներով: Ընդ որում, նա Հայաստանից բացակայում է նաև իր ղեկավարած կուսակցության համար կարևորագույն նշանակություն ունեցող իրավիճակներում, ինչպես եղավ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու պարագայում, նա ընդհանրապես չի մասնակցում Ազգային ժողովի նիստերին: Ու ցանկացած նման իրավիճակում նրա կուսակիցները կամ մամլո քարտուղարը բացակայությունը հիմնավորում են «կարևոր գործերով զբաղվածությամբ»:
Գագիկ Ծառուկյանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ազատ տեղաշարժի իրավունք ունի, և, բնականաբար, նրա անձնական ճամփորդությունները որևէ մեկին չեն վերաբերում: Բայց Գ. Ծառուկյանը քաղաքական ու հանրային գործիչ է, ում կուսակիցները նրան տեսնում են նաև նախագահի պաշտոնում: Անցած առնվազն վեց ամիսները ցույց են տվել, որ նրա համար ավելի մեծ կարևորություն են ներկայացնում արտերկրին վերաբերող գործերը, քան ներքին, անգամ` սեփական կուսակցության խնդիրները: Իհարկե, ԲՀԿ-ականները կփորձեն համոզել, որ Ծառուկյանը տարբեր երկրներում զբաղվում է բացառապես Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող խնդիրների լուծմամբ, բայց դա արդեն լուրջ չի լինի: