«Վրաստանում չկա տասը տարով «Մհերի քարայրում» փակվելու ավանդույթը»
Հարցազրույց վրացագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի հետ
– Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Բ.Իվանիշվիլիի ղեկավարած դաշինքի հաղթանակը:
– Ես ուշադիր հետևել եմ ընտրական գործընթացներին, կարդացել եմ նաև վրացի մեկնաբանների դիտարկումները: Ընդհանուր պատկերն այսպիսին էր. ծավալված պայքարը հիրավի անզիջում էր, և, վերջիվերջո, Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը հաղթանակեց: Մենք այդ հաղթանակը պետք է գնահատենք ոչ թե զուտ տոկոսներով, այլ դերով և նշանակությամբ:
Թերևս հետխորհրդային տարածքում առաջին անգամ է, որ ընդդիմությունը հաջողության հասավ խաղաղ ճանապարհով: Եվ սա՝ այն դեպքում, երբ վրացական օրենսդրությունը վերջին տասը տարվա ընթացքում այնպես էր մշակվել, որ ընդդիմադիր ուժերի հաղթանակը պարզապես բացառվում էր: Հետևաբար, մենք արժանին պետք է մատուցենք Իվանիշվիլիին, միաժամանակ նաև չմոռանալով, որ, ի դեմս Սահակաշվիլիի, մենք գործ ունենք բացառիկ տաղանդավոր քաղաքական գործչի հետ: Նրա մտահորիզոնը, հռետորական մեծ ձիրքը, ցանկացած իրադրության մեջ վայրկենապես կողմնորոշվելու կարողությունները, ինտելեկտը, լեզուների իմացությունը մեծ առավելություն էին ապահովում իշխող ուժերի համար:
Այնուամենայնիվ, ես հակված եմ կարծելու, որ այս ընտրությունների արդյունքը պայմանավորված էր ոչ միայն Իվանիշվիլիի առավելություններով, այլ նաև Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժման» շարքերում առկա խնդիրներով: «Վրացական երազանք» անվանումն արդեն տրամադրող էր, այն առաջ էր բերում որոշակի էմոցիոնալ սպասումներ, որը վրացական միջավայրում ազդեցիկ հանգամանք է: Իվանիշվիլիի հաջողությունը բացատրվում է նաև տարիների բարեգործական գործունեությամբ: Մարդիկ հավատում էին, որ Իվանիշվիլին, լինելով միլիարդների կարողությունը սեփական ուժերով վաստակած անձնավորություն, տնտեսական հարցերում առավել մեծ ձեռնհասություն կցուցաբերի, քան Սահակաշվիլին, ում տարերքը զուտ քաղաքականությունն է:
Մի կողմից` Սահակաշվիլին ուներ և հենվում էր քաղաքական թիմի վրա, որը փորձառու էր, բայց կորցրել էր նորը հայտնագործելու և այդ նորով ոգևորվելու կարողությունը, Սահակաշվիլիի թիմը պակաս համախմբված էր: Կարծեք թե բոլորը համոզված էին, որ մեծ ջանքեր չեն պահանջվելու իշխանությունը պահպանելու համար, ամեն ինչ կընթանա իրենց նախատեսած սցենարով:
Վերջին պահերին բարիկադի վրա մնացել էր միայն Սահակաշվիլին, իսկ խռիվ մազերով և խզված ձայնով նախագահը լրիվ կորցրել էր ռեալության զգացումը: Նրա թիմում, իրենից բացի, չկային ընդգծված անհատականություններ: Իշխող քաղաքական ուժի շարքերում երկրորդ խարիզմատիկ ֆիգուրը և պետության երրորդ դեմքը`Թիֆլիսի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, թերևս Սահակաշվիլիի ապագա մրցակից էր դիտարկվում, և Ուգուլավային առանձնապես մոտ չթողեցին քարոզարշավին:
Փոխարենը՝ բոլոր գործնական հարցերը տնօրինում էր վարչապետը` Վանո Մերաբիշվիլին, որը՝ որպես հանրային գործիչ, առավել քան գորշ է` իսպառ զրկված վրացական միջավայրի համար պարտադիր թատերական օժտվածությունից: Ինչ վերաբերում է պաշտոնական քարոզչությանը, ապա այն՝ իր անընդհատ կրկնվող միևնույն մտքերով, հասարակությանը ներշնչվող ֆոբիաներով, կեղծ խոստումներով և պարզունակ կեղծիքներով արդեն բոլորին հոգնեցրել էր: Այսպիսով, ընդդիմադիր ուժերը կարողացան համոզիչ առավելության հասնել:
– Իսկ սա կարող ենք համարել Սահակաշվիլիի վերջնակա՞ն պարտությունը, թե՞ նա դեռևս կարող է վերականգնել իր իշխանությունը:
– Ասեմ, որ Սահակաշվիլին` որպես ինքնատիպ և բազմակողմանիորեն օժտված քաղաքական գործիչ, իրեն բոլորովին չի սպառել: Նրա հետընտրական քայլերը ցույց են տալիս, որ Սահակաշվիլին սթափ է գնահատում իրադրությունը: Այն հանգամանքը, որ նա ողջունեց ընդդիմության հաջողությունը, ցույց է տալիս, որ պայքարը դեռ ավարտված չէ: Սահակաշվիլին անպայման կենթարկվի իր շրջապատի ճնշմանն՝ այն առումով, որ նրան կհորդորեն չզիջել իշխանության լծակները: Բայց թերևս առավել իմաստուն քայլ կլիներ հենց հիմա հրաժարվել ունեցած ադմինիստրատիվ ռեսուրսներից, ինչպես որ առաջարկում է Իվանիշվիլին: Ինչո՞ւ: Առաջինը`Վրաստանում չկա տասը տարով «Մհերի քարայրում» փակվելու ավանդույթը: Նախագահներն իրենց պաշտոնը թողնելուց հետո էլ շարունակում են մասնակցել երկրի քաղաքական կյանքին:
Եթե զառամյալ Շևարդնաձեն կարողանում է քաղաքական հայտարարություններով ինչ-որ աշխատանք կատարել, ապա եռանդի մարմնացում Սահակաշվիլին իր գործունեությունն անպայման կշարունակի: Չմոռանանք, որ նա` որպես ընդդիմադիր գործիչ, արդեն մեկ անգամ ցույց է տվել իր կարողությունները, երբ 2003 թ. «Վարդերի հեղափոխության» ժամանակ դարձել էր ընդդիմության ճանաչված առաջնորդը:
Եվ երկրորդ` Սահակաշվիլին սպասելու է իր հակառակորդների սխալներին և վրիպումներին: Նա իր փայլուն հռետորական ձիրքը դեռևս կդրսևորի: Ինչ վերաբերում է Իվանիշվիլիին, արդեն մենք գործ ունենք այլ տիպի քաղաքական ուժերի ներկայացուցչի հետ, ով առանձնանում է մեծ կենսափորձով, կառավարելու կարողություններով, ճշգրիտ հաշվարկներով:
Բայց նրա հմտությունները վերաբերում են գերազանցապես տնտեսության ոլորտին: Հնարավոր է, որ նա դեռևս չի պատկերացնում ներքին քաղաքականության ողջ համայնապատկերը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նախընտրական քարոզարշավի ժամանակ Իվանիշվիլին խոստովանում էր, որ շատ հարցերի պատասխաններ դեռևս չունի, ինքն առանձին խնդիրներում չի պատկերացնում հարցերն՝ իրենց բոլոր նրբերանգներով: Սահակաշվիլին դեռևս շատ երիտասարդ է, որպեսզի թողնի քաղաքական ասպարեզը, և նա կարող է վերադառնալ շատ ավելի կուռ ու համախմբված թիմով: Այս առումով պետք է անել ևս մեկ դիտարկում:
Մինչև այժմ Իվանիշվիլին հիմնվել է չվարկաբեկված և մեծ ժողովրդականություն վայելող ուժերի վրա, բայց նրա ողջ թիմին պակասում է քաղաքական կենսափորձը: Աներևակայելի է, որ կառավարության մեջ կարող են հայտնվել հայտնի դերասաններ, երգիչներ, սպորտսմեններ և այլք: Հետևաբար, Իվանիշվիլին դեռևս պետք է ձևավորի ներդաշնակ թիմ: Իսկ այդ ընթացքում էլ` սովորական երևույթ է. ընդդիմությունը ճեղքվածքներ կտա, առավել ևս, որ հակառակորդ ուժերի բախման վրացական ավանդույթը շատ ուժեղ է:
Արդյունքում՝ ասպարեզում կարող են հանդես գալ մրցակից ուժեր: Մասնավորապես, չմոռանանք, որ Իվանիշվիլին ներկայացնում է Իմերեթը, իսկ այս երկրամասից սերող քաղաքական գործիչները վերջին տասնամյակում առհասարակ ոչ մի տեղ չունեին Վրաստանում: Հետևաբար, ինչ-որ տեղ բախում է սպասվում մեգրելական և նոր վերածնունդ ապրող իմերեթական խմբավորումների միջև` այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:
– Մի փոքր խոսենք Իվանիշվիլիի ֆենոմենի մասին: Տարածաշրջանային փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանն, օրինակ, կարծում է, որ նման մարդկանց համար գոյություն ունի մեկ Աստված` փողը, և դա օգուտ չի կարող բերել որևէ երկրի, երբ այնտեղ իշխում են հարուստ օլիգարխները, կապ չունի, թե դա Բեռլուսկոնի՞ն է Իտալիայում, Իվանիշվիլի՞ն Վրաստանում, թե՞ Հայաստանի օլիգարխները: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ, և ինչքանո՞վ է նա նման, օրինակ, հայ օլիգարխներին:
– Ինձ թվում է, որ Իվանիշվիլին խիստ տարբերվում է և՛ Բեռլուսկոնիից, ինչպես նաև հայաստանյան օլիգարխներից: Ես այսպես փորձեմ հիմնավորել իմ կարծիքը: Իվանիշվիլին տարբերվում է Բեռլուսկոնիի տիպի գործիչներից նրանով, որ խարիզմից զուրկ է: Նրա ուժը բոլորովին այլ հատկանիշներ են պայմանավորում: Իհարկե, առաջին դեպքն է, որ հետխորհրդային հորիզոնում ամենահարուստ մարդը դառնում է երկրի գլխավոր դեմքը` փաստական կառավարիչը:
Իհարկե, հրապուրանքը, որ նա իր անձնական կարողությունները մեծացնելու ձգտումով է տարվելու, շատ մեծ է լինելու: Բայց Իվանիշվիլին չի կարող այս ճանապարհով Վրաստանում առաջ շարժվել: Այստեղ ռեսուրսներն այնքան սահմանափակ են, իսկ Իվանիշվիլիի կարողությունն այնքան մեծ է, որ դրանք անհամեմատելի մեծություններ են: Ինչ վերաբերում է հայաստանյան օլիգարխներին, Իվանիշվիլին նրանցից դրականորեն տարբերվում է նրանով, որ նախ` ծավալել է երկարատև ու ծրագրավորված բարեգործական գործունեություն, երկրորդը` անհնար է, որ նրան մեղադրենք ծայրահեղ ճոխության, ավելորդությունների համար:
Նա մատչելի և ժողովրդի հետ պարզ շփվող անձնավորություն է: Դժվար թե նա իրեն թույլ տա այնպիսի ավելորդություններ, որ նրա կերպարին կվնասեն, այդ տարիքը նա պարզապես վաղուց անցել է: Եվ հետո, Իվանիշվիլին մինչև ուղնուծուծը ռեալիստ է: Այս տարիների ընթացքում նա քաղաքական խաղերի մեջ մտնելու, գործարքներ կնքելու ձգտում չի ցուցաբերել, մշտապես ընդգծել է իր անկախությունը և իր երկրին ու ժողովրդին օգտակար լինելու ձգտումը:
Սա էր, որ հրապուրեց մարդկանց, և նրանք իրենց ձայնը տվեցին մեծահարուստին: Այն տպավորությունը թող չստեղծվի, որ միլիարդատեր Իվանիշվիլին հիրավի բարեգործ է և նրա միակ երազանքը ժողովրդին ծառայելն է: Իհարկե ո՛չ, ընդհակառակը` նա բազմիցս ապացուցեց, որ ճշգրիտ հաշվարկ կատարելու մեծ մասնագետ է, և վրաց ժողովրդի ու Վրաստանի քաղաքացիների նկատմամբ նրա սիրո անվերջ խոստովանություններն այլևս լուրջ չեն դիտվում:
– Իսկ Գլդանի բանտի հայտնի սկանդալն ի՞նչ դեր խաղաց:
– Որքան ես հասկանում եմ, այս հնարքը, որը փայլուն աշխատեց, դեռ միակը չէ: Հայտարարում են, որ այդ տեսագրությունները շուրջ մեկուկես ժամ տևողությամբ են, իսկ ցուցադրվել է միայն դրա աննշան հատվածը: Իվանիշվիլին, անշուշտ, ունի շատ ավելի հզոր ռումբեր: Դրանք առայժմ չեն գործարկվել և սպասում են իրենց հերթին, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն կառչել իշխանությունից (Վրաստանում իրադրությունը դեռ չի լիցքաթափվել), ապա Իվանիշվիլին գործի կդնի նաև այդ զենքերը:
– Իշխանափոխությունը Վրաստանում ի՞նչ ազդեցություն կունենա հայկական համայնքի և Ջավախքի հարցի վրա:
– Սպասելիքները ցանկացած պարագայում, որ վրացական իշխանությունները կամովին, մեծ էնտուզիազմով կվերաբերվեն ազգային փոքրամասնություններին, սկզբից ևեթ դատապարտված են մեզ տանելու դեպի խորը հիասթափություն, քանի որ Վրաստանում ազգայնական լիցքը մեծ է: Սակայն նկատելի է, որ ահագնացող ալիք մենք այլևս չենք տեսնելու: Եղան փորձեր՝ շահարկելու ազգայնականությունը, և դրանք Իվանիշվիլիի ճամբարից էին: Ասեմ, որ «Վրացական երազանքի» առաջնորդը շատ կտրուկ և վճռականորեն դրանք կանխեց: Ջավաքխից և հայաբնակ շրջաններից Իվանիշվիլին ամենից շատն էր զգուշանում, որովհետև այստեղ նրա սկզբնական փորձերը որևէ արդյունքի չհանգեցրեցին:
Ընտրությունների արդյունքներն ամփոփելիս` Իվանիշվիլին ընդգծեց, որ ադրբեջանաբնակ շրջաններում ինքն իրոք ստացավ աջակցություն: «Վրացական երազանքի» հաջողությունը հայաբնակ շրջաններում մի փոքր ավելի պակաս էր:Ի՞նչ հանգամանքներ այստեղ դեր խաղացին: Ջավախքում հայաստանյան իրականության ինչ-որ նմանատիպ երևույթներ միշտ առկա են եղել, և դրանք այդպես էլ չհաղթահարվեցին: Իվանիշվիլին, լինելով պրագմատիկ գործիչ, չի կարող վերադարձ կատարել թեկուզ Շևարդնաձեի, էլ չեմ ասում՝ Գամսախուրդիայի ժամանակները: Ի՞նչն է այստեղ վճռորոշ դեր կատարելու:
Սահակաշվիլիի իշխանության տարիներին ազգային փոքրամասնությունների վիճակը չի վատթարացել: Այն, իհարկե, հեռու է բավարար, առավելևս՝ իդեալական լինելուց, բայց համագործակցությունն Արևմուտքի հետ ենթադրում է ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ որոշակի ուշադրություն: Հետևաբար, Իվանիշվիլին, կամա թե ակամա, ընթանալու է հենց Սահակաշվիլիի նախանշած ուղիով:
– Շատերին է հուզում այն սկզբունքային հարցը` եթե Իվանիշվիլին իր հարստությունը կուտակել է Ռուսաստանում, նա պետք է լինի ռուսական քաղաքականության իրականացման գործիք, նա լինելու է ռուսական տրամադրությունների կրողը կամ կարող է Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ կատարել:
– Այդ սպասումները հիմնազուրկ են: Իվանիշվիլին արդեն հայտարարեց, որ իր առաջին այցելությունը կատարելու է Վաշինգտոն: Ամերիկացիները հրաշալի գիտակցում են, որ Սահակաշվիլին այս փուլում իրեն սպառել է բոլոր առումներով, և նրանք սկզբունքային տարբերություն չէին տեսնում երկու ուժերի միջև: Ամերիկյան կողմը միշտ ընդգծում էր, որ ինքն արդարության, թափանցիկ ընտրությունների և ժողովրդավարական ուժերի հաղթանակի կողմնակիցն է: Հետևաբար, Սահակաշվիլիին օգնելու ձգտում ԱՄՆ-ը առանձնապես չցուցաբերեց: Երկրորդ հանգամանքը. հսկայական կարողությունը թույլ տվեց, որպեսզի Իվանիշվիլին շատ ավելի զորեղ լոբբիստական աշխատանք իրականացնի և՛ Եվրոպայում և՛ ԱՄՆ-ում:
Նրա գիտակցության մեջ Արևմուտքը թշնամական ուժ չէ: Հետո. Շևարդնաձեին Վրաստանում իշխանության գլուխ բերեցին հենց ռուսական ուժերը, սակայն ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամը, և, վերջապես, ՊԱԿ-ի գեներալն իսկույն շուռ եկավ դեպի Արևմուտք: Իվանիշվիլին ռուսամետ ձգտումներ չի ցուցաբերելու: Վրաստանում հակառուսականությունը խորը արմատներ ունի, և այն մոտ ապագայում չի կարող անհետանալ: Ուստի Իվանիշվիլին կփորձի անել այն, ինչ վաղուց խորհուրդ էին տալիս կատարել Սահակաշվիլիին: Նա պետք է հռետորաբանության առումով չափազանց զուսպ լինի`Ռուսաստանին ավելորդ տեղը չգրգռելու համար:
Ընդհակառակը` նրա առաջին քայլերը կարծես թե նախանշում են հարաբերությունների զարգացման որոշ ուրվագծեր: Այսինքն` կսկսվի ջերմացում վրաց-ռուսական հարաբերություններում, ապա կողմերը կճշտեն իրենց դիրքորոշումները, կպարզվի, որ Իվանիշվիլին ամենևին էլ իր երկրի շահերը չի անտեսում, հասարակության վստահության աստիճանը նրա նկատմամբ կաճի, ռուսական կողմը կհամոզվի, որ չի կարելի վայրկենական շահերով առաջնորդվել: Այսպիսով, կպարզվի նաև, որ Հրվ. Օսիայի և Աբխազիայի անհանգստությունը տեղին չէ, քանի որ վախ կա, որ ռուսական քաղաքականությունը կարող է փոխվել, և աբխազների և օսերի շահերը կարող են ոտնահարվել: Նման զարգացում ևս տեղի չի ունենալու: Փաստորեն, կատարվելու է արտաքին քաղաքականության մեջ որոշ ժառանգականության պահպանում` անշուշտ շտկումներով և դրական սրբագրումներով:
Իվանիշվիլիի գլխավոր խնդիրը պետք է լինի ներքին քաղաքականությունը, որտեղ շատ անելիքներ կան, քանի որ Սահակաշվիլիի բոլոր հաջողությունները, որոնք, անշուշտ, տպավորիչ են, և նրա մեծ վաստակը պետականության ամրապնդման գործում ուղղակի անժխտելի է, իրականացվել են առաջին հերթին վարչական ձեռնարկումների շնորհիվ: Կոռուպցիան արմատախիլ է արվել, բայց պատժիչ ապարատն այստեղ մեծ դերակատարություն է ունեցել: Ենթադրել, որ կոռուպցիան կվերադառնա, որովհետև իբր թե ռուսական իրականության բացասական երևույթները տեղնուտեղը կհայտնվեն Վրաստանում, սա այն ֆոբիան էր, որը որոշ ժամանակ հաջողությամբ շահարկում էր Սահակաշվիլին: Բայց այս առումով էլ որևէ մեկն այլևս պատրանքներ չունի:
– Փաստորեն, Ռուսաստանն Իվանիշվիլիի հաղթանակի մեջ որևէ դերակատարություն չի՞ ունեցել:
– Հիմա հարցը քննարկենք ոչ էմոցիոնալ կամ ենթագիտակցական մակարդակում: Ճշտենք հետևյալ խնդիրը. արդյոք պուտինյան Ռուսաստանը ռեսուրսներ ունի՞, որպեսզի քաղտեխնոլոգիաների ասպարեզում կարողանար օգնություն ցույց տալ Իվանիշվիլիին:
Ռուսաստանը սիստեմատիկաբար ձախողվում է բոլոր այն ընտրություններում, որոնք անցկացվել են թեկուզ այնպիսի շրջաններում, որտեղ ռուսական ազդեցությունը մեծ է եղել: Ռուսաստանը չի կարողանում կողմնորոշվել, թե ո՞վ է հաղթելու ծիծաղելի չափեր և բնակչության քանակ ունեցող Աբխազիայում և Հրվ. Օսիայում: Այդպիսի մակարդակի քաղաքագետներ Ռուսաստանում այսօր չկան և մոտ ապագայում չեն լինելու այն պարզ պատճառով, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շարքերում, փաստորեն, ո՛չ թարմ ուժեր են հայտնվում, ո՛չ նոր գաղափարներ: Եվ վերջապես, եթե Պուտինը հաջողության է հասնում Ռուսաստանում` հաղթահարելով 52 տոկոսի շեմը, այս փաստը ևս խոսուն է:
Ռուսաստանը հենվում է միայն ուժի վրա և հզոր ֆինանսների: Իսկ արդյո՞ք Ռուսաստանը կարող էր ֆինանսական օգնություն ցույց տալ Իվանիշվիլիին: Ռուսաստանը զուտ քաղաքական ազդեցությունն ամրապնդելու առումով միլիարդների ներդրումներ անելու ո՛չ ձգտում, ո՛չ նպատակ, ո՛չ էլ ցանկություն չի ցուցաբերել: Եվ վերջապես, եթե Ռուսաստանը չի օգնում իր ռազմավարական դաշնակիցներին տնտեսական խնդիրներում, այլ ընդհակառակը` այնքան մեծ է ռուսական վարչակազմի վախը, որ այդ տարածքները կարող են իր ազդեցության ոլորտից արագորեն դուրս գալ, նա ընդամենը ձեռք է բերում տնտեսական լծակները` արդյունաբերական ձեռնարկություններ և այլն, ռուսները, փաստորեն, նպատակահարմար չեն համարում, որպեսզի առաջադիմական գործընթացները կանգնեցվեն:
Ուրեմն ակնկալել, որ Ռուսաստանն Իվանիշվիլիի համար մեծ ջանքեր է գործադրել, կամ, որ Իվանիշվիլին, ունենալով միլիարդների կարողություն, կամավոր գնացել է ստրկության, սրանք կարող են լինել միմիայն անհիմն ենթադրություններ, որովհետև Իվանիշվիլին իր կարողությունն անվտանգ է դարձրել դեռևս շատ տարիներ առաջ. Իվանիշվիլիի կարողությունները ոչ թե ներդրված են ռուսաստանյան ձեռնարկությունների մեջ, այլ այժմ նա ունի զուտ կապիտալ, որը տնօրինելու հարցում նա ռուսական իշխանությունների թույլտվությունը հայցելու կարիք ամենևին չունի: Իվանիշվիլիի քաղաքականության մեջ հակառուսական գիծն, անշուշտ, բացառված է, և Ռուսաստանի հետ չափավոր համագործակցությունը Վրաստանում նրա հեղինակությունը կտրուկ կբարձրացնի: Վերջին հաշվով, եթե որևէ երկիր միայն հակադրվելու ճանապարհով ընթանա, կնշանակի` ծայրահեղ կախվածության մեջ կընկնի մեկ այլ բևեռից, և այստեղ դրական արդյունքներ ակնկալելն ուղղակի անկարելի է:
– Ժողովրդավարական զարգացումները հյուսիսային հարևան Վրաստանում ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:
– Հայաստանյան իրականությունն այնպիսի կախվածության մեջ չէ ռուսական միջավայրից, ինչպես հաճախ ներկայացվում է: Կարող է խոսք գնալ միայն ռուսական աջակցության մասին, բայց որևէ երկրի գործերին անմիջականորեն միջամտելու ձգտում, բարեբախտաբար, չի ցուցաբերվում: Անշուշտ, չափազանցություն է նաև, երբ Արևմուտքի դրական վերաբերմունքը մրցակից քաղաքական ուժերը ներկայացնում են՝ որպես անվերապահ օգնություն: Ռուսաստանի և Արևմուտքի հնարավորություններն այնքան մեծ են, որ ցանկացած ուժի հաղթանակը Հայաստանում չի կարող առաջ բերել արտաքին ուժերի տագնապը և հապճեպ միջամտությունը: Խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում այլընտրանքներն այդքան մեծ չեն:
Ինչ վերաբերում է Հայաստանին և Վրաստանին, նրանց տնտեսական հնարավորություններն այնքան համեստ են, որ նրանք դրսի տնտեսական օգնությունից մեծապես կախված են, բայց դա չի նշանակում, արտաքին ուժերը որոշելու են գնալ իրադարձություններն արհեստականորեն արագացնելու ճանապարհով: Իհարկե, առանձին դեպք է Ադրբեջանը, որի տնտեսական կարողության կտրուկ առաջ է բերել քաղաքական ամբիցիաներ, բայց առայժմ մեծերը ինչ-որ չափով ներողամտորեն են վերաբերում դրան: Եվ կովկասյան համընդհանուր ճանապարհը, թվում է, թե մոտ ապագայում ինչ-որ աղետի չի հանգեցնելու:
Հ.Գ. Մեր զրուցակից Հայրապետ Մարգարյանը դեռևս Վրաստանի ընտրություններից առաջ մի հարցազրույցում հստակ վերլուծությամբ կանխագուշակումներ էր կատարել ընդդիմության հնարավոր հաղթանակի մասին, ինչին քչերն էին հավատում: