«Հոգեբանական վերաբերմունքը ազատազրկվածների նկատմամբ չի փոխվում»

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ու մեղադրյալների կողմից ինքնավնասումները կանխելու միակ ճանապարհը մտածողության փոփոխությունն է: Ինչպես «Փաստինֆոյի» թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի փորձագետ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, պետք է փոխվի քրեակատարողական հիմնարկների աշխատողների հոգեբանությունը:

Ըստ իրավապաշտպանի, նրանց մեծ մասի վերաբերմունքը ազատազրկվածների նկատմամբ ոչ մարդկային ու արհամարհական է: «Նոր աշխատողներ՝ լրիվ նոր հոգեբանությամբ, պայմաններ, վերաբերմունք, պատշաճ հոգեբանական ծառայություններ և այս ամենի համար պետք է լինի նաև պատշաճ աշխատավարձի»,- ասել է Ա. Իշխանյանը՝ հավելելով, որ առանց անկախ դատական իշխանության «այս բոլոր հարցերը կմնան օդի մեջ»:

Ա. Իշխանյանի խոսքով` մեզանում բարեփոխումները գալիս են ոչ թե ներքին պահանջից, այլ եվրոպական կառույցների պահանջներից, դա էլ է ամեն դեպքում ինչ-որ դրական փոփոխությունների հանգեցնում, բայց և՛ հասարակության, և՛ իշխանության հոգեբանական վերաբերմունքը ազատազրկվածների նկատմամբ չի փոխվում:

Ա. Իշխանյանը միաժամանակ նշել է, որ ինքնավնասման փորձեր միշտ էլ եղել են, խորհրդային շրջանից մնացած ժառանգություն է, որի դեմ Հայաստանի անկախացումից ի վեր կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել:

ՔԿՀ-ներում բողոքները, որպես կանոն, լինում են իրենց քրեական գործերից, ինչը չի նշանակում որ ՔԿՀ-ներում ամեն ինչ բարվոք է, այնտեղ կա ոչ կանոնադրական հարաբերություններին առնչվող «ներքին նորմ», ըստ որի` ՔԿՀ-ից բողոքել չի կարելի:

Վերջին ինքնավնասումների պատճառները տարբեր են եղել՝ դժգոհություն քրեական գործերից, պահանջել են տեղափոխել հոգեբուժական մաս կամ այլ քրեակատարողական հիմնարկ: Վերջինս կարող է հարազատներին մոտ գտնվելու ցանկություն լինել կամ դժգոհություն՝ ՔԿՀ-ից:

«Ես համարյա համոզված եմ, որ մինչև ինքնավնասումը թեկուզ բանավոր բողոքներ ներկայացրել են, հնարավոր է, հավանական է, որ նրանց բողոքները տեղ չեն հասել, ստիպված դիմել են այդ քայլին»,- ասել է իրավապաշտպանը:

«Հնարավո՞ր են հրաժարականներ» հարցին Ա. Իշխանյանը պատասխանել է. «Երկու տարի առաջ հայտնաբերեցինք, որ շուրջ մեկ ամիս առանց դատարանի որոշման անձը գտնվում է ազատազրկման մեջ «Նուբարաշեն» հիմնարկում և դրա մասին հայտարարություն արեցինք, դատարան դիմեցինք, սակայն ոչ միայն քրեական գործ չհարուցեցին, այլև այդ ՔԿՀ-ի պետը այդպես էլ չազատվեց աշխատանքից»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում վերջին օրերին մի քանի դատապարտյալների ինքնավնասման դեպքերի վերաբերյալ, մասնավորապես, նշել էր, որ բողոքների մեծ մասը դատական ակտերից են:

«Ես չեմ ասում, որ այդ բողոքներն օբյեկտիվ են, մարդը պարզապես ազատության համար սկսում է ամեն ինչ անել, մի մասը բերանն է կարում»: Նախարարը հավելել էր, որ կոնկրետ այդ դատապարտյալների համար «աչք ու բերան կարելը» սովորական բան է դարձել, այդ կարերից անգամ անցքեր են առաջանում` ինչպես աղջիկների ականջներին: Հ. Թովմասյանը նշել էր նաև, որ նման ձևերով իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելու մեթոդը սովորական երևույթ է դարձել, և ոչ միայն` Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս