Բաժիններ՝

Հանրային խորհրդի քննարկումը` ճաշից հետո մանանեխ

Հարային խորհուրդն այսօր կազմակերպել էր հասարակություն-կառավարություն «երկխոսություն», որին մասնակցում էին 30-ից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ: Քննարկման թեման ԱԳՆ շենքի վաճառքն էր:

Ներկաների կարծիքով՝ ԱԳՆ-ի շենքը վաճառելը հավասարազոր էր ազգային դավաճանության: Չնայած, որ  ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը մանրամասն ներկայացրեց վաճառքի հետ կապված թղթաբանական հիմքերը, բայց դա ամենևին էլ չփոխեց ներկաների տեսակետը: Ըստ Ա. Մարկոսյանի՝  գործարքը  համարվում է բավականին արդյունավետ, և Կառավարության  միակ պահանջը սեփականատիրոջից այն է, որ պահպանվի   հուշարձանի պատմամշակութային տեսքն ու արժեքը:

Սակայն այս հարցում ամենևին էլ լավատես չէ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:  Նա կորցրել է լավատեսությունը Կառավարության որոշումներն անփոփոխ պահելու և դրանք  չխախտելու հարցում. «Հյուսիսային պողոտան կառուցելու համար քանդվեցին 30 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր, բացի այդ, նույն կառավարության որոշման համաձայն այնտեղ պետք է կառուցվեին հինգհարկանի շենքեր: Բայց կյանքը ցույց տվեց, որ Հյուսիսային պողոտայում ոչ միայն կառուցեցին բարձրահարկ շենքեր, այլև չկատարեցին մեկ այլ որոշում` Լալայանց փողոցի վրա  չկառուցվեցին պլանավորված  երկու-երեք ազգագրական շենքերը: Ցավով եմ արձանագրում, որ  մեր երկրում չվաճառվող ապրանք չկա, և այնպիսի տպավորություն է, որ եթե լավ փող տան, մեզ էլ կվաճառեն: Իսկ այս  քննարկումը կրում է ձևական բնույթ, քանի որ  ոչինչ  հնարավոր չի լինի փոխել»:

ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության քաղաքականության վարչության պետ  Արտաշես  Թարլամազյանի  կարծիքով՝  այս քննարկումը կազմակերպելը բոլորովին էլ  ժամանակավրեպ չէ և լավ հնարավորություն է  հասարակությանը  տեղեկացնելու գործարքի մանրամասների և հետագա նպատակների մասին: «Հասարակությունը հնարավորություն ունի համոզվելու, որ գործարքը չափազանց նպատակահարմար  էր, օրենքի շրջանակներում և արդյունավետ:  Պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ է դրվել, որի արդյունքում եկամուտ կապահովի նույն պետությանը»,- ասում է Ա. Թարլամազյանը:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ձեռնարկատիրության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի կարծիքով՝ արդյունքի հասնելու տեսանկյունից մեր երկրում կարևորագույն հարցերի հանրային քննարկումն իսկապես ժամանակավրեպ է, բայց նաև օգտակար է հասարակություն- պետական մարմիններ երկխոսության ձևավորման առումով: Որպես հին երևանցի նա կարծում է, որ Թամանյանական ծրագրից շեղվելը ցավալի է, ուր մեծացել են բազմաթիվ սերունդներ և երկրի, սերունդների հետագա զարգացման շարունակականության պահպանման տեսակետից հանցագործություն է: Բայց հավատում է, որ կպահպանվի գոնե արտաքին տեսքը:

«Նման հարցերը մինչև կառավարության օրակարգ մտնելը պետք է ներկայացվեն հասարակության դատին և քննարկման արդյունքում նոր կկայացվեին որոշումներ: Համաժողովրդական ունեցվածքի տնօրինումը չի նշանակում տեր լինել, կառավարությունը իրականացնողն է, իսկ  որոշողը ժողովուրդն է, ժողովրդի իշխանություն գաղափարն այնքան է  աղճատված, որ ցավոք սրտի դադարել ենք նեղանալ», – ասում է Արշակ Սադոյանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս