Հայերեն ծրագիր, որի միջոցոցով կարելի է պիտակավորել և գտնել ձեր իրը
Ընդամենը փոքրիկ էլեկտրոնային պիտակը փակցնելով ձեր ճամպրուկին` կարող եք հետևել դրան և չկորցնել այն: Խոսքը վերաբերում է ոչ միայն ճամպրուկին, այլև բոլոր իրերին: Դրանց կարելի է փակցնել էլեկտրոնային պիտակ, իսկ պիտակի ինֆորմացիան կարդալ RFID կարդացող սարքի միջոցով գրված հայերեն ծրագրի շնորհիվ: Այս նորարարությունը կիրառվում է հատկապես եվրոպական երկրներում:
Հայաստանում այս նորարարությունը և էլ. պիտակի ինֆորմացիան կարդալու հայերեն ծրագիրը DigiTec ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր «Լիգա-Տեք» ընկերությունը: Ընկերության տնօրեն Արսեն Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս նորարարությունը հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ մի բեռը մի քանի մաքսային ստուգման կետերով է անցնում, արդյունքում, ըստ նրա` անհրաժեշտ չէ բացել ապրանքը, քանի որ դրա պարունակության մասին կարելի է տեղեկանալ RFID կարդացող սարքի միջոցով:
«Նման պիտակները հնարավորություն են տալիս ճշգրիտ տեղեկատվություն ստանալ և չխառնել էլ. պիտակն անգամ բազմաթիվ այլ իրերի պարագայում»,- ասաց Ա. Աբրահամյանը՝ նշելով, որ պիտակավորված իրի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ տարբեր հեռավորություններից՝ 10 սմ-ից սկսած՝ մինչև 2- 7 մետր: Նոր հնարավորությունը կիրառելի է ինչպես գրասենյակների գույքագրման համար, այնպես էլ, օրինակ, հիվանդանոցներում: «Օրինակ, կոմայի մեջ գտնվող հիվանդին խնամելու համար էլ. պիտակը կարելի է փակցնել և գրել ողջ տեղեկատվությունը, թե երբ է անհրաժեշտ սրսկել հիվանդին, ինչ է կարելի նրան և ինչը՝ ոչ, և այլն: Այսկերպ բժիշկը կարող է տեղեկանալ ավելի մանրամասն հիվանդի վիճակի մասին»,- ասաց Ա.Աբրահամյանը` ավելացնելով, որ այս հնարավորությունները Եվրոպայում արդեն կիրառվում են, ինչը, սակայն, նորարարություն է հայաստանյան իրականության համար:
Ի դեպ, այս նորարարությունը կարելի է կիրառելի նաև անասնապահության մեջ, կորած կենդանուն գտնելու համար, և այլն: Նորարարության կիրառության հնարավորություններն անսահմանափակ են, պետք է պարզապես երևակայել դրա կիրառության հնարավոր տարբերակները:
Նշենք, որ էլ. պիտակներն արժեն 20 ցենտից մինչև 2- 5 դոլար՝ հեռավորությունից և դրանց հզորությունից կախված: Վերջիններս հատուկ նշանակության էլ. կրիչների դասին են պատկանում, որոնք կարող են կիրառվել անգամ ճահճի, ծծմբական թթվի և այլ պայմաններում: Ինչ վերաբերում է RFID կարդացող սարքին, ապա դրա արժեքը 2500-3000 դոլարի սահմաններում է: Նշենք, որ նորարարությունն աշխատում է Global Positioning Systems (GPS)` Գլոբալ տեղորոշման համակարգերի տեխնոլոգիայի հիման վրա: