Ո՞վ է խաբել` Խաչատուր Քոքոբելյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՞ հակառակը
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում անդրադարձավ վերջին օրերի քաղաքական ամենաթեժ թեմային` ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին` նշելով, որ այն «նախընտրական է, քաղաքական է և պետք է մերժվի»:
Նախ` նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» դեմ է այդ միջնորդագրին և չի մասնակցի քվեարկությանը: «Դա այն պատճառով չէ, որ մենք չենք կարծում, թե Վարդան Օսկանյանը պետք է պատասխան տա այս ամբաստանանքի նկատմամբ կամ իր անցած հետագծի առումով: Մեր դիրքորոշումը կապ չունի նրա հետ, որ, իմ գնահատմամբ, որ իմ հարգարժան հետնորդը դեռ քաղաքական, բարոյական պատասխան պետք է տա դիվանագիտական օրակարգ Մեղրիի տարբերակը առաջ բերելու, Մադրիդյան սկզբունքներն ընդունելու, Մարտի 1-ի կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելու և դրանից բազմաթիվ անգամներ առաջ իր համաքաղաքացիների հանդեպ անտարբերություն կամ անգամ արդարացում արտահայտելու հարցում:
Բայց դա բնավ կապ չունի այսօրվա միջնորդագրի հետ: Կա՛մ բոլորը` այսօրվա և բոլոր նախագահները և իրենց աշխատակազմերը, այսօրվա և բոլոր վարչապետները և իրենց նախարարները, այսօրվա և բոլոր ԱԺ նախագահները և պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, կամ ո՛չ ոք, որովհետև, եթե խոսում ենք օրենքի իշխանության մասին, դա ընտրովի կիրառում չունի»:
Գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կարևոր խնդիրների արդարացի բարձրաձայնումը` ոչ բոլորին օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն և շատ դեպքերում դա միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով անելուն, պետական հաստատությունների կուսակցականացման, պետական ծառայողներին կուսակցական գործերի մեջ ներգրավելու, զինվորներին ստիպողաբար քվեարկություններին մասնակից դարձնելու և այլ հարցերի վերաբերյալ, պետք է նշենք, որ պարոն Հովհաննիսյանի խոսքում կային նաև որոշ հակասություններ:
Օրինակ` հարցին, թե տեսակետ կա, որ Վարդան Օսկանյանի համար ընդդիմադիրի կերպար են ստեղծում, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կիսո՞ւմ է այդ կարծիքը, վերջինս պատասխանեց. «Պարոն Օսկանյանը հմուտ դիվագետ է, շատ լավ, պրակտիկ դիվանագետ է, և Հայաստանը պետք է ուրախ լինի, որ իր նման դիվանագետ ունի: Միաժամանակ` ինքն իրեն փորձել է հեռացնել իր պաշտոնեական գծից, այսինքն, երբ ինքն արդեն նախարար չի եղել, իր հայտարարությունները, հետապնդումները, իր հրապարակային ելույթներն էապես տարբերվել են: Դրա համար միգուցե ինքն է փորձել ուղղել իր անցած հետագիծը:
Ես իր փոխարեն չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ քանի դեռ շատ շնորհալի դիվանագետ Վարդան Օսկանյանը, ով արժանի չէ այս միջնորդության, պատասխան չի տվել Մեղրիի տարբերակի, Մադրիդյան սկզբունքների, Մարտի 1-ի և շարքային քաղաքացիների նկատմամբ հալածանքների վերաբերյալ, ընդդիմադիր լինել-չլինելու հարցը մնում է խիստ վերացական, իր ձեռքում է»: Հենց այստեղ է, որ սկսվում են հակասությունները: Նախ` սկսենք Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում երեք կարևոր խնդիրների շոշափումից: Եթե «Մեղրիի տարբերակի» և «Մարտի 1»-ի դեպքում հասկանալի է, թե ինչո՞ւ է քննադատության ենթարկվում Վ.Օսկանյանը, քանի որ առաջինի դեպքում, ինչպես հիշում ենք, ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ` կապված Մեղրիի շրջանը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղով փոխանակելու հետ, ինչը սուր քննադատության ենթարկվեց Հայաստանում, իսկ «Մարտի 1»-ի դեպքում պարզ է, որ Օսկանյանը` որպես 2008 թ. Ռ.Քոչարյանի վարչակարգի անդամ` համարվում է մեղսակից Մարտի 1-ի դեպքերին:
Սակայն այնքան էլ հասկանալի չէ, թե Ր.Հովհաննիսյանն ինչո՞ւ է շոշափում Մադրիդյան սկզբունքների հարցը և ինչո՞ւմ է մեղադրում Վ.Օսկանյանին: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշենք, որ ԼՂ հիմահարցի շուրջ Մադրիդյան սկզբունքների մասին արձանագրությունն առաջինն էր, որտեղ հստակ կերպով ընդգծվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իհարկե, այլ հարց է, որ այնտեղ կային կետեր, որոնք անընդունելի էին հայկական կողմի համար` մասնավորապես, կապված ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու և, այսպես ասած, «հարակից 5 շրջանները» Ադրբեջանին վերադարձնելու հետ:
Թերևս Մադրիդյան սկզբունքները` իր բոլոր թերություններով հանդերձ, հանդիսանում էին քիչ թե շատ փոխզիջումային տարբերակ ԼՂ հիմնահարցի լուծմանը հասնելու համար, այլ խնդիր է, որ Վ.Օսկանյանի հետնորդները չկարողացան զարգացնել ձեռք բերածը, և, ըստ էության, հենց Մադրիդյան սկզբունքների ձախողումից հետո բանակցությունները մտան փակուղի: Ամեն դեպքում, եթե նույնիսկ Մադրիդյան սկզբունքները համարենք չափազանց անհաջող տարբերակ` Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, միևնույն է, պարզ չէ, թե այդ դեպքում ինչո՞վ է Վ.Օսկանյանն արժանացել պարոն Հովհաննիսյանի` «շնորհալի, հմուտ դիվանագետ» բարձր գնահատականին, եթե այդքան կոպիտ սխալներ է թույլ տվել: Միգուցե սա պարզապես ամերիկյան քաղաքավարության մի դրսևորո՞ւմ է:
Սակայն սրանով ամեն ինչ չավարտվեց. Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը նշանավորվեց ևս մի քանի հետաքրքիր դրվագներով: Նախ` նա, ինչպես սպասվում էր, և ինչպես ընդունված է ժամանակակից սերիալներում, պահպանեց ինտրիգը` նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման, երեկվա «սերիայում» հայտարարելով, որ իր առաջադրման մասին կհայտարարի հաջորդ «սերիայում», որը «կցուցադրվի» մի քանի շաբաթ անց, երբ նա ստանա որոշ հարցերի պատասխաններ և նաև կատարի «վերլուծություն իր ներսում»: Հիշեցնենք, այս «սերիալի առաջին սերիան» կայացավ սեպտեմբերի
20-ին, երբ Ր.Հովհաննիսյանը ելույթ ունեցավ «թեկնածության մասին»` նշելով, որ բոլոր հարցերի պատասխանը կտա հոկտեմբերի 13-ին:
«Ես ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման, կամ, եթե պետք լինի` բացառման միջոցով, որ հայ ժողովուրդն այս տարվա ընթացքում ունենա իրեն պատկանող նախագահ»,- ասել էր նա: Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ նա շատ օրիգինալ է արտահայտվել: Այս անգամ նա հայտարարեց. «Ես` ինքս, ինչպես ասացի մի քանի շաբաթ առաջ, ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության միջոցով, կամ, եթե դրանից ավելի լավ այլընտրանք կա, ուրիշին զորակցելով, որ այս անգամ մեր ժողովուրդն ունենա համոզիչ, հաղթական այլընտրանք, դրա համար ես ոչ թե դրեցի իմ մանդատը, այլ չվերցրեցի»,- ասաց նա:
Շարունակելով իր խոսքը` Ր.Հովհաննիսյանն արեց բավական անսպասելի հայտարարություն, որը բացահայտեց որոշ հնարավոր հակասություններ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև: «Ինձ մի փոքր զարմացնում է այն, որ ինձ հետ միասին իր մանդատը վայր չդրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը (Խաչատուր Քոքոբելյանը.- Ա.Ս.), որովհետև մենք ունեինք համաձայնություն, որ միասին պետք է վայր դնեինք, որպեսզի առավել երիտասարդներին տեղ տայինք:
Իր վերադարձից հետո ես այդ և հարակից այլ հարցերի վերաբերյալ կլսեմ իր պատասխանները, և մի քանի շաբաթ անց` այս ամսվա ընթացքում, դուք կստանաք վերջնական պատասխանը թե՛ այդ, թե՛ իմ թեկնածության վերաբերյալ»: Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման պայմանավորվածության վերաբերյալ տեղեկություն չունի: Մենք նաև հարցրեցինք պարոն Այվազյանին` այսինքն ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սո՞ւտ է խոսում:
«Այսինքն` ես Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև պայմանավորվածության մասին ինֆորմացիա չունեմ»,- նշեց նա` ըստ էության չբացառելով, որ իրենց դաշնակից կուսակցության ղեկավարն ու միասնական ցուցակի ղեկավարը կարող է նաև սուտ խոսել: Ավելացնենք, որ երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, ուստի այդ հարցն անգամ չի էլ քննարկվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության կողմից: «Ավելին` մենք անգամ դեմ ենք եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականին, համոզված լինելով, որ նրա խորհրդարանական գործունեությունը կնպաստի խմբակցության աշխատանքներին»,- նշել է նա:
Իսկ «Ժառանգության» վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, թե իր և Խ.Քոքոբելյանի միջև եղել է պայմանավորվածություն, իսկ «Ազատ դեմոկրատները» պնդում են, թե նման պայմանավորվածություն չկա, ասաց. «Ես կարծում եմ` քանի որ պարոն Հովհաննիսյանի խոսքը կոնկրետ Խաչատուր Քոքոբելյանին էր վերաբերում, առավել նպատակահարմար եմ գտնում մեկնաբանություններ չանել, մինչև լինի պարզաբանումը կուսակցության երկու առաջնորդների միջև: Ինձ հասած տեղեկություններով` ոչ միայն այդ երկուսն են տեղյակ այդ պայմանավորվածության մասին, այլ նաև այլ անձինք: Հնարավոր է, որ թե՛ «Ժառանգությունից», թե՛ «Ազատ դեմոկրատներից» ոչ բոլորը տեղյակ եղած լինեն դրա մասին, բայց ցանկացած դեպքում ճիշտ եմ համարում սպասել պարոն Քոքոբելյանի վերադարձին»:
Իսկ մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ակնարկն արդյոք հակասությունների առիթ չի՞ հանդիսանա երկու կուսակցությունների հարաբերություններում, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացարձակ, ինքն ասուլիսի ժամանակ ասել է, որ խոսքը կուսակցությունների մասին չէ, այլ երկու կուսակցությունների ղեկավարների պայմանավորվածության»:
Երևի իրոք հարցին վերջնական պատասխան, թերևս, կարող է տալ միայն Խ.Քոքոբելյանը, ով այժմ ՀՀ-ում չէ: Այդ փաստը հաստատեց նաև Մ.Այվազյանը` նշելով, որ իրենց կուսակցության նախագահը «գնացել է բժշկի` բուժվելու»: