«Հիշողություններ առանց սահմանների»` հայ-թուրք-ադրբեջանական համատեղ ֆիլմ Երևանում
«Հայկական փոքրիկ Գորիս քաղաքում Միհրանը դասավորում է շախմատային ֆիգուրները, Ջանը ինժեներ է Ստամբուլից, Էլմիրան` դերասանուհի Բաքվում, իսկ մարսելցի Օլիվյեն Լեռնային Ղարաբաղում փնտրում է իր արմատները»: Այսպիսի պատկեր ունի հայ, թուրք և ադրբեջանցի կինոգործիչների ստեղծած համատեղ «Հիշողություններ առանց սահմանների» («Memories without borders») ֆիլմը, որի նպատակը մի կողմից Հայաստանի և մյուս կողմից` Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդների միջև քաղաքացիական երկխոսության հաստատումն է:
«Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմը ստեղծվել է բրիտանական «Հաշտեցման ռեսուրներ» («Conciliation Resources») խաղաղասիրական կազմակերպության և Եվրոպական Միության հովանավորությամբ` «կինոերկխոսություններ» ծրագրի շրջանակներում: Ըստ ֆիլմի նախաձեռնողների` այն «ստեղծվել է 2009 թ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման անհաջող նախաձեռնությունից հետո և բացահայտում է թաքնված պատմությունները և խաբեությունը, որոնք ձևավորվել են մարդկանց ինքնություններ և մարդկանց ցրել ամբողջ աշխարհով մեկ` սկսած Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից` մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»:
«Հաշտեցման ռեսուրսների» Կովկասյան ծրագրի ղեկավար և ղարաբաղյան բաժնի պատասխանատու Լոուրենս Բրոերսը, 168.am-ի հետ հարցազրույցում խոսելով այս ֆիլմի մասին, նշեց, որ իրենք դրա վրա աշխատել են 2006 թ.-ից: «Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի ժամանակ մեզ մոտ առաջացավ գաղափար` գործընկերների հետ ստեղծել ֆիլմ, որը կկապի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրները»,- ասաց նա: Մենք կատարեցինք դիտարկում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի հետ հատկապես «սիրում է» կապել Թուրքիան, ինչին Լ.Բրոերսը պատասխանեց. «Այո´, Դուք ճիշտ եք, սակայն ես ուզում եմ ընգծել, որ մենք չենք ուզեցել նկարահանել ֆիլմ, որը կապված է հենց քաղաքական պրոցեսի հետ, այլ պարզապես մի ֆիլմ, որն արտացոլում է մարդկային կապերը:
Մենք ստացանք ֆիլմի ֆինանսավորումը հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից հետո, և գործընկերների հետ որոշեցինք, որ պետք է շարունակել գործը, քանի որ երբ դիվանագիտական գործընթացը կանգնած է, հենց այսպիսի քաղաքացիական նախաձեռնությունները կարող են նպաստել այդ հարցերի բարձրացմանը»: Իսկ «Հաշտեցման ռեսուրսների» լրատվական պատասխանատու Ջեննի Նորթոնը, ով ուղեկցում էր Լ.Բրոերսին երևանյան այցելության ժամանակ, ավելացրեց, որ ֆիլմի ստեղծման գործում իրենց գլխավոր գործընկերներն են եղել «Internews Media Support» կազմակերպությունը Երևանում и «Internews Azerbaijan Public Association» Բաքվում:
Նշենք, որ «Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմը ուրբաթ օրը` հոկտեմբերի 12-ին «Հաշտեցման ռեսուրսների» ներկայացուցիչների և ֆիմի կազմակերպիչների կողմից ցուցադրվեց Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Մինչ այս այն արդեն հասցրել է ներկայացվել Ստեփանակերտում և Գորիսում: Ֆիլմը բաղկացած է չորս մասից, որոնցից երկուսը նկարահանել է հայկական կողմը (Լևոն Քալանթար, Հարություն Մանսուրյան), և կոչվում են «Ավետիս» և «Սպիտակ հարևանները»:
Թուրքական մասը վերնագրվել է «Կորսված և գտնված», դրա ռեժիսորը Մեհմեդ Բինայն է, իսկ ադրբեջանական մասը, որը կոչվում է «Ուրվականների թատրոնը», հեղինակել է Այազ Սալաևը: Ավելացնենք նաև մի հետաքրքիր փաստ, որ, ինչպես ցուցադրման ժամանակ նշեց Լ.Բրոերսը, հայ, թուրք և ադրբեջանցի ռեժիսորները ֆիլմի մասերը նկարել են առանձին, և միայն հետո են դրանք իրար միացվել: