Խնդալու կամ լալու առիթ
Տարօրինակ, բայց հաճելի բան է ուրիշի փող հաշվելը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հրապարակային ելույթներից կարելի է նման ենթադրություն անել: Հիմա նա հաշվում է, թե որքան փող կորցրեց Հայաստանը: Հաշվարկն անելիս նա չի վերլուծում` իր իշխանության մաս կազմելու շրջանում որքան փող կորցրեց Հայաստանը: Խոսքը Լինսի հիմնադրամի գործունեության վերջին շրջանի մասին է: Այնինչ, հենց այդ հիմնադրամի օրինակն արժանի էր մանրազնին քննության:
Այն, ի վերջո, բացահայտեց մեր տնտեսական կյանքի բացասական կողմերը: Առաջինն ի ցույց դրեց մի անհավանական փաստ` Հայաստանի տնտեսության համար փող պետք չէ: Այն պարզ պատճառով, որ չկա տնտեսության զարգացման որևէ ծրագիր: Իսկ այդ պարագայում փողն իր համար չարիք է դառնում:
Փորձեք հիշել` ինչպես սկսվեց այդ հիմնադրամի գործունեությունը: Մեր իշխանությունները դրսից փող ստացան ու որոշեցին վարկավորել տնտեսությունը: Հատուկ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծեցին, որ քննարկելու էր գործարարների ներկայացրած բիզնես պլանները: Քննարկելու էր ու որոշեր, թե դրանցից որոնք են ֆինանսավորվելու: Հիմնադրամի գործունեության առաջին տարիներին միայն փոքրաթիվ ծրագրեր ֆինանսավորվեցին: Ակնհայտ դարձավ զարմանալի մի փաստ` մեր տնտեսությունն ի վիճակի չէր փող ներգրավել:
Մի երկու տարի հետո դա խթանեց այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի զայրույթը: Նա հրապարակավ զարմացավ, որ բյուրոկրատական քաշքշուկների հետևանքով տնտեսությունը չի կարողանում փող ներգրավել: Չնայած, որ խնդիրը միայն բյուրոկրատական անտարբերությունը չէր: Նախ` իսկապես չկար երկրի տնտեսության զարգացման հեռանկարային որևէ ծրագիր: Հետևաբար` գործարարները լայնամասշտաբ բիզնես պլաններ չէին առաջարկում: Որովհետև իրենք էլ չգիտեին` ի՞նչ անել պարտք վերցրած գումարով: Երկրորդ` ո՞վ չգիտի, որ չինովնիկների հարազատ դասն առանց շահի որևէ ծրագրի համար հենց այնպես փող չի հատկացնի:
Հետո բոլորս տեսանք` ինչ կատարվեց: Որոշվեց, որ եթե գործարարների բիզնես պլանները հարյուրավոր միլիոն դոլարներ ներքաշելու «թափ» չունեն, ապա պետք է զարգացնել ենթակառուցվածքները: Ու սկսվեց: Սկսվեց շինարարական բումը: Ենթակառուցվածքների զարգացման անվան տակ քանդվեցին Երևանի մայթերն ու փողոցները: Ոչ ոք հաշվի չառավ այն փաստը, որ, փողից բացի, ուրիշ անհրաժեշտ ռեսուրսներ չկային այդքան լայնածավալ շինարարություն սկսելու համար:
Այսինքն` չկային այդ մասշտաբի գործ անելու համար բավարար քանակի ոչ քարահատման սարքավորումներ, ոչ բետոնե սալիկներ արտադրող հոսքագծեր, ոչ ինժեներներ, ոչ աշխղեկներ, ոչ բանվորներ: Բայց այս մանրունքների վրա ուշադրություն դարձնողներ էլ չկային: Նախագահին չզայրացնելու համար քանդուքարափ արեցին մայրաքաղաքի կենտրոնը, փոխեցին որակյալ «բորդյուրները», ասֆալտեցին փողոցները: Հետո ձմռանը հաջորդեց գարունը: Ինչն ինքնին զարմանալի չէր: Ավելին` եղանակների այդ շրջապտույտը միշտ է եղել:
Բայց ձյան ու սառույցի հետ հալվեցին մայթերի բետոնե սալիկները: Ծուռումուռ շարված բորդյուրներն ավելի անմխիթար տեսք ստացան: Իշխանությունները նույն հիմնադրամից նույն գործն անելու համար նորից գումար հատկացրեցին: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտը փոխելը նորօրյա գեղեցիկ քաղաքաշինական ավանդույթ դարձավ: Ոչ ոք պատասխանատվության չկանչվեց: Ոչ մրցույթներից իր փայ ատկատ ստացած չինովնիկը, ոչ էլ իր աշխատանքն անբարեխիղճ կատարած շինարարը` սեփականատերերից մինչև ինժեներ ու բանվոր: Բայց հիմնադրամի փողը դեռ չէր ավարտվել: Հորինվեց մշակութային օջախները նորոգելու ծրագիրը: Այն արվեց նույնքան ափալ-թափալ, որքան նախորդը: Փողը պետք էր ծախսել: Եվ դա դարձել էր գլխավոր նպատակ: Նորոգվեց ու ջեռուցման համակարգերով համալվեց ինչ կար-չկար` պատկերասրահ, համերգային դահլիճ, թատրոն, թանգարան:
Առանց հաշվի առնելու, որ այդ կազմակերպությունները ձմեռային ջեռուցում ապահովելու համար բյուջեից փող չեն ստանալու: Որ համերգասրահներն ու պատկերասրահները սովորական տարածքներ չեն: Դրանց ջեռուցումը, լուսավորությունը, օդափոխությունը, էլեկտրագծերը մասնագիտական նախագծերով են արվում: Նման ցանկացած միտք խլացվում էր: Քննադատությունը որակվում էր` «հայի չուզողություն»: Իշխանությունները հասարակությանը բացատրում էին, որ նոր աշխատատեղեր են ստեղծում ու բարի գործ անում:
Բա հո անկեղծ-անկեղծ չէի՞ն պատմելու մրցույթների ատկատների ու շինարարության անվան տակ յուրացված գումարների մասին: Անորակ ու հապճեպ արված աշխատանքի համար կրկին ոչ ոք չպատժվեց: Հիմա Օպերայի և բալետի ազգային թատրոնը կրկին նորոգումների մեջ է: Անորակ ու ոչ մասնագիտական սարքավորումներն ու աշխատանքների հետևանքներն են շտկվում: Հուսանք, որ գոնե իշխանությունները փորձ են կուտակել: Հասկացել են` որքան էլ որ իրենց առանձնատների դահլիճները մակերեսով համադրելի լինեն Օպերային թատրոնի դահլիճի հետ, միևնույն է` օպերայի դահլիճն ու բեմը լուսավորության, օդափոխության մասնագիտական այլ սարքավորումների կարիք ունեն: Բայց տարին նախընտրական է:
Թե իշխանությունները, թե ընդդիմությունն ամենամոդայիկը դարձրել են ատկատներ ու անարդյունավետ ծախսված ֆինանսական միջոցների մասին խոսելը: Պարոն Օսկանյանն, օրինակ, խոսում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման մասին: Հո անկեղծ չի՞ հիշելու Քըրք Քըրքորյանի հիմնադրամի դադարեցման մասին: Այդ դեպքում էլ, եթե հիշողությունս չի դավաճանում, Քըրքորյանը «մնացորդային» 200 մլն դոլարը Հայաստանին չհատկացրեց: Բարերարին ևս զայրացրել ու ձանձրացրել էր բարի նպատակների անվան տակ մեր իշխանությունների` փող «կռայիտ» անելու անզուսպ մղումը: Եվ մղումը, և դրա իրագործման չափերը: Ճիշտ այնպես, ինչպես հասարակությանն է ձանձրացրել մեր քաղաքական դեմքերի` իրար քննադատելու մարմաջը: Որից ոչ ոք այլևս դրական ակնկալիք չունի:
Ու դեռ մեծ հարց է` հասարակությունը պիտի ուրախանա՞, թե՞ տխրի, որ Եվրամիությունից չստացավ խոստացված 1 մլրդ դոլարը: