«Քո միտքը պետք է իրականություն դարձնես ձեռք բերված կապերի շնորհիվ»

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանի հետ

– Ձեր ղեկավարած ինստիտուտը շուրջ երկու տարի առաջ նշեց իր 50-ամյակը և այդպիսով, որոշակի դադարից հետո, կարծես որոշ ավանդույթներ վերականգնվեցին: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:

– Մեր Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը նախկին Սովետական Միությունում առաջատար ինստիտուտներից էր` ռադիոֆիզիկայի, գերբարձր հաճախությունների և ռադիոաստղագիտության մեջ, և մենք ունեինք մեր ավանդական համասովետական կոնֆերանսը, որին մասնակցելու համար գրեթե բոլոր գիտական կենտրոններից գիտնականներ էին գալիս: Այդ ամենը շատ մեծ համբավ ուներ ամբողջ Սովետական Միության շրջանակներում և մեծ հետաքրքրություն էր առաջացնում և՛ ներկայացված աշխատանքների, և՛ նորանոր մասնակիցների առումով:

Ցավոք, այդ ավանդույթը 80-ականների վերջին խզվեց հասկանալի պատճառներով, և մենք շատ էինք մտածում այն վերականգնելու մասին: Երկու տարի առաջ մեր ինստիտուտի հիմնադրման 50-ամյակն առիթ դարձավ, որպեսզի մենք նորից վերականգնենք այդ ավանդույթը և գիտաժողովներ կազմակերպենք, այս անգամ արդեն ոչ թե համասովետական, այլ միջազգային գիտաժողով, որին մասնակցում են Ճապոնիայից, Կորեայից, Գերմանիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիտվայից և այլ երկրներից:

Կարդացեք նաև

Այդ դժվար տարիներն իրենց հետ բերել են նաև նոր որակներ, որովհետև մեր ինստիտուտի աշխատողներից գնացին արտասահման, և նրանք բերեցին նոր կապեր, նոր միջազգային մակարդակի համագործակցություններ: Ներկայում ինստիտուտը շատ տարբեր ծրագրեր և բազմաթիվ կապեր ունի շատ երկրների համալսարանների, ինչպես նաև արդյունաբերական ընկերությունների հետ:

Այսինքն` մեր ինստիտուտի սաներն ու աշխատակիցները մշտապես տարբեր առիթներով փորձում են պահպանել կապն ինստիտուտի հետ, որտեղ էլ ուզում է` լինեն: Իրականում այդ շրջանը, որ շատերի համար կոչվում էր մութ և դժվար շրջան, մեզ համար էլ էր այդ պայմանները նույնը, ինչպես ամենուրեք էր: Սակայն պետք է նշեմ, որ այդ ժամանակ մենք ոչ պակաս էինք աշխատում, եթե ոչ` ավելի, քան հիմա:

Իրոք, մենք ստեղծում էինք պայմաններ, մենք չէինք ասում, որ լույս չկա, մենք աշխատում էինք բենզոագրեգատների լույսերի տակ, իհարկե, մուր էր լինում շուրջը, բայց այդ ժամանակ մենք կատարում էինք բավական կարևոր պատվերներ` արտասահմանյան պատվիրատուների` համալսարանների համար: Իկարկե, այդ ամենը շատ տանջալից աշխատանք էր, բայց այդ աշխատանքը նախ` ամրապնդեց մեր կոլեկտիվը: Ես հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր աշխատողներից ոչ մեկը ստիպված չի եղել անցնելու մեկ այլ` իրենց համար խորթ ոլորտ` առևտրի ցանց, և այլն:

Շատ քչերն են դուրս եկել աշխատանքից, սակայն կրկին աշխատում են նույն ոլորտում, պարզապես` այլ ընկերություններում: Դե, այդ ամենը հասկանալի է` աշխատավարձի հարցեր, և այլն, սակայն բոլորն էլ` որտեղ էլ գնացել են, ինստիտուտի հետ սերտ կապեր են պահում: Այդ կապերը և՛ մեզ են օգնում, և՛ նրանց:

– Խոսենք ինստիտուտի ձեռքբերումների մասին, տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել:

– Կյանքը շարժվում է առաջ, և այդպիսով փոխվում են նաև ուղղությունները, որոնց վրա մենք աշխատում ենք: Այս առումով մեր ինստիտուտում բավական արդիականացվել են գիտական ուղղությունները և նաև նոր ուղղություններ են ստեղծվել, իսկ որոշ ուղղություններից էլ պարզապես հրաժարվել ենք: Թեև նախկինում դրանով տարիներ շարունակ զբաղվում էինք, բայց քանի որ դրանք այսօր ակտուալ չեն, մենք որոշեցինք չշարունակել այդ ամենով զբաղվել:

Ներկայում մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մի շատ կարևոր ուղղության զարգացմանը, որը, չի կարելի ասել, թե բուն ռադիոֆիզիկային է միայն վերաբերում: Սակայն այսօր չկա գիտական որևէ ուղղություն, որը դրա կարիքը չունենա. խոսքն ազդանշանների մշակման մասին է: Այսօր թվային աշխարհն իր հետ բերում է շատ մեծ հնարավորություններ այդ ուղղությամբ:

Ազդանշանների մշակման ուղղությունը կարևոր է ոչ միայն ռադիոֆիզիկայի համար, այլ նաև բժշկության մեջ, օրինակ, սրտի աշխատանքը կամ այլ ազդանշան լսելու համար: Հեռահաղորդակցությունից սկսած` բժշկությամբ ավարտած, տնտեսագիտությունից` մինչև որտեղ կուզեք, դրանք բոլորը հիմնված են ազդանշանների մշակման տեսության վրա, որի մաթեմատիկական հիմքերը Հայաստանում զարգացած էին շատ վաղուց: Սակայն մենք փոխարենը լինեինք առաջատարն աշխարհում այդ ուղղությամբ, հիմա նոր փորձում ենք այն զարգացնել այստեղ:

Հիմա մենք ինստիտուտում ինտենսիվ կերպով զարգացնում ենք կիսահաղորդչային ֆիզիկայի այն ուղղությունները, որոնք կոչվում են նանոկառուցվածքային ֆիզիկա: Ընդհանրապես մեր ինստիտուտը միշտ զբաղվում է այն ամենով, ինչը հնարավոր կիրառման ապագա ունի: Միգուցե մեզ մատնացույց անեն, քանի որ ակադեմիական ինստիտուտ ենք:

Սակայն պիտի խոստովանեմ, որ մեր հետազոտությունների մեծ մասը վերաբերում է այնպիսի աշխատանքների, որոնց գոնե կիրառման հնարավորությունները տեսանելի են, օրինակ` արևային մարտկոցների մշակումը (խոսքը զգայուն ֆոտոընդունիչների մասին է), որոնք շատ կարևոր նշանակություն ունեն հատուկ կիրառությունների համար: Եվ, իհարկե, գերբարձր հաճախությունների ֆիզիկան, էլեկտրադինամիկան, դրա զանազան կիրառման հնարավորությունները: Այսօր հետազոտությունները գնում են այդ ուղղությամբ, որոնք մեծ ապագա ունեն:

– Հայաստանում որտե՞ղ են կիրառվում Ձեր ինստիտուտի մշակումները:

– Հայաստանում միակ ոլորտը, որին մենք պետք ենք, և մեզ էլ նրանք են պետք, դա Պաշտպանության նախարարությունն է: Այսինքն` ռադիոֆիզիկան այն ոլորտն է, որն անմիջապես առնչվում է այդ ուղղության հետ, և` ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում: Ստեղծվել են մի քանի համակարգեր, որոնք ունեն ռազմական նշանակություն:

Քաղաքացիական կիրառության տեսակետից որոշ աշխատանքներ մենք հիմա սկսել ենք. տարբեր ձևի տվիչների մշակում, որոնք կարող են, օրինակ` մթերքի զննման և ընդհանրապես գյուղատնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվել: Իհարկե, ներկայում կան բազմաթիվ քաղաքացիական ոլորտներ, օրինակ` բջջային կապը և այլն, որտեղ ԳԲՀ (գերբարձր հաճախությունների համակարգեր) են կիրառում: Ամբողջ աշխարհում նման տենդենց կա` ռազմականից այդ ամենը բերել քաղաքացիական կյանք:

– Իսկ ի՞նչ խնդիրներ կան այսօր ինստիտուտում:

– Խնդիրները բազմաթիվ են, հիմնականն, իհարկե, այն է, որ ֆինանսական միջոցները շատ սուղ են: Չնայած նրան, որ մենք բավականին մեծ պայմանագրային աշխատանքներ ենք անում, և փոքր չեն այդ ստացված գումարները, բայց խնդիրն այն է, որ ժառանգել ենք այն, ինչ ստեղծված է եղել Խորհրդային Միության համար: Միգուցե այդ ամենն այն համակարգի համար ճիշտ էր, բայց այս համակարգի համար այդ ամենն արդեն արդիական չէ:

Համակարգը մնում է նույնը, իսկ ֆինանսավորումը շատ հեռու է նախկինից: Խոսքն աշխատավարձերի մասին չէ, իհարկե, դրանք շատ ցածր են, սակայն, աշխատավարձից բացի, կա նաև շատ ավելի կարևոր բան` աշխատանքային պայմանները, հատկապես մեզ համար դա այն գործիքներն են, որոնց վրա պետք է աշխատել: Սարքավորումները շատ թանկ արժեն, և երբեմն ինչ-որ չնչին գումարներ, որ հատկացվում են, երբեք չի կարող բավարարել անգամ մի սարք գնելու համար:

Ամբողջ ինստիտուտի տարեկան բյուջեն այսօր մեզ խիստ անհրաժեշտ ընդամենը մի սարքի արժեքին բավարար չէ, իսկ նման շատ սարքեր են մեզ անհրաժեշտ: Մեր սարքավորումների ճնշող մեծամասնությունը նախկին Սովետական Միության արտադրանքն են, իսկ աշխարհն այսօր շատ առաջ է գնացել, 10 տարվա արտադրածը նույնիսկ այսօր չեն օգտագործում, իսկ մենք կերազեինք այդ տասը տարվա արտադրածն ունենալ: Այ, դա ամենամեծ խնդիրն է:

Երբ համեմատում ես դրսի թեկուզ համալսարանների սարքավորումների հետ, որոնց վրա աշխատում են ուսանողները` ուղղակի համեմատության եզրեր գտնելը դժվար է: Իհարկե, Հայաստանում որոշ բաներ արվում են, բայց, ցավոք, դրանք մեծ եղանակ չեն ստեղծում, իսկ ուսանողը երբ գնում է որևէ ընկերություն, չգիտի` ինչպե՞ս է պետք աշխատել այդ սարքավորմամբ: Մինչդեռ արտասահմանում ուսանողն ինքն աշխատում է վաղվա օրվա սարքավորմամբ, քանի որ այնտեղ հասկանում են, որ այսօրվա ուսանողն իրենց ապագան է, իրենց վաղվա օրն է:

– Այդպիսի հնամաշ սարքավորումների պարագայում ինչպե՞ս եք կարողանում արդյունքներ տալ:

– Մեր առավելությունը մեր կրթության մեջ է. խոսքը Խորհրդային Միության ժամանակ տրված կրթության մասին է: Դա մեր հարստությունն է, որը չի վերականգնվում, քանի որ երիտասարդության ճնշող մեծամասնությունը սովորելուց հետո թողնում և գնում է մեկ այլ ոլորտում աշխատելու:

Վերջին մի քանի տարիներին, իհարկե, ինչ-որ շարժ կա, գոնե տասից մեկին չկորցնելու որոշ հնարավորություններ են ստեղծվում, բայց ֆինանսական խնդիրը կա: Հասկանալի է, որ ընդամենը մի քանի տասնյակ հազար դրամը երիտասարդին բավարար չէ ընտանիք կազմելու և նորմալ ապրելու համար` հաշվի առնելով Հայաստանի գները: Կամ էլ` երիտասարդ գիտնականը պետք է ընտանիքից աջակցություն ստանա, սակայն, որպես կանոն, գիտությամբ զբաղվում են այն երիտասարդները, ովքեր ընտանիքից որևէ աջակցություն չեն կարող ունենալ:

Իհարկե, Գիտության պետական կոմիտեն և Ակադեմիան քայլեր են մշակում երիտասարդների աջակցության համար, բայց ցավն այն է, որ 10-20 տոկոսով գումարի ավելացումը ոչինչ չի փոխի: Պետք է ոչ թե երկու-երեք, այլ երկու-երեք հարյուր հազար անգամ աջակցությունը մեծանա: Սակայն հայաստանյան իրականությունը սա է. ունենք այն, ինչ ունենք, պետք է ավելի արդյունավետ աշխատել և կապեր ստեղծել: Մենք, օրինակ, հույսեր ենք կապում արտերկրյա ընկերությունների հետ համագործակցության հետ: Իրենք տեխնոլոգիա ունեն, որը պետք է հասկանալ, որ այստեղ երբեք չի լինի:

Ուրեմն` կարող ես ստեղծել կապեր և իրականացնել քո միտքը, քո գաղափարն այնտեղ, որտեղ դրա կարիքը և հնարավորությունը կա, ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում: Կամ էլ` նստել փուչ երազել կամ պեսիմիստորեն ասել` այս երկրում ոչ մի բան չկա: Միշտ պետք է մրցավազքում հետ չընկնես, իսկ այսօր մենք ուղղակի շատ մեծ ջանքերի և աշխատասիրության շնորհիվ ենք կարողանում մեր բացերը փակել: Իսկ եթե բացեր կան, օրինակ` այստեղ չկան տեխնոլոգիաներ, փորձում ենք այդ ամենը դրսում կազմակերպել` դրսի կապերի և համագործակցության շնորհիվ:

Իսկ մեր սաների և գիտական հրապարակումների շնորհիվ մենք նման կապեր ենք հաստատել տարբեր երկրների համալսարանների և արտադրական ձեռնարկությունների հետ: Պետք է այսօր համապատասխանել այն կիրառական ուղղություններին, որոնք բերում են միջոցներ` հետազոտական աշխատանքի համար:

Տեսանյութեր

Լրահոս