Ուխտադրժություն
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի հայտարարությունը, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն «անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը», ինչպես նաև այն, որ «սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաև մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ», երեկ գործնական արտահայտություն ստացավ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցության որոշմամբ Խաչատուր Քոքոբելյանն այլևս որևէ ձևաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը: Դրան ի պատասխան` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշերի հանգույն գործելու ուխտ արած Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը ֆորմալ առումով մնում են «Ժառանգություն» խմբակցությունում, սակայն ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Իրավիճակի նրբությունն այն է, որ «Ժառանգությունը» նման որոշում է կայացրել միայն Քոքոբելյանի վերաբերյալ, սակայն վերջինս այս, ըստ էության, բարոյական պատերազմի մեջ է ներքաշել դրանում որևէ մասնակցություն չունեցած Ալեքսանդր Արզումանյանին: