Ինչո՞ւ են փակվում վճարահաշվարկային համակարգերը Հայաստանում
Օրեր առաջ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի թույլտվությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական բանկը կասեցրել էր «Միգոմ» վճարահաշվարկային համակարգի օպերատորի գործունեության թույլտվությունը Հայաստանի տարածքում: Երկու պարագայում էլ ՀՀ ԿԲ-ն իր որոշումը պատճառաբանել է վերոնշյալ համակարգերի կողմից պարբերաբար արձանագրվող խախտումներով, ինչպեսև հաճախորդներից ստացված դիմում-բողոքներով։
Ըստ ՀՀ ԿԲ-ի՝ առանց որևէ պատճառաբանության «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգով կատարվող դրամական փոխանցումները բազմիցս չեն ապահովվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը, ինչի արդյունքում՝ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել հայաստանյան բանկերի միջոցով վճարահաշվարկային համակարգի իրականացման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել:
«Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային փոխանցման համակարգի հետ համագործակցող հայաստանյան բանկերը պաշտոնապես մեկնաբանություններ չեն տալիս այս հարցով։ Մեր տեղեկություններով, սակայն, բանկերն առանձնապես հիմնավոր չեն համարում ԿԲ պատճառաբանությունը և բացառում են, որ իրենց մոտ երբևէ խնդիրներ են առաջացել՝ այդ համակարգի հետ կապված։ Բանկերի աշխատակիցները, հասկանալի պատճառներով չցանկանալով ներկայանալ, մեկնաբանեցին, որ «մինչ օրս նորմալ աշխատել են այդ համակարգով, բողոքներ էլ չեն եղել, բայց ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերն ընդամենը պարտավոր են ԿԲ-ի որոշման համաձայն՝ ընդունել այն և դադարեցնել փոխանցումներն այդ համակարգով»:
«Զոլոտայա Կորոնան» նույնպես հրաժարվում է մեկնաբանություններից։ Սակայն օրեր առաջ ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել էր խնդրին և տվել իր բացատրությունը: Ըստ «Կոմերսանտի», դրամական փոխանցման թույլտվությունը դադարեցվել է, քանի որ համակարգը, որը գործում է ՀՀ տարածքում, պետք է իրականացնի իր գործառույթները նաև Արցախի տարածքում, ինչը, սակայն, տեղի չէր ունենում:
Հարցի վերաբերյալ 168.am-ը զրուցեց տեղի փորձագետների հետ, որոնք նույնպես համոզիչ չեն համարում ԿԲ-ի հիմնավորումը: ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով. «այն, ինչ պաշտոնական են ներկայացնում, դա լսել եմ, սակայն կարելի է ենթադրություններ անել, որ իրականում այլ գործարքներ են տեղի ունեցել, որոնց մասին չեն ցանկանում մեկնաբանել: Դա կարող է նաև լինել միջազգային պահանջ, ինչպես նաև՝ կասկածելի փոխանցումներ: Նմանատիպ խնդիրներ են, քանզի այն բացատրությունները, որոնք տրամադրվում են, մեղմ ասած՝ այդքան էլ համոզիչ չեն»:
Անկախ փորձագետ, տնտեսագետ Հայկ Բալանյանի կարծիքով էլ՝ խնդիրն այն է, որ իրականում Արցախի տարածքում դրամական փոխանցումներ չեն իրականացվել: «Ամեն բանկ, որն ունի իր մասնաճյուղն Արցախի տարածքում, պարտավոր է իրականացնել բոլոր այն փոխանցումները և գործառույթները, որոնք իրականանում են նաև Հայաստանի այլ մարզերում գործող մասնաճյուղերում, սակայն դրանք չիրականանալու պատճառով, կարծում եմ, շատ ճիշտ որոշում է կայացրել ԿԲ-ն՝ դադարեցնելով այդ համակարգի գործունեության թույլտվությունը»: