Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի
Առաջիկա նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը, այնուամենայնիվ, այն է` արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ հարցն ինտրիգային է՝ անկախ Կոնգրեսի այսօրվա թուլացած, զգալիորեն հեղինակազրկված վիճակից ու այն հանգամանքից, որ համաժողովրդական շարժման արդյունքում ստեղծված ուժը հայտնվեց քաղաքական առուծախի, կուլիսային բանակցությունների հարթությունում` իր գործունեությունը պայմանավորելով ներսում՝ ԲՀԿ-ի, դրսում` Ռուսաստանի դիրքորոշմամբ:
Լևոն Տեր-Պետրոսյանը` լինելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, կարող է իր անձով, գոնե մասամբ, «սրբագրել» մինչ այժմ ՀԱԿ-ի կողմից վարվող կոնյունկտուրային քաղաքականության վնասները և որոշակիորեն մաքրել այն «խարանը», որին իր ղեկավարած քաղաքական ուժն արժանացել է «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության արդյունքում: Դա, իհարկե, չի նշանակում, թե ՀԱԿ առաջնորդը` որպես թեկնածու, կլինի այնպիսին, ինչպիսին նա ներկայացավ 2007 թվականի աշնանը` հենց այս օրերին: Հաղթող թեկնածու դառնալու Տեր-Պետրոսյանի շանսերը վերջնականապես թաղվեցին անցած տարվա աշնանը` նրա իսկ կողմից հրապարակված «քաղաքագիտական վերլուծության» ելույթի տեքստում:
Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, եթե դա տեղի ունենա, ի սկզբանե ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ հետընտրական քաղաքական դաշտում «խաղի մեջ մնալու» նպատակ է հետապնդելու: Խոսքը ոչ այնքան Տեր-Պետրոսյանի, որքան ՀԱԿ-ի` խաղի մեջ մնալու հնարավորության մասին է: Ամբողջ հարցն այն է, թե ՀԱԿ-ն այդ խաղում կմնա՝ որպես թեկուզ ոչ դոմինանտ, սակայն առանձին, ինքնուրույն քաղաքական միավո՞ր, թե՞ վերջնականապես կսերտաճի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` դառնալով ԲՀԿ-ի ՕԵԿ-ը: Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ, մեծ հաշվով, տրվելու է հենց այս հարցի պատասխանը: Եթե ՀՀ առաջին նախագահը մասնակցի ընտրություններին, դժվարությամբ, բայց, թերևս, կկարողանա պահպանել, ավելի ճիշտ՝ վերադարձնել Կոնգրեսի` «ինքնիշխանությունը», որն, իհարկե, ԲՀԿ-ին է տրվել նրա իսկ որոշման արդյունքում: Քաղաքականությունը նաև սխալներ գործելու ու այդ սխալներն ուղղելու արվեստ է: Եվ Տեր-Պետրոսյանը կարող է ուղղել իր սխալը` առաջին հերթին այդ մասին խոստովանելու ճանապարհով: Թե ինչպես դա կընդունվի հասարակության կողմից, դժվար է ասել: Սակայն առանց դրա Կոնգրեսը` Լևոն Տեր-Պետրոսյանով ու, առավել ևս, առանց նրա` կամ վերջնականապես կքայքայվի, կամ կհայտնվի մարգինալ վիճակում: Մի խոսքով, ՀԱԿ-ի փրկությունը, լայն իմաստով, կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, Լևոն Տեր-Պետրոսյանն է:
Սակայն, դատելով գոնե մինչ այժմ տեղի ունեցող գործընթացներից՝ ավելի մեծ է հավանականությունը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, այդուհանդերձ, չի առաջադրի իր թեկնածությունը: Բացի ներքաղաքական ու աշխարհաքաղաքական «նպաստավոր պայմաններից», որոնց անընդհատ հղում են անում ՀԱԿ ներկայացուցիչները, Տեր-Պետրոսյանի առաջադրումն անիրական է թվում նաև ժամանակային առումով: Եթե Լ. Տեր-Պետրոսյանն առաջադրվելու մտադրություն ունենար, ապա ՀԱԿ-ի ողջ գործունեությունն այսօր պետք է տեղավորվեր այդ տրամաբանության մեջ: Սակայն ՀԱԿ-ի ներկայիս վարքագիծը, ըստ էության, դուրս է որևէ տրամաբանությունից, քանի որ ընտրությունների հետ կապված միակ որոշակիությունը ՀԱԿ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցի անորոշությունն է:
Այդ առումով տեղին է հիշել նախորդ նախագահական ընտրությունները: Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարեց միայն հոկտեմբերի 26-ի հանրահավաքում, սակայն արդեն հուլիս-օգոստոս ամիսներից նրա գոնե մերձավոր թիմակիցները տեղյակ էին ընտրություններին մասնակցելու որոշման մասին ու այդ ուղղությամբ աշխատում էին ամենօրյա ռեժիմով: Տեր-Պետրոսյանին նախկին կարգավիճակը գոնե մասամբ վերադարձնելու, քաղաքական օրակարգ ձևավորող դառնալու համար պետք է ժամանակ, բավական երկար ժամանակ: Նախագահական ընտրություններին մնացել է 3-4 ամիս ժամանակ, ինչը բավական չէ Լևոն Տեր-Պետրոսյանին` «ռեաբիլիտացվելու» համար: Եթե անգամ ՀԱԿ-ն ամեն շաբաթ հանրահավաքներ կազմակերպի, կրկին դժվար է ասել` կկարողանա՞ վերադարձնել երբեմնի ժողովրդականության գոնե մի մասը, թե՞ ոչ:
Բնականաբար, այս հաշվարկները բոլորից առաջ ու, թերևս, բոլորից լավ կատարում է նաև Լևոն ՏերՊետրոսյանը: Ու եթե նա իր թեկնածությունն առաջադրելու գոնե ներքին որոշում կայացրած լիներ, դա որևէ կերպ կդրսևորվեր Կոնգրեսի գործողություններում, ինչն այսօր տեսանելի չէ:
Ի դեպ, պետք չէ բացառել, որ Տեր-Պետրոսյանն իր առաջադրման հարցի շուրջ անորոշությունը երկարաձգի մինչև իսկ նախագահական ընտրություններում թեկնածությունների առաջադրման օրը: Բացառված չէ, որ դրա նախօրեին նա հայտարարի չառաջադրվելու իր որոշման մասին` այդպիսով նախագահական ընտրություններում առաջադրվելու և գոնե որոշակի արդյունքներ արձանագրելու հնարավորությունից զրկելով նաև ՀԱԿ-ի մյուս ներկայացուցիչներին, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանին: Վերջինս հայտարարում է, որ իր թեկնածության մասին խոսելն անգամ կոռեկտ չէ, քանի դեռ Տեր-Պետրոսյանը չի հայտարարել իր որոշման մասին: Իսկ եթե նա այդ մասին հայտարարի, ասենք, դեկտեմբե՞ր ամսին: Բնականաբար, այլ բան է, երբ որևէ թեկնածու նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարում և համապատասխան գործունեություն է ծավալում ընտրություններից 4-5 ամիս առաջ, և միանգամայն այլ բան` եթե դա անում է ընտրությունից 2 ամիս առաջ:
Որևէ մեկը չգիտի Լևոն Տեր-Պետրոսյանի իրական մտադրությունների մասին: Այդ թվում՝ այն մասին, թե արդյո՞ք նա ցանկանում է, որ Կոնգրեսն առանց իրեն շարունակի գոյությունը քաղաքական դաշտում: Ի վերջո, կա դառը փորձ. Լ. Տեր-Պետրոսյանը տասը տարի շարունակ իր լռությամբ արգելակեց իր թիմակիցների քաղաքական առաջընթացը: Այն դեպքում, երբ նրա թիմում առնվազն մեկ տասնյակից ավելի գործիչներ այսօր կարող էին նախագահի թեկնածուի իրական հավակնորդ լինել: Ի՞նչ երաշխիք կա, որ նույնկերպ Տեր-Պետրոսյանը չի մտածում նաև այսօր` առաջնորդվելով «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: