ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միասնական կուռքը

«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև այժմ իրական հակասություն կա»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետը միանգամայն իրավացի է. այո, այդ երկու ուժերի միջև ներկայումս կա իրական, բավական սուր հակասություն, ինչի վրա էլ, վերջին հաշվով, խարսխված են հայաստանյան ներքաղաքական գործընթացները:

Ավելին, որքան էլ տարօրինակ հնչի, այդ հակասությունները դարձել են Հայաստանի քաղաքական կյանքի շարժիչ ուժը, գրավականը: Այլ հարց է` հետագայում, այդ հակասությունների այս կամ այն կերպ հարթվելուց հետո, ի՞նչ կկատարվի նույն քաղաքական դաշտում, քանի որ, եթե այսօրվա գործընթացներից մի պահ հանենք այդ հակասությունները, ապա, մեծ հաշվով, քաղաքական կյանքը Հայաստանում կանգ կառնի:

Սա, մեծ հաշվով, իշխանությունների ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել: Ոչ թե պետության, այլ բուն իշխանության համար: ՀՀԿ-ԲՀԿ հետևողականորեն հասունացող հակասությունները հանգեցրին նրան, որ այդ ուժերը ուղղակի կամ անուղղակի կլանեցին քաղաքական դաշտի մյուս խաղացողներին` մնացած բոլորի գործունեությունն ու գործողություններն ածանցելով իրենց քայլերից ու իրենց պայմանավորվածություններից:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակասություններ, այո, կան: Դրանց լուծումը կամ խորացումը, սակայն, ազդելու է այդ երկու ուժերի վերնախավերի, նրանց կարգավիճակների ու հնարավորությունների վրա: Պետության, հասարակության համար կարևոր է այդ հակասությունների «որակը», որը, տվյալ դեպքում, կարելի է ասել, գոյություն չունի:

Հասարակության համար, լայն իմաստով, որևէ տարբերություն չկա, թե այդ հակասություններում ո՞վ կհաղթի կամ ո՞վ կպարտվի, քանի որ այդ հակասությունները կապված են ոչ թե հասարակության, պետության զարգացման այս կամ այն ուղղության, տեսլականի, այլ բոլորովին այլ բանի հետ, որը հարաբերականորեն անվանում ենք իշխանություն: Իշխանություն ասելով, տվյալ դեպքում, նկատի է առնվում ոչ թե իշխանական լծակների կիրառմամբ պետության, հասարակության կյանքը բարելավելը, երկիրն ավելի մրցունակ ու ժամանակակից դարձնելը և շատ այլ կատեգորիաներ, այլ իշխանությունն՝ ինքնին, այսինքն` լծակները, որոնք հնարավորություն են տալիս ամրապնդել սեփական կարողությունները և գերիշխող դիրք զբաղեցնել սեփականության բաշխման կամ վերաբաշխման գործընթացում:

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ոչ թե կուսակցություններ են, այլ միավորումներ, որոնցում ընդգրկված են հարուստ, շատ հարուստ գործարարներ կամ գործարարությամբ չզբաղվող, սակայն ֆինանսական հսկայական կարողություններ ունեցող դեմքեր: Այսինքն` դրանք երկու ֆինանսական կոնգլոմերատներ են, որոնք պայքարում են իրենց փողի իշխանությունն ամրապնդելու, լայն իմաստով, փողի զանգվածն ավելացնելու համար: Այս ուժերի տարբերությունն այն է, որ դրանցից մեկը` ՀՀԿ-ն, ներկայումս ունի իշխանություն, ԲՀԿ-ն՝ ֆորմալ առումով, մի քանի ամիս է, զրկված է դրանից: Այլ տարբերություններ այս ուժերի միջև, մեծ հաշվով, չկան: Օրինակ, որևէ մեկը որևէ ԲՀԿ-ականից լսե՞լ է, ասենք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների, ժողովրդավարության զարգացման վերաբերյալ այնպիսի տեսակետներ, որոնք տարբերվում են ՀՀԿ-ի դիրքորոշումից:

ԲՀԿ-ն այս հարցերի վերաբերյալ կամ տեսակետ ընդհանրապես չի ներկայացնում, կամ ներկայացնելիս էլ` մեծ հաշվով, կրկնում է ՀՀԿ-ին: Դա ամենևին չի նշանակում, թե ՀՀԿ-ականներն օր ու գիշեր իրենց նվիրում են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների մասին մտածելուն ու դրանց լուծման ուղիներ են փնտրում: Պարզապես ՀՀԿ-ն` լինելով իշխող կուսակցություն, ստիպված է ինչ-որ հարցերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտել, ինչն էլ անում են այդ կուսակցության` հոդաբաշխ արտահայտվել կարողացող մի քանի անդամները:

Այսինքն` ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մեջ գաղափարական, հայեցակարգային, սկզբունքային որևէ բաղադրիչ գոյություն չունի: Դրանք մարդկանց միավորումներ են, որոնք սպասարկում են իրենց իշխող վերնախավերի տնտեսական շահերը, պարզապես, քաղաքակիրթ երևալու ու միջազգային հանրությանը հասկանալի լինելու համար, իրենց պայքարի անունը դրել են՝ «քաղաքական»:

Իրականում Հայաստանում ընթանում է պայքար երկու ֆինանսական կլանների միջև: Նախկինում այդ կլանները գործում էին միասին, հիմա ժամանակավորապես առանձնացել են և պայքարում են մեկը մյուսի նկատմամբ գերիշխանություն հաստատելու համար: ԲՀԿ-ի մոտ ինչ-որ բան ստացվե՞ց` կհաստատի այդ գերիշխանությունը, չստացվե՞ց, եթե թույլ տան, կշարունակի բարգավաճել ՀՀԿ-ի գերիշխանության պայմաններում:

Ընտրություններն էլ ընդամենը հնարավորություն են միջկլանային պայքարը փողոցից ընտրատեղամաս տեղափոխելու ու դրան քաղաքակիրթ տեսք հաղորդելու համար:
Այնպես որ, ՀՀԿ-ԲՀԿ հակասություններն իսկապես իրական են: Այնքանով, որ փողի պայքարը միշտ էլ իրական է լինում: Մնացածը` գաղափարախոսություն, սկզբունքներ, և այլն, ձևականություններ են: Փողը, ինչպես հայտնի է, հայրենիք ու գաղափարախոսություն չունի:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս