«ԲՀԿ-ն մուտացիայի տիպիկ օրինակ է, որը, չես հասկանում` ի՞նչ է»
Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ
– Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական դաշտի միակ առանցքը, կարծես, դարձել են նախագահական ընտրությունները: Մասնավորապես, ԲՀԿ-ի նախագահի թեկնածու առաջադրելը կամ ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր միասնական թեկնածուով հանդես գալը: Առաջիկայում ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում, և, ըստ Ձեզ, ինչո՞ւ է քաղաքական դաշտի մեր հետաքրքրությունների շրջանակն այդքան նեղացել:
– Իսկապես տարածված հարց է, և ամենահետաքրքիրն այն է, որ լրագրողների մեծ մասն անընդհատ կրկնելով այդ հարցը` այս կամ այն ձևակերպմամբ, զուգահեռ հարցնում է, թե ինչո՞ւ է հասարակությունն այսքան անտարբեր: Այսինքն` կարծես, ի սկզբանե ոչ ռացիոնալ հարցադրում է արվում, երբ լրագրողն ուզում է իմանալ միայն դրա մասին` գուցե չմտածելով, որ դա այլ մարդկանց չի հետաքրքրում: Կարծես, արհեստական հետաքրքրություն է ձևավորվել, և պարզվում է, որ մամուլի և հասարակության հետաքրքրությունները տարբեր են: Դա ֆենոմենալ երևույթ է, և պետք է հասկանալ` ինչո՞ւ է այդպես:
Հարցը, թե ո՞ւր է Ծառուկյանը, ի՞նչ է, ո՞վ է Ծառուկյանը, ինձ` բացի քաղաքագիտական վերլուծություն անելուց` չի հետաքրքրում, որովհետև այնքան պարզ է ամեն ինչ, իսկ պարզ բաներով հետաքրքրվել չարժե: Բոլորը հստակ ասում են` ինչի հետ գործ ունեն. մի քաղաքական փուչիկի հետ, փողով գնված, փողով աշխատող, այսինքն` դասական օլիգարխիկ կառույց, դասական մի երևույթ, որը Հայաստանի 20 տարվա անօրինականության պայմանների արդյունքն է:
Բոլորս էլ գիտենք, որ 20 տարի է` օրենքի գերակայություն, իրավահավասարություն, դատական համակարգ չկա, բայց չէ՞ որ այդ պայմաններում կյանք կա:
Անօրինականությունը դարձել է նորմ, որի դեպքում ձևակերպվում է համապատասխան կյանքի որակ, մարդկանց խմբավորումներ, շահեր: ԲՀԿ-ն տիպիկ օրինակ է մուտացիայի` հասարակական-քաղաքական խմբավորման, որ չես հասկանում` ի՞նչ է: Միայն իրենք են հասկանում, թե ի՞նչ են և ինչի՞ համար են: Մնացածները նույնպես հասկանում են, բայց չեն կարողանում կողմնորոշվել դրանում: Դա ի՞նչ է` կուսակցությո՞ւն է, թե՞ կուսակցություն չէ: Եթե կուսակցություն է, ապա ինչո՞ւ կուսակցության պես չի պահում, իսկ եթե կուսակցություն չէ, ապա ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ:
Ընդհանրացնելու դեպքում կտեսնենք, որ Հայաստանի ամբողջ հասարակական-քաղաքական կյանքը բաղկացած է նման երևույթներից, որտեղից մի քանի եզրահանգումներ պետք է անենք` ինչո՞ւ է այսպես լճացած այս երկիրը, որովհետև, ամբողջ կյանքը հյուսված է նման կազմավորումների գործունեությունից, որոնք երբեք թույլ չեն տա պարզել այդ պղտոր ջուրը: Նրանք փայլուն գիտեն, որ ջուրը պարզելու պահից իրենք` որպես երևույթ, վերանալու են: Այսինքն` մեծ պատնեշ է դրված ժողովրդի զարգացման ճանապարհին:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, թե ինչո՞ւ է հասարակությունն այսքան անտարբեր այս ամենի նկատմամբ, որովհետև հասարակությունը` հասկանալով` ինչի հետ գործ ունի, չի ուզում տեսնել ռացիոնալ երևույթներ դրա մեջ:
Այն, ինչ հայտարարվում է, հասարակությունը չի հավատում: Այդ դեպքում հասարակությունը, տեսնելով այդ վիճակը, ռացիոնալ է դառնում, երբ չգիտի, թե ինչպե՞ս ազատվի այս վիճակից: Չէ՞ որ մենք ասում ենք` «օլիգարխիզացիա» է կատարվել, երբ թարախոտվում է ամբողջ պետական մարմինը: Եվ հասարակությունը մնալով դրա մեջ` դառնում է անզոր, չգիտի` ի՞նչ անի, որովհետև այս կամ այն խմբավորումները հայտարարում են, թե կհաղթահարեն այս վիճակը, սակայն շատ շուտ պարզվում է հասարակության համար, որ ոչ ոք ի վիճակի է ո՛չ հաղթահարել, ո՛չ էլ ցանկություն ունի հաղթահարել:
– Այսօր կա՞ այն քաղաքական ուժը, որ հասարակությանն այդ անզորության վիճակից կհանի:
– Հայաստանում չկա այնպիսի կուսակցություն կամ կուսակցական միավորում, որ կարող է փոխել այդ վիճակը, որովհետև դրանք նույն պղտոր ջրում աճած, նույն որակին պատկանող խմբեր են: Երկրորդ հարցն այն է, թե ընդհանրապես կուսակցական միավորումն ի վիճակի՞ է համակարգային փոփոխություն անել, չէ՞ որ խոսքը համակարգային փոփոխության մասին է:
Այսինքն` անզորությունից հանելով` նշանակում է` հաստատել մեկ ուրիշ կարգ, որը ժողովուրդը վաղուց պարզել է իր համար և ուզում է, որ իր երկրում լինի օրենքի գերակայություն և արդարադատություն: Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, թե ո՞վ է այդ փոփոխություն կատարողը, արդյո՞ք դա կարող է անել որևէ կուսակցություն: Կարծում եմ` ամենամեծ սխալն այն է, որ տարիներ շարունակ այս գաղափարը հրամցվում էր հասարակությանը, թե կգա երրորդ ուժ, որը կանի դա:
Սակայն առնվազն 20-րդ դարի ուրիշ պետությունների փորձն ուսումնասիրելով` հասկանում ենք, որ այս խնդրի լուծումը դրված է միայն ու միայն հասարակության, քաղաքացիական շարժումների վրա: Հայաստանում դա ծաղրի է ենթարկվում, բայց մենք ի՞նչ ենք ունեցելգ Մենք ունեցել ենք 2008թ., երբ համընդհանուր տպավորություն ստեղծվեց, թե գոյություն ունի քաղաքացիական շարժում, որի նպատակն էր` հեռացնել ավազակապետությունը, և այլն:
Անցավ շուրջ 5 տարի, և, բնականաբար, որևէ բան չփոխվեց, սակայն փոխվեցին ժողովրդի պատկերացումներն այս վիճակի մասին: 5 տարվա ամենամեծ արժեքը դա է, որ մարդիկ սկսել են ավելի խորքային հարցեր տալ, հասկանալ, թե ինչո՞ւ այդ փոփոխությունը չկատարվեց: Ի՞նչ էր եղել 2007թ., երբ կուսակցական միավորումը հայտարարել էր իշխանափոխության խնդրի մասին` ներկայանալով` որպես ժողովրդական շարժում, մինչդեռ իրականում դա եղել է կուսակցական պայքար իշխանության համար:
Այդ միավորումը չի ցանկացել հեռացնել այսօրվա իշխանությունը, որ լինեն ազատ, արդար ընտրություններ, որտեղ ժողովուրդը կընտրեր իր իշխանությունը: Նման խնդիր դրվա՞ծ էր: Ո՛չ: Խնդիր էր դրվել հեռացնել և գալ իշխանության: Սա էական հանգամանք է:
Իսկ քաղաքացիական շարժումները երբևէ չունեն այս կամ այն խմբավորմանն իշխանության բերելու խնդիր, և դրանով են իրենք հզոր: Իսկ երբ կուսակցական միավորումն է իրեն հայտարարում` որպես քաղաքացիական շարժում, ապա առաջին հերթին խաբում է ինքն իրեն, ժողովրդին, և իր գործունեությունը ծավալում է այնպես, որ անպայման պետք է բերի ֆիասկոյի` իրեն հակադրելով ուրիշ կուսակցությունների հետ: Այնինչ` վերջում հանգում է այն վիճակին, որում հայտնվեց 2008թ. ստեղծված շարժման հետևորդը:
– 2008թ. հասարակությունը վերարթնացել էր, և դեռևս այդ ժամանակ շատ էին խոսում հեղափոխության սցենարի մասին: Ինչո՞ւ չստացվեց:
– Որովհետև դա եղել էր հասարակ կուսակցական պայքար, և գոյություն ունեցող կուսակցությունների միավորումները թույլ չտվեցին դա: Իսկ քաղաքացիական շարժումը, ինչպես նշեցի` բերում է ֆիասկոյի, ուլտիմատում է դնում, պարտադրում է և ստեղծում է պայմաններ, որտեղ հնարավոր է ձևավորել իշխանություն: Նման շարժումների դեպքում ստեղծվում է բնական լիդերություն մարդկանց, որոնք կուսակցական չեն և խնդիր չունեն գալ իշխանության: Այդ մարդիկ շատ հզոր են և չեն շեղվում իրենց առջև դրված նպատակից` պատասխանատվություն վերցնելով դրա համար: Լիդերներն այդպես են ստեղծվում, այլ ոչ թե հրամայում են, ինչ-որ մեկը որոշում է, որի համար, չգիտես` ո՞վ է պատասխանատուն:
– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը, որ այդքան շատ է խոսվում ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր, այսպես ասած` կոալիցիայի մասին, եթե ՀԱԿ-ը տարիներ պայքարում է օլիգարխիայի վերացման դեմ, արտահերթ ընտրությունների պահանջ էր ներկայացնում: Տպավորություն է, թե ՀԱԿ-ն է սկսել մաևրել: Ինչո՞ւ:
– Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ում և ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը ո՞րն է եղել: Մինչ օրս էլ, երբ նայեք Ֆեյսբուք սոցիալական կայքը, կտեսնեք, որ նպատակը մի մարդու իշխանության բերելն է: 5 տարի այդ ամբողջ զանգվածի կյանքի նպատակը մի մարդու իշխանության բերելն է: Ի՞նչ նշանակություն ունի, թե այդ մարդուն ի՞նչ ճանապարհով են բերում իշխանության` ցանկացած ճանապարհով էլ կբերեն, այսպես ասած` սատանայի հետ էլ կխոսեն, միայն թե բերեն իշխանության:
Խնդիրը ոչ թե համակարգային փոփոխությունն է, այլ մի մարդու իշխանության բերելը: Նման խնդիր են լուծում` ծաղր ու ծանակի ենթարկելով ժողովրդին, խաբեությամբ, քանի որ մարդիկ նույնիսկ չեն թաքցնում իրենց նպատակը: Իսկ իրենց առջև դրված խնդիրը կապ չունի հասարակության և ընդհանրապես պետական շահերի հետ: Այսօր փոխվել են ձևերը, սակայն նպատակը նույնն է մնացել: Դա է պատճառը, որ մենք այսօր տեսնում ենք ձևերի մուտացիա. ինչ-որ պահից հետո ասելու են` միտինգներ չանենք, գնանք Սերժ Սարգսյանի հետ խոսենք, եթե չստացվի, կասեն` հիմա էլ գնանք սրանց հետ խոսենք, վաղն էլ կգնանք Էրդողանի հետ կխոսենք: Եվ դա է պատճառը, որ հասարակության մեծ մասը հասկացել է և դարձել է անտարբեր` դեռևս գիտակցության չգալով, թե ինչպե՞ս փոխեն այս պրոցեսը:
Այստեղ կարևորը խնդիր ձևակերպելն է, ինչպես եղել էր 1987թ., երբ ձևակերպվեց Ղարաբաղն Ադրբեջանից ազատագրելու խնդիրը: Ղարաբաղյան շարժումը եղել է խորքային համակարգային շարժում, բայց հիմա 20 տարվա պղտոր ջրում ժողովրդին սկսել են համոզել, թե կան մարդիկ, որ իրենք են լուծում այդ հարցերը: Իսկ տասնամյակների ընթացքում այս համոզմունքն այնքան է խորացել, որ հասարակությունն ինքն էլ է սկսել հավատալ, որ դա ուրիշների գործն է, և ոչ` իրենը:
Այդ հավատը սկսել է կոտրվել: Եթե այդ կեղծ համոզմունքը վերանա, և մարդիկ հիշեն, որ իրենք շարժման մեջ են եղել և խնդիր են լուծել, ապա այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել փոփոխությունների մասին: Իսկ մենք դա տեսել ենք փոքր խմբերի օրինակով, ինչպես Թռչկանի, Մաշտոցի պուրակի դեպքերում: Այդ օրինակները շատ վարակիչ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես պետք է պայքարել:
– Եթե փետրվարին նորից վերընտրվի այս իշխանությունը, ապա ո՞րն է լինելու ելքը: Ո՞ւր է գնում հասարակությունը:
– Հասարակությունը պետք է երբեք չնայի դրան: Օլիգարխիան մնում է. այն թարախոտված օրգանիզմ է, երբ մարմինը ծանր հիվանդությամբ հիվանդանում է, սկսում է թարախոտվել, և ինչքան էլ ուզում եք մաքրել` միևնույն է` թարախը չի անցնի, բայց երբ սկսում եք բուժել, այդ դեպքում թարախը վերանում է:
Օլիգարխիան վիճակ է, և երբ հասարակությունն ի վիճակի չէ հաստատել օրինական կարգ և իշխանություն երկրում, ապա ստեղծվում է այդ վիճակը: Իսկ դա կվերանա այն ժամանակ, երբ հասարակությունը հասկանա, որ այդ վիճակը ստեղծվել է իր անզորությունից: Իսկ ղարաբաղյան շարժումը տարբերվում էր իր խաղաղ անհնազանդությամբ, երբ Գորբաչովին ասում էին, որ չեն ընդունում իր որոշումը, որովհետև այն անօրինական է, և, որ պետք է գնա նոր որոշում ընդունի: Իսկ անօրինական որոշումներին չենթարկվելը ռեալ պայքարի հիմք է դնում:
– Որպես ՀՀ քաղաքացի` ինչպե՞ս եք Ձեզ զգում Ձեր երկրում:
– Տխուր է, որ մեր հասարակությանը կարողանում են խաբել: Ամենավատ բանը դա է: Միակ բանը, որ նյարդայնացնում է ինձ` այն է, թե ո՞նց է հասարակությունն այսքան հեշտ խաբվում: Մնացածն աշխատանք է` անում ենք:
Կյանք է` պետք է կառուցելով գնանք, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես ենք խաբում երիտասարդներին, թուլացնում, դա շատ ծանր է: Հուսով եմ` դա այլևս չի ստացվի, և կարծեմ` արդեն իսկ չի ստացվում, պարզապես դեռևս սաղմնային վիճակ կա` կռապաշտության քանդելու պրոցեսն է, որը ցանկացած հասարակության մեջ շատ ցավոտ պրոցես է, որովհետև հասարակությունը սկսում է հաղթահարել ինքն իրեն, իրեն ազատել իր կեղծ համոզմունքներից, ինչն ագրեսիվություն է բարձրացնում հասարակության մեջ: Սակայն դա պետք է հաղթահարել:
Եթե կռապաշտությունը հաղթահարվի հասարակության մեջ, ուրեմն` այն երբևէ չի խաբվի: