Աճում ենք` բոլորին հակառակ
Այս շաբաթ էլ լրատվամիջոցների ու հասարակական ուշադրության կենտրոնում տնտեսական տեղեկատվությունն էր: Խորհրդարանում շարունակվում է 2011թ բյուջեի կատարողականի քննարկումը: Ո՛չ Օսկանյանի հարցի քննարկումը զսպեց այս հետաքրքրությունը, ո՛չ էլ ԱԺ խոսնակի ակնարկը, որ գլխավոր դատախազը նոր միջնորդություններով «կգա» նոր պատգամավորների ետևից:
Այս թեմայով նույնիսկ նոր բամբասանքներ հրապարակ չգցվեցին: Փոխարենը` տնտեսական ցաք ու ցրիվ տեղեկատվությունը չզիջեց իր դիրքերը: Նույնիսկ ավելի բազմազան դարձավ: Նույնիսկ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ երկրի բնակչությունը (ԿԲ-ն բնակչությանը սպառող է անվանում) կամաց-կամաց կորցնում է լավատեսությունը:
Նույնիսկ վստահության անկման չափը հայտարարվեց` նախորդ տարվա համեմատ 4,5 տոկոսով: Ցավոք, բյուջեի վրա ամենաթանկ նստող գրասենյակներից ամենահարգարժանը հարկ չհամարեց բացատրել, թե ինչու: Թե նույն ԿԲ-ն, թե կառավարությունը` ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության, շարունակում են տնտեսական աճ նկարել ու զուսպ գնաճ:
Կարելի է, իհարկե, գոհանալ նրանով, որ մեզ` ԿԲ բնորոշմամբ` սպառողներիս, «երախտամոռ» կամ «ուտող-ուրացող» չեն անվանում: Այս շաբաթ հայտարարվեց, որ Երևանի կենտրոնում բնակարանների գներն ընկնում են: Երևանյան բնակարանների միջին գները դանդաղ աճում են, իսկ «էլիտար» նորակառույցների գներն` ընկնում: Պատճառը շատ պարզ է` «էլիտար» բնակարանների քանակը գերազանցում է «էլիտար» հայերի թվին: Իսկ ճգնաժամ ապրող տնտեսությունը չի նպաստում նոր «էլիտար» հայերի քանակի ավելացմանը: Փոխարենը` սոցիալական բնակարանաշինության բացակայության պատճառով` չեն բավականացնում 25 և ավելի տարի առաջ կառուցված «ոչ էլիտար» բնակարանները:
Դրանց գինը, բնականաբար, բարձրանում է: Բայց նման մանրուքները մեր տնտեսության հմուտ ղեկավարներին ամենևին էլ չեն անհանգստացնում: Մեր վիճակագիրները տարիների հմտություն ունեն և հստակ գիտեն` որ ամսին ինչ ապրանքի գին հրապարակեն` գնանկման մասին հայտարարություններին հավաստի տեսք տալու համար: Մի ամիս առաջ` բերքահավաքի պիկ պահին, շաբաթ առ շաբաթ մրգի գներն էր հրապարակվում: Հիմա` գյուղատնտեսական տարվա ավարտին, էժանանում են գազարը, բազուկը, կաղամբը և էլի մի քանի բանջարեղեն:
Հետևաբար, հիմա այս գյուղմթերքների գների մասին հայտարարելու ժամանակն է: Եվ եթե այն բավական չէ, ապա կպեղվեն ու շրջանառության մեջ կդրվեն տնտեսական լավատեսական նոր ու փայլփլուն տվյալներ ու տեղեկություններ: Երեկ, օրինակ, հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին լավ-լավ բաներ հրապարակեց էկոնոմիկայի նախարարը: Պարզվում է` անցած տարի մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով:
Իսկ այս տարվա առաջին կեսին նախորդ տարվա համեմատությամբ աճը համարյա կրկնապատկվել է: Հայ հասարակությունը, հավանաբար, պիտի ցնծար այս փաստից: Եթե, իհարկե, չիմանար, որ աշխարհում խորը տնտեսական ճգնաժամ է: Ճգնաժամ, որ եվրոպական մեծ տնտեսություն ունեցող երկրներից ամենաուժեղը հենց Իտալիային է պատուհասել: Պատուհասել ու պատուհասում է: Հետևաբար աճի մասին խոսելը, մեղմ ասած, լուրջ չէ: Հատկապես, որ 2011թ. Հայաստանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառությունը ընդամենը 174 մլն դոլար է կազմել:
Դրանից մեր արտահանման փայը 4,5 մլն դոլար է: Մնացած 169,5 մլն դոլարի չափով ներմուծել ենք: Հետաքրքիր մի փաստ բացատրում է անցած տարվա 40 տոկոսանոց աճը: Ամենախոշոր ապրանքատեսակը, որ ներմուծել ենք Իտալիայից, արձանագրել է արտաքին առևտուրը նկարագրող «միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ» տողը` 45 մլն դոլարի չափով: Մնացած տողերը մանր-մունր բաներ են:
Կոնֆետի, կաշվե հագուստի ու նման բաների տեսքով: Բայց ընդունեք, որ ուրախանալու առիթ կա: Ի հեճուկս իտալական տնտեսության անկման` հայ-իտալական տնտեսական հարաբերություններն աճ են արձանագրում: Ու ընդհանրապես մեր տնտեսությունն ապրում է, այսինքն` զարգանում է համաշխարհային գործընթացներից անջատ: Հաճախ` նաև հակառակ արդյունքներ արձանագրելով: Բառացիորեն երեկ եվրոպական վիճակագիրները նշել են, որ այս տարի ավտոմեքենաների վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11 տոկոսով: Սա միջին ցուցանիշ է:
Իտալական ու իսպանական շուկաները, համապատասխանաբար, 30 և 40 տոկոսով են կրճատվել: Տարօրինակ զուգադիպությամբ հենց նույն օրը մեր վիճակագիրները մեր տվյալները հայտարարեցին: Պարզվում է` նախորդ տարվա համեմատ, ավտոմեքենաների առքուվաճառքի շուկան աճել է ճիշտ նույն թվի` 11 տոկոսի չափով: Ասեք, որ մեկնաբանություններն ավելորդ են:
Բայց գոնե բացատրեք թվի համընկնումը: Բացատրեք, եթե կարող եք: Անցնող շաբաթվա տնտեսական ամենակարևոր նորությունները սրանք չեն: Երեկ մեր վարչապետը խորհրդարանում հայտնեց, որ մեր իշխանություններն էլ ոգևորված չեն ռուսաստանյան իշխանությունների «Հայրենակիցներ» ծրագրից:
Արդեն մի քանի տարի է` ռուսաստանյան դիվանագիտական գրասենյակները հաշվառում ու տանում են մեր աշխատուժը: Մերոնք վերջապես նկատել են: Նկատել են ու սկսել են բանակցությունները: Հնարավոր է` մի քանի տարի հետո ռուսաստանյան դիվանագիտական գրասենյակները կդադարեցնեն ՀՀ քաղաքացիներից ռուսաստանցի ձուլելու գործընթացը: Եթե, իհարկե, մերոնք հանդգնեն շարունակել բանակցությունները: