«Հայկական կողմը ևս ի վիճակի է ոչնչացնել Բաքու թռչող ինքնաթիռները»

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված Ադրբեջանի հերթական հայտարարության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ աշխարհում գործող բոլոր օրենսդրական եւ բարոյական նորմերն ուղղակիորեն արգելում են ուժ կիրառել քաղաքացիական փոխադրամիջոցների, այդ թվում` ինքնաթիռների նկատմամբ:

Հովհաննիսյանը, սակայն, վերապահում է անում. «Բայց Ադրբեջանի դեպքում, իհարկե, դեռ հարց է` իրենք հասկանո՞ւմ են այդ օրենքները, կամ բարոյական ի՞նչ նորմերով են առաջնորդվում, քանի որ մենք գիտենք իրենք ինչ արժեհամակարգով են առաջնորդվել սովորաբար»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված չորեքշաբթի օրը հայտարարել է.

«Գոյություն ունի Չիկագոյի կոնվենցիան՝ քաղաքացիական ավիացիայի մասին, երկրորդը, հարկ է հաշվի առնել, որ մենք ներկայումս գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և երրորդ, եթե հայերը գնան նման քայլի, ապա կստանան համարժեք պատասխան, այսինքն՝ Ադրբեջանի բանակը կկատարի իր վրա դրված պարտավորությունները»:

Դեպքերի` ադրբեջանական սպառնալիքներում ակնարկվող սցենարի զարգացման դեպքում հայկական կողմի պատասխանը, ըստ պաշտպանության նախարարի խոսնակի, լավագույնս ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը. այն է` հայկական կողմը ևս ի վիճակի է ոչնչացնել դեպի Բաքու թռչող ինքնաթիռները:

Օրերս Հակոբյանը հայտարարել է, թե հակառակորդը փաստացիորեն ի վիճակի է հարվածել  քաղաքացիական ինքնաթիռները, քանի որ տիրապետում է նման զենքի:

«Բայց ցանկանում եմ հիշեցնել, որ մենք էլ նույնը կարող ենք անել և կործանել Բաքու ուղեւորվող օդանավերը, թեեւ երբեք մեզ նման կարգի հայտարարություններ թույլ չենք տվել»,- ասել է Ղարաբաղի պաշտպանության նախարարը` հավելելով, թե ԼՂ հակաօդային պաշտպանության համակարգն այս տարի արդեն ուղեկցել է 2226 ինքնաթիռ դեպքի Ադրբեջանի տարածք:

«Այսինքն այդքան ինքնաթիռներ կարող էինք կործանել»,- ասել է Հակոբյան:

Մովսես Հակոբյանը նաեւ հայտարարում է. – «Որպեսզի մեր հասարակությունը վստահ լինի, ինձ շատ հաճախ են կանչում Երեւան, ես համարյա ամեն օր օդանավով եմ թռչելու»:

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միանշանակ սադրանք որակելով Ադրբեջանի հիշյալ հայտարարությունը, ասում է, թե, այնուամենայնիվ, զուսպ է վերաբերվում դրան: Նահապետյանը նշում է, թե քաղաքական և ռազմավարական որոշ նկատառումներից ելնելով` նպատակահարմար չի համարում հայկական կողմի հավանական արձագանքի մասին խոսելը:

«Բազմիցս մենք նշել ենք, որ թե’ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, և թե’ առանձին սադրիչ գործողությունների կապակցությամբ մենք միշտ պատրաստ ենք համարժեք գործողություններ կատարել: Դա կարող է լինել առանձին հայտարարությունների տեսքով, կարող են լինել նաև համարժեք ռազմական գործողությունների տեսքով, այնպես որ վստահեցնում եմ, որ մեր իշխանությունների կողմից համարժեք քայլեր են իրականացվում, եւ որեւէ մտավախություն պետք չէ ունենալ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Նահապետյանը:

Ստեփանակերտի օդանավակայանը արդեն իսկ հանձնվել է շահագործման, սակայն թռիչքներ դեռևս չեն իրականացվում։ Օդանավակայանի գործարկման առնչությամբ Ադրբեջանը պարբերաբար կոշտ հայտարարություններ է հնչեցնում՝ սպառնալով իջեցնել կամ կործանել քաղաքացիական ինքնաթիռները:

Այդ հայտարարությունները մտահոգել են նաեւ միջազգային հանրությանն ու, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս տարվա հուլիսին հակամարտության գոտի կատարած հերթական այցի արդյունքով համանախագահները հանդես էին եկել համատեղ մի հայտարարությամբ, որում նշել էին, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու ծրագրի վերաբերյալ կողմերից հավաստիացում են ստացել այն մասին, թե վերջիններս բացառում են որեւէ սպառնալիք կամ ուժի կիրառում քաղաքացիական ավիացիայի դեմ:

Ըստ նույն հայտարարության, կողմերը միջնորդներին հավաստիացրել են, թե խնդիրը քննարկելու են դիվանագիտական հարթության մեջ և զերծ են մնալու այն քաղաքականացնելուց: Համանախագահները նաեւ ընդգծել էին, որ օդանավակայանի գործարկումը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման վրա եւ կողմերին կոչ էին արել գործել միջազգային իրավունքի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս