Ամենախոշոր ու չվերադարձվող «ատկատը»
Արդեն ուղիղ մեկ ամիս է` Հայաստանն ապրում է բոլորովին այլ կյանքով, որը պայմանականորեն կարելի է կոչել «հետխորհրդակցային» շրջան: Խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 15-ին կառավարությունում անցկացրած հայտնի խորհրդակցության մասին է, որի մեկ ամիսը լրանում է վաղը` հոկտեմբերի 15-ին: Մեկ ամիս շարունակ Հայաստանում կատարվող ցանկացած գործընթաց ուղղակի կամ անուղղակի կերպով տեղավորվում է հենց այդ խորհրդակցության տրամաբանության շրջանակներում: Գրեթե ամենօրյա ռեժիմով նույն ոգով խորհրդակցություններ է հրավիրում վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի քանի օր ընդհատումներով Ոստիկանությունը զինաթափում է այս կամ այն օլիգարխի թիկնազորին, Դատախազությունը զբաղված է նախկին ու գործող պաշտոնյաների գործունեության ուսումնասիրությամբ, ոմանք Դատախազություն են հրավիրվում զրույցի կամ հարցաքննության, ոմանք սպասում են իրենց հերթին:
Հասարակությունը նույնպես, բնականաբար, հետևում է այս գործընթացներին, քանի որ, անկախ ամեն ինչից, մարդիկ նման տեսարաններ սիրում են, և այդպիսի տեսարաններով նաև կուտակված դժգոհության «գոլորշին բաց է թողնվում»: Ի դեպ, բացի քաղաքական ու իրավական հետևանքներից, այդ խորհրդակցությունը, վստահաբար, թողել է նաև «մշակութային ազդեցություն»: Մարդիկ հիմա ավելի անհամբեր սպասում են հերթական պաշտոնյայի նկատմամբ հարուցվելիք քրեական գործին, կամ օլիգարխների թիկնազորների զինաթափումների «բոևիկ տեսարաններին», քան հեռուստասերիալների հաջորդ սերիաներին: Այնպես որ, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը վերջապես ընդառաջեց սերիալների պատճառով ազգի խեղվող հոգեկերտվածքով մտահոգ մտավորականների` իրեն ուղղված նամակներին ու գործնական քայլեր ձեռնարկեց դրանց ժողովրդականությունը նվազեցնելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը հետևած գործընթացների վերաբերյալ կարծիքները բաժանվում են երկու մեծ խմբի: Ոմանք գտնում են, որ դրանք բացառապես քարոզչական նպատակներով կատարվող գործողություններ են, որոնց նպատակը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի «հզոր կերպարի» կերտումն է: Կա նաև տեսակետ, որ այս ամենը, ունենալով քարոզչական բաղադրիչ, այնուամենայնիվ, վկայում է իրական փոփոխությունների գնալու` Սերժ Սարգսյանի մտադրությունների ու վճռականության մասին: Այս երկու կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, երկուսն էլ կարող են իրական լինել` մեկը մյուսին չբացառելով:
Ընդունենք սակայն, որ Սերժ Սարգսյանի գործողություններում քարոզչությունն ընդհանրապես բացակայում է, նա գործում է բացառապես երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ազնիվ մղումով: Հարցը` թե այդ դեպքում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նույն կերպ չէր գործում անցած չորսուկես տարիներին, հնչում է արդեն ուղիղ մեկ ամիս: Սակայն որևէ հոդաբաշխ պատասխան Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն ներկայացնում, այն պարզ պատճառով, որ չգիտեն` ինչ ասել:
Սերժ Սարգսյանի «անգործությունն» արդարացնելու տասնյակ պատճառներ կարելի է գտնել, նույնքան հակափաստարկներ կարելի է գտնել այդ պատճառներն «անլուրջ» որակելու համար: Բայց, անկախ այդ փաստարկներից ու հակափաստարկներից, կարևոր է գտնել առնվազն երկու հարցի պատասխան` ի՞նչ է շահում պետությունը, հասարակությունը Սերժ Սարգսյանի այս քայլերից, և ի՞նչ է կորցրել այն բանի արդյունքում, որ դրանք տեղի են ունենում նրա նախագահության վերջին ամիսներին միայն: Առաջին հարցի պատասխանը գտնելն ավելի հեշտ է: Ի վերջո, դա կարելի է ներկայացնել նաև դրամական արտահայտությամբ` հաշվարկելով այս «օպերացիայի» շրջանակներում հարուցվող քրեական գործերում պետությանը պատճառված վնասների չափերը, որոնց մի մասը կարող է անգամ վերադարձվել պետական բյուջե: Ձերբակալվող ու ձերբակալման պոտենցիալ ունեցող բոլոր պաշտոնյաները, մեղմ ասած, աշխատավարձով չեն ապրում և կարող են վերադարձնել իրենց գործունեության արդյունքում հափշտակված տասնյակ-միլիոնավոր դոլարների վնասները:
Ավելի դժվար է պատասխանել երկրորդ հարցին` ի՞նչ է կորցրել պետությունը, հասարակությունը անցած չորսուկես տարիներին, երբ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո գործող պետական կառավարման համակարգը պետությանը հասցրել է այդ վնասները: Ընդ որում, այդ վնասները ոչ միայն ու ոչ այնքան նյութական են, որքան նաև բարոյական, քանի որ հղփացած պաշտոյաները ստեղծել են նաև անպատժելիության մթնոլորտ, փողով ամեն ինչ գնելու հնարավորություն, ինչի արդյունքում դեգրադացվել է առանց այդ էլ խեղաթյուրված արժեքային համակարգը: Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ անցած չորսուկես տարիներին պաշտոնյաները կարողացել են մսխել պետական փողերը, «ատկատներով» միլիոնավոր դոլարներ աշխատել ու մնալ անպատիժ: Բնականաբար, առաջին պատասխանատուն նախագահ Սերժ Սարգսյանն է, ում ուղղակի թողտվությամբ կամ լուռ անուշադրությամբ տեղի է ունեցել այդ ամենը: Բայց խնդիրն անգամ նյութական միջոցները, մսխված փողերը չեն: Խնդիրն ավելի խորքային է ու գլոբալ:
Ընդունենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում ոչ թե իմիտացիոն, այլ իրական փոփոխություններ, որ դրանց միջոցով պետությունը գնում է դեպի «պայծառ ապագա»: Իսկ ի՞նչ էր անում կամ ո՞ւր էր գնում Հայաստանն անցած չորսուկես տարիների ընթացքում: Հայաստանում ամենացածր գնահատվող արժեքը ժամանակն է, որը վատնվում ու մսխվում է ավելի անողոք կերպով, քան պետական բյուջեի գումարները: Արագ փոփոխվող աշխարհում (ինչպես սիրում են ասել մեր «ինտելեկտուալ» պաշտոնյաները) ժամանակը համարվում է ամենաթանկ ռեսուրսը: Ցանկացած օրը, ամիսը, առավել ևս` տարին, որևէ ձեռքբերում արձանագրելու, առաջընթաց ապահովելու հնարավորություն է, որի կորուստը հաշվարկվում է ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով: Այսինքն` եթե որևէ փոփոխություն, որևէ քայլ կարելի էր կատարել մեկ ամիս առաջ, սակայն չի կատարվել, ապա նույն գործողությունն այսօր կատարելու դեպքում էֆեկտը մի քանի անգամ պակաս է լինում: Օրինակ, եթե սոցիալական ապահովության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի «ձեռքը բռնեին» նրա պաշտոնավարման ժամանակ, դրա էֆեկտը կլիներ ոչ միայն այն, որ մի քանի միլիարդ դրամ բյուջետային փող կխնայվեր, այլ տասնյակ կամ հարյուրավոր կենսաթոշակառուներ ավելի բարձր թոշակ կստանային 3-4 տարի առաջ, ինչը գուցե մեկ ամսով կամ մեկ տարով կերկարացներ այն մարդկանց կյանքը, որոնք այսօր արդեն չկան: Օրինակները կարելի է շարունակել, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում:
Իրականությունն այն է, որ Հայաստանը, ՀՀ քաղաքացիները կորցրել են առնվազն 4 տարի ժամանակ, որը որևէ խորհրդակցությամբ կամ ձերբակալությամբ վերադարձնել հնարավոր չէ: Ժամանակը, ի տարբերություն «ատկատներով» բյուջեից գրպանված փողերի, վերադարձման ենթական չէ:
2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի կարգախոսն էր` «Առաջ Հայաստան»: Առաջիկայում սկսվելու է նրա նախագահության ժամանակահատվածի արդյունքների ամփոփման շրջանը, ու պետք է տրվի այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ է այդ կարգախոսն իրականություն դարձել: Հանրապետականներն, իհարկե, կասեն, որ այս տարիներին Հայաստանն առաջ է շարժվել ոստոստուն քայլերով, ընդդիմությունը կհայտարարի, որ Հայաստանը հետ է շպրտվել մի քանի տասնամյակով, տասնյակ-հազարավոր քաղաքացիներ այդ հարցին ուղղակի չեն պատասխանի` Հայաստանից բացակայելու պատճառով:
Իրականությունը, թերևս, այս ծայրահեղ պատասխանների մեջտեղում է: Հայաստանը ո՛չ առաջ է գնացել, ո՛չ հետ: Հայաստանը մնացել է տեղում «լռված»: Հայաստանը կորցրել է առաջընթացի մի քանի տարի, որը, թերևս, ավելի մեծ կորուստ է, քան արտագաղթած քաղաքացիները, ովքեր արտագաղթել են այդ կորսված ժամանակն օտար երկրներում գտնելու մտադրությամբ կամ երազանքով: