Բաժիններ՝

Եվրոպական աէկ-ներն ունեն հարյուրավոր խնդիրներ

Միջուկային անվտանգության եվրոպական գործակալության տվյալներով, Եվրոպայում գործող ատոմաէլեկտրակայաններն ունեն հարյուրավոր խնդիրներ։ Դրանց վերացումը կարժենա 25 մլրդ եվրո: Համարյա բոլոր 143 եվրոպական ատոմակայաններն այսօր ունեն արդիականացման և հավելյալ անվտանգության միջոցների կարիք՝ կարծում են ուսումնասիրություն իրականացրած փորձագետները: Էկոլոգները Եվրոպական գործակալության հայտարարությունը համարում են մեղմ: Փորձաքննությունը պատվիրվել է Եվրահաձնաժողովի կողմից 2011 գարնանը ճապոնական «Ֆուկուսիմա» աէկ-ի վթարից հետո:

«Սթրես-թեստերի» արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր աէկ-ները պետք է բարելավեն իրենց անվտանգությունը: ԱՄՆ-ի և Չեռնոբիլի աէկ-ների վթարներից հետո համաձայնեցվել են կայանի պահպանման մի շարք միջոցներ, սակայն տասնամյակներ անց ԵՄ մի քանի երկրներում դեռ նմանատիպ քայլեր արված չեն: Ֆրանսիայում, որտեղ էլեկտրաէներգիայի 80%-ն արտադրվում է աէկ-ների կողմից, 58 գործող ԱԷԿ-ներից և ոչ մեկն անխափան կամ անվտանգ չէ:
Էկոլոգները, սակայն, կարծում են, որ իրականացված ուսումնասիրությունները չեն շոշափել այնպիսի կարևորագույն ասպեկտներ, ինչպիսիք են՝ հնացած տեխնոլոգիաները, ահաբեկչական հարձակման հնարավորությունները, ինչպես նաև մարդկային սխալների վտանգը: «Եթե ուսումնասիրությունը լիներ լուրջ, հանձնաժողովը պետք է խորհուրդ տար փակել ոչ անվտանգ և հնացած ատոմային ռեակտորները»,-ասել է Եվրոպական խորհրդարանի «Կանաչ ալյանս» խմբակցության համանախագահ Ռեբեկա Հարմսը: ԵՄ որոշ անդամ երկրներ «Ֆուկուսիմա» աէկ-ի վթարից հետո վերանայեցին ատոմային էներգիայի զարգացման իրենց ռազմավարությունը: Մասնավորապես Գերմանիան որոշում կայացրեց կտրականապես հրաժարվել ատոմային էլեկտրաէներգիայից՝ հօգուտ առավել ժամանակակից տեխնոլոգիաների (Գերմանիայի կառավարությունն անցած տարի որոշում է կայացրել մինչև 2022թ. դադարեցնել բոլոր աէկ-ների շահագործումը)։ Մինչդեռ Ֆրանսիայի իշխանությունները, ընդհակառակը, ավելացրեցին աէկ-ների մեջ իրենց ներդրումները:
«Ֆուկուսիմայի» վթարից հետո մի շարք շրջաններ ենթարկվեցին ծավալուն ռադիոակտիվ աղտոտման: Տասնյակ-հազարավոր մարդիկ էվակուացվեցին իրենց տներից: Սեպտեմբերի կեսերին ճապոնական իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2040 թվականը հանել շահագործումից բոլոր ատոմային կայանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս