«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներն» առայժմ չեն ամուսնալուծվի

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին մոտ կանգնած աղբյուրները երեկ հաստատում էին, որ օրերս Երևան վերադարձած Խաչատուր Քոքոբելյանը երեկ հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և նրանց միջև բավական ծանր խոսակցություն է տեղի ունեցել:

Գնահատականներն այդ խոսակցության բովանդակության շուրջ խիստ տարբեր են: Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մեր աղբյուրի, Քոքոբելյանը որոշակի պայմաններ է դրել Հովհաննիսյանի առաջ, որոնց չկատարման դեպքում, իրենք կարող են խզել հարաբերությունները «Ժառանգության» հետ: Ըստ «Ազատ դեմոկրատներին» մոտ կանգնած աղբյուրի` Քոքոբելյանը «սպառնացել է» Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ըստ «Ժառանգության» մոտ կանգնած աղբյուրների` «Րաֆֆի Հովհաննիսյանը 100 տոկոսանոց ճշմարտություն է ասել, և Քոքոբելյանը Րաֆֆիին չէր կարող սպառնալ, հակառակը` «կակ միլենկի» ներկայացել ա»:
Ինչպես հայտնի է` օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ մինչ ԱԺ ընտրություններն ինքն ու Քոքոբելյանը պայմանավորվածություն են ունեցել, որ պետք է վայր դնեն իրենց մանդատները` տեղը զիջելով երիտասարդներին: Ըստ Հովհաննիսյանի` ինքը կատարել է իր վրա վերցրած պարտավորությունը, իսկ Քոքոբելյանը` ոչ:

Մեղմ ասած` Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ Քոքոբելյանին մեղադրել է ընդհանուր պայմանավորվածությունը չկատարելու և իրեն «քցելու» մեջ: Դա հաստատել են նաև «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ:

Պարզ է, որ Հայաստան գալուց անմիջապես հետո Քոքոբելյանը պետք է հրապարակայնորեն պատասխան տար իրեն ներկայացված կոնկրետ մեղադրանքներին: Նա կարող էր, ասենք, հայտարարել, որ ոչ մի նման պայմանավորվածություն էլ չի եղել, և ինքը զարմացած է, որ Հովհաննիսյանը նման հայտարարություն է արել: Բայց նա դեռևս դա չի արել: Հանրային գիտակցությունը նման պարզաբանումը չէր ընկալի` համարելով, որ Քոքոբելյանն այդպես է ասում, քանի որ չի ցանկանում հրաժարվել մանդատից, և այդ դեպքում հանրային համակրանքը կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը:

Կարդացեք նաև

Ըստ «Ազատ դեմոկրատների» մեր աղբյուրի` նման իրավիճակը բացառելու համար` Քոքոբելյանը ցանկանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը հանդես գա հերքմամբ` հայտարարելով, որ կամ ինքն այլ բան է ցանկացել ասել, բայց ուրիշ բան է ստացվել, կամ ամբողջ մեղքը գցի իր ասածը «խեղաթյուրած» լրատվամիջոցների վրա: Ըստ մեր աղբյուրի, եթե Հովհաննիսյանը նման հայտարարությամբ հանդես չգա, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ և կխզի իր հարաբերությունները «Ժառանգության» հետ:

Ինչո՞վ է վտանգավոր նման իրավիճակը «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Նա նախապատրաստվում է նախագահական ընտրությունների և մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Հովհաննիսյանը հույս ուներ, որ իր թեկնածությունը կարող են պաշտպանել այլ կուսակցություններ ևս, և իր անձի շուրջ կարող է ձևավորվել լայն կոալիցիա: Եթե «Ժառանգության» դաշնակից կուսակցությունն ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարում է, որ խզում է հարաբերությունները «Ժառանգության» հետ, ապա ինչպե՞ս կարող է այդ կուսակցության առաջնորդն ակնկալել, որ իր թեկնածությունը կարող են պաշտպանել այլ կուսակցություններ:

Մյուս կողմից, եթե Հովհաննիսյանն ասի, որ իր հայտարարությունն այնքան էլ ճիշտ չի ընկալվել, կամ այն խեղաթյուրել են լրատվամիջոցները, ապա դա էլ ուրիշ խայտառակություն կլինի, քանի որ կհամարվի, որ նա այնքան անլուրջ գործիչ է, որ ցանկացած ճնշման արդյունքում կարող է հրաժարվել իր խոսքից, և մեղքը բարդել լրատվամիջոցների վրա: Այնպես որ, թվում է, թե իրավիճակը փակուղային է և անելանելի:

Բայց մի՞թե Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտեր, որ նման հայտարարություն անելով` ինքը սրում է հարաբերություններն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Նման բան չկանխատեսելն ուղղակի անհնար է: Այդ դեպքում ինչո՞ւ է Հովհաննիսյանը նման հայտարարություն արել` հասկանալով, որ դրանով սրում է հարաբերությունները դաշնակից կուսակցության հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանն ի սկզբանե գիտեր, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միավորումը իշխանական նախագիծ է, և, որ խիստ ժամանակավոր է, և այս կուսակցությունները վաղ թե ուշ բաժանվելու են: Հարցն այն էր, թե ե՞րբ էին բաժանվելու և ինչպե՞ս: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ «Ազատ դեմոկրատների» ղեկավարը չի պահպանել իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Հիմա, եթե տեղի ունենա բաժանում, Հովհաննիսյանը դրա համար բարոյական պատասխանատվություն չի զգա, քանի որ կհամարի, որ իրենց պայմանավորվածություն խախտող գործընկեր պետք չէ: Խաչատուր Քոքոբելյանն էլ կարող է նույն կերպ մեղադրել Հովհաննիսյանին:

Բայց չպետք է մոռանալ, որ երբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները մտան «Ժառանգության» համամասնական ցուցակ, այս երկու կուսակցությունները ստորագրեցին մի փաստաթուղթ, որը կոչվում է «Ուխտ նոր Հայաստանի»: Եվ այդ փաստաթղթում կան հետևյալ տողերը. «Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային և էթիկական որակների և ուղենիշների հանգույնգ»: Կարճ ասած` Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ ասի` ճիշտ է:

Այնպես որ` որևէ բան հայտարարելուց առաջ չպետք է մոռանալ, որ այս երկու կուսակցությունները համատեղ ուխտ են արել: Եվ միայն հիմա, երբ այս երկու կուսակցությունների միջև նման լուրջ տարաձայնություն է առաջացել, պարզ կդառնա, թե որքանո՞վ է ամուր այդ ուխտը, և որքանո՞վ են կողմերը հավատարիմ իրենց ստանձնած պարտավորությանը:

Հ.Գ. «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ ուշ երեկոյան պաշտոնապես հաստատեց, որ Խաչատուր Քոքոբելյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը կայացել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության և խմբակցության ընդլայնված նիստը, որտեղ այլ հարցերի հետ քննարկվելու են նաև երեկ կայացած քննարկման ժամանակ արծարծված հարցերը: Սա նշանակում է, որ «Ազատ դեմոկրատները» ոչ մի կտրուկ հայտարարություն էլ չեն անի: Առնվազն մինչև հոկտեմբերի 21-ը: Հարցին, թե ինչո՞ւ է քննարկման ժամկետն այդքան ուշ նշանակվել`Խուրշուդյանը չկարողացավ պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս