Բաժիններ՝

Ահազանգ . Քոլեջում տաքացուցիչներ գնելու նպատակով երեխաներից գումար են հավաքում

Երեխաների ծնողները բողոքում են, որ քոլեջում դասասենյակները ջեռուցելու նպատակով տաքացուցիչներ գնելու համար երեխաներից գումար են հավաքում, իսկ քոլեջի տնօրենը հերքում է:

Մեր խմբագրությունն ահազանգ էր ստացել Ավանի Ֆինանսատնտեսական քոլեջի ուսանողների ծնողներից այն մասին, որ  ուսումնական հաստատության շենքը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ լսարանները չեն ջեռուցվում: Ծնողներից մեկը, ում անունը չենք նշում հասկանալի պատճառներով,  մեզ հետ զրույցում բողոքում էր, թե ինչո՞ւ պետք է ծնողներն իրենց երեխաների տարեկան 120.000 դրամ ուսման վճարից բացի՝ վճարեն նաև լսարանը տաքացնելու նպատակով  տաքացուցիչներ գնելու համար անհրաժեշտ գումարը:

«Մենք կուրսով 2000-ական դրամ գումար ենք հավաքում, որ պլիտա առնենք: Շատ ցուրտ է, այն էլ` Ավանում: Սառում ենք ցուրտ սենյակում: Ոչ նորմալ դուռ ունենք, ոչ պատուհան: Ավերակ շենք է»,- մեզ հետ զրույցում ասաց քոլեջի ուսանողներից մեկը:

168.am-ը զրուցեց քոլեջի տնօրեն Վահագ Մինասյանի հետ` խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով: Վերջինս, բնականաբար, հերքեց, թե երեխաները գումար են հավաքում տաքացուցիչներ ձեռք բերելու համար: Նա նաև նշեց, որ եթե նման մարդիկ կան, ապա մեր կողմից նրանց այդ մարդկանց անունը փոխանցելու դեպքում՝ նրանց համապատասխան պատժի կենթարկեն:

Կարդացեք նաև

Ըստ Վահագ Մինասյանի` բողոքողների անունները կուղարկվեն Դատախազություն,  քանի որ դա քրեորեն պատժելի արարք է: Տնօրենը, սակայն, նեղսրտեց, թե ինչո՞ւ մենք չենք խոսում քոլեջի տված լավ կրթության, երեխաների հաջողությունների մասին, այլ ամեն հարմար առիթ օգտագործում ենք՝ սևացնելու իրենց ուսումնական հաստատության անունը:

«Եթե քոլեջում մի պարկետ պոկվի ու դա վնասի ուսանողին` բոլորը կարձագանքեն: Բայց ինչո՞ւ ոչ մեկին չի հետաքրքրում մեր ուսանողների հաջողությունները, մեր ուսուցման որակը»,- ասաց Վահագ Մինասյանը: Հարցին, թե պետբյուջեից քոլեջին գումար չի՞ հատկացվում, Վ. Մինասյանը պատասխանեց. «Այո, հատկացվում է: 30 տոկոս գումար է հատկացվում քոլեջին: Բայց, եթե  թվաբանությունից լավ եք, ուրեմն կհասկանաք, որ 500 ուսանողի տված ուսման վարձից և պետբյուջեի հատկացրած գումարից մենք կարողանում ենք միայն մեր աշխատողների աշխատավարձերը վճարել»:

Զրույցի ընթացքում քոլեջի տնօրենը նշեց նաև, որ, թեև չեն գործում քոլեջի ջեռուցման համակարգերը, սակայն ամեն բան արվում է  տաքացուցիչներ ձեռք բերելու համար: «Այսօր երկրի ֆինանսատնտեսական վիճակը շատ ծանր է: Ես հաշվել եմ, թե որքան գումար է անհրաժեշտ քոլեջին՝ կապիտալ վերանորոգման և ջեռուցման համակարգ ունենալու համար: Այդ գումարը կազմում է 1 մլն ԱՄՆ  դոլար: Իսկ  շենքում միայն ջեռուցման համակարգ ունենալու համար մեզ անհրաժեշտ է 15 մլն դրամ: Դա մեծ գումար է»,- ասաց Վ. Մինասյանը:

Ըստ Վահագ Մինասյանի, եթե ծնողներ կան, ովքեր բողոքում են, թող գնան իր հետ խոսեն, «ոչ թե պատի տակից մատով ցույց տան»: Նա զարմացավ, որ ծնողները բողոքել են իրենց երեխաների ուսումնական հաստատության անմխիթար վիճակի, շենքային ծանր պայմանների մասին: «Ծնողները պետք է առաջին հերթին գային և ինձ դիմեին, որ նման խնդիր կա: Մենք էլ միասին կորոշեինք, թե ի՞նչ կարելի է անել: Եթե հնարավորություն ունենային` իրենք մի կերպ կօգնեին, մի բան մենք կանեինք, և հարցը կլուծվեր»,- մեզ հետ զրույցում ասաց Ավանի Ֆինանսատնտեսական քոլեջի տնօրեն Վահագ Մինասյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս