«Թատրոնում կխաղամ ցանկացած դեր, սերիալում՝ միայն հերոսուհու»

Էդգար Էլբակյանի անվան և Կամերային թատրոնների բեմերում հանդես եկող դերասանուհի Լիլի Էլբակյանը, բացի ֆիլմերում նկարահանվելուց և թատրոնում խաղալուց, նաև ուսանողների համար վարպետության դասընթացներ է անցկացնում: Դերասանուհին սկզբնական շրջանում դասավանդում էր Թատերական ինստիտուտում, ապա՝ նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:  Մի քանի տարի առաջ  Լիլի Էլբակյանն ու դերասան, ռեփ երգիչ Համո Ադիյանն ընտանիք կազմեցին: Լիլին և Համոն այն զույգերից են, ովքեր  կարողանում են «համագործակցել» թե ընտանիքում, թե աշխատանքի մեջ:

–  Լիլի, դժվար չէ՞ նույն տանիքի տակ ապրող երկու կայացած մարդկանց, անհատականություններին՝ միմյանց հասկանալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

–  Իմ ամուսինն ինձ միշտ ոգևորում է: Կարող եմ ասել, որ ապրելով արվեստագետի ընտանիքում (Արմեն և Աննա Էլբակյանների դուստրն է.- Ա.Ղ.)` ես սովոր եմ սուր քննադատություններ լսել: Այնպես որ, ամուսինս ավելի շատ ոգևորում է ինձ:

Ո՞ւմ կողմից ես ավելի շատ քննադատությունների արժանանում և ի՞նչ հարցերում:

– Ամենաշատն ընդունում եմ մայրիկիս քննադատությունները: Մասնագիտական հարցերում ես նրան լիովին վստահում եմ: Իսկ եթե երեխային պահելուն, ճիշտ ու սխալ կերակրելուն է վերաբերում հարցը` ամենաշատն արժանանում եմ Համոյի քննադատություններին:

Ինչպիսի՞ հայր է Համոն: Ի՞նչ փոխվեց  ձեր մեջ կամ ձեր հարաբերությունների մեջ՝ երեխայի ծնվելուց հետո:

– Համոն հրաշալի հայր է, խելագարվում է Էլմիի համար, չափից շատ է սիրում: Մեր հարաբերությունների մեջ գրեթե ոչինչ չփոխվեց, ուղղակի ավելացավ պատասխանատվության զգացումը: Բացի այդ, սերն ամբողջացավ, լիարժեք դարձավ:

Ի՞նչ ուղղումներ է Համոն  անում քեզ՝ երեխային խնամելու հարցում:  

– Օրինակ, մեկ-մեկ վիճում ենք դեղերի շուրջ, թե որ դեղն արժե երեխային տալ, որը՝ ոչ, պե՞տք է ամեն ինչ տալ երեխային, թե՞ սնունդը պետք է սահմանափակել: Նա ավելի զգուշավոր է: Ես մի քիչ նեղվում եմ, բայց ուրախ եմ, որ հոգատար հայրիկ է: 

Համոն սկսել է ֆիլմերում և թատրոնում խաղալ: Ինչպե՞ս եք միմյանց աջակցում մասնագիտական հարցերում. տարաձայնություններ չե՞ն լինում:

– Իհարկե, լինում են, դրանք հաճելի տարաձայնություններ են: Առանց դրա ստեղծագործություն չի ծնվում:

Որոշ ժամանակ առաջ դու օգնում էիր Համոյին՝ թատրոնում ներկայացում բեմադրել, հիմա համատեղ աշխատանքներ կա՞ն:

– Այո,  մի պիես եմ գրել, որը կոչվում է՝ «Մինչև դրախտ դու ես»: Դրա փորձերն ենք անում, բայց զբաղվածության պատճառով այն անընդհատ ընդհատվում է:

Կա՞ն պլաններ, թե երբ նոր պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին:  

– Դեռ ոչ: Հիմա մեր բեմը շատ զբաղված է: Հայրիկս ներկայացում պետք է հանձնի, որի մեջ խաղում եմ նաև ես: Այդ փորձերով ենք զբաղված: Հենց դա վերջացնենք, մեր ներկայացմանը կանդրադառնանք:

Քո՝ սերիալներում չնկարահանվելն  ինչո՞վ է պայմանավորված:

– Հրավերներ անընդհատ ունենում եմ, ուղղակի չեմ ընդունում՝ մտածելով, որ դա ժամանակի կորուստ է: Հիմա այնպիսի առաջարկ չեմ ստացել, որ ամբողջ ժամանակս նվիրեմ այդ գործին: Մանավանդ փոքր երեխայի հետ ավելի դժվար է:

Ի՞նչ առաջարկ պետք է լինի, որ դու համաձայնես նկարահանվել սերիալում:

– Չգիտեմ, դա էլ որ մտածեմ՝ սցենարիստ պետք է աշխատեմ: Կցանկանամ, որ կերպարը հոգեբանական լինի, սկիզբ, զարգացում և իմաստավոր ավարտ ունենա, որտեղ կերևան մարդկային հատկանիշները: Կցանկանամ, որ կերպարը միագույն և միագիծ չլինի:

Որպես թատրոնի դերասանուհի՝ ի՞նչ դեր ես երազել միշտ խաղալ, որ դեռ չես խաղացել:

– Դեռ փոքր տարիքից ուզում էի Ջուլիետ խաղալ, բայց հետո ինքս բեմադրեցի այդ ներկայացումն ու դերը տվեցի իմ սիրելի ուսանողուհիներից մեկին: Իսկ հիմա կցանկանամ Էսմերալդա խաղալ, Լեդի Մակբեթ, սարոյանական որևէ աղջկա կերպար:

Քո ուսանողների մեջ տաղանդավոր դերասաններ կան: Գիտեն՝ ո՞ւր են եկել, և ինչի՞ համար:

– Մեր սերունդն ընդունվելիս գիտեր, թե ո՞ւր է ընդունվել և ինչո՞ւ: Հիմա սերունդը չի հասկանում, թե ինչու է ընտրել այդ մասնագիտությունը: Այս սերունդն ավելի անկաշկանդ է և ավելի մաքուր, սովորելու ցանկությամբ: Մեր սերունդն ամբիցիոզ էր: Կան տաղանդավոր երեխաներ:

Հիմա թատրոնում խաղում ես, կերպարներ մարմնավորելիս՝ ի՞նչ դիրքորոշում ես ունենում, կա՞ն կերպարներ, որ չես մարմնավորի:

– Հատուկ դիրքորոշում չունեմ: Թատրոնում կխաղամ ցանկացած դեր, սերիալում՝ միայն հերոսուհի:

 

Տեսանյութեր

Լրահոս