Բաժիններ՝

Սոչի 2014-ին ընդառաջ

ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի ներկայացուցիչները հարցազրույց են վերցրել դահուկավազքի աշոցքցի մարզիչներ Ալլա և Արթուր Միքայելյան ամուսնական զույգից:

Առավոտյան ժամը 11-ն է, իսկ դուք արդեն 3000 մ. բարձունքո՞ւմ եք:

– Օրվա առաջին պարապմունքը սկսել ենք ժամը յոթին` նախավարժանքով: Դրան հաջորդել են նախաճաշն ու հանգիստը: Սա այսօրվա երկրորդ մարզումն է, որը սկսել ենք 9 անց 30-ին: Չափազանց դժվարին առաջադրանք է տրված մարզիկներին: Նրանք զինված են միայն դահուկափայտերով, որոնց օգնությամբ մասնագիտական ոստյուններով, թթվածնային նոսր շերտի պայմաններում, նմանակելով իրական մրցապայքարին, հաղթահարում են բարձունքը: Ապրեն մեր սաները, ոչ մեկը հետ չի մնում: Հասկացել են, որ մարզումային դժվարությունների շնորհիվ հաջողության կհասնեն մրցումներում:

Օրվա երրորդ պարապմունքը նշանակված է 16 անց 30-ին: Արդեն գործի կդրվեն անվավոր դահուկները: Դարձյալ ընտրել ենք մարզումային դժվարին եղանակ: Առաջատարների համար «նոր հեծանիվ ենք հորինել» . իրաններին կապած պարաններով տղաները քաշում-տանում են մարդատար ավտոմեքենայի անվադողեր: Սա բարելավում է մարզիկների և′ ընդհանուր, և′ հատուկ ֆիզպատրաստականությունը: Իմ անբաժան օգնականը` Ալլան, անհատական աշխատանքներ է տանում առանձին մարզիկների հետ:

Մասնագետներն ասում են, որ մեկ մրցումը հավասարազոր է մի քանի ամսվա պարապմունքի:

– Այո, այդպես է: Հենց այդ հանգամանքը նկատի ունի ՀԱՕԿ-ի ղեկավարությունը, որը մշտապես օգնում, աջակցում է մեզ, լուծում տալիս մարզումային, մրցումային և, խոստովանեմ, նաև սոցիալական հարցերին: Իրենց հնարավորությունների չափով օգնում են նաև «Հայջրմուղկոյուղի» և «Գարանտ Տորոնտո» աուդիտ ֆրանսիական ընկերությունները: Մեր նկատմամբ սկսել է մեծ հոգատարություն դրսևորել նաև դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիան:

Ուսումնամարզական հավաքներ և ստուգողական մրցումներ անցկացրինք Ռուսաստանի Օստրով /հունիս – հուլիս ամիսներին/ և Էստոնիայի Օտեպիա /օգոստոս – սեպտեմբեր/ քաղաքներում: Ի դեպ, ինձ հետ գործուղվել էին միանգամից երեք մարզիկներ. աշոցքցիներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը և Թադևոս Պողոսյանը: Ֆեդերացիան նախատեսել է հոկտեմբերին մեզ գործուղել Ֆինլանդիայի Վուոկատի քաղաք: Այնտեղ բնական ձյան վրա կմարզվենք մինչև նոյեմբերի կեսը և կմասնակցենք տեղում կայանալիք որակավորման մրցումներին: Դրան կհաջորդեն Կուուսամո քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության նախնական երկու փուլերը:

Հակիրճ ներկայացրեք նշած երեք առաջատարներին:

– 20-ամյա Սերգեյը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի չորրորդ կուրսեցի է , 19-ամյա Թադևոսը` երրորդ, իսկ 22-ամյա Արթուրը նույն բուհի շրջանավարտ է: Հավանաբար ձեզ հետաքրքրում են նաև մեր ծրագրերն ու նպատակները: Ասեմ, որ բոլոր աշխատանքներն ուղղված են «Սոչի -2014»-ին մասնակցելուն:

Ամանորի տոներից հետո Չեխիայի Լիբերեց քաղաքում կներգրավվենք հունվարին կայանալիք մինչև 23 տարեկան դահուկավազորդների աշխարհի առաջնությունում: Հաջորդ ամսին Իտալիայի Վալդեֆիեն քաղաքում մեր տղաները իրենց ունակությունները կդրսևորեն աշխարհի մեծահասակների առաջնությունում: Նվազագույնը միջազգային, վարկանիշային հինգ մրցաշարի պետք է մասնակցենք: Մրցումների ընդհանուր արդյունքում 0 միավոր ունեցող դահուկորդը կճանաչվի առաջինը և կստանա Սոչիի ձմեռային խաղերի մասնակցության առաջին ուղեգիրը: Օլիմպիական մրցուղու վերջին վարկանիշը կշնորհվի 100 միավոր վաստակողին:

Նշած տղաներից ներկա վիճակով լավագույն հնարավորությունը Արթուր Միքայելյանինն է, ով արդեն ունի 66 միավոր: Եթե նա կարողանա առաջիկա մրցումներում զարգացնել հաջողությունը և հանգրվանի 50-րդ հորիզոնականում, ապա, մարզաձևի միջազգային ֆեդերացիան մեխանիկորեն խաղերին մասնակցելու երկրորդ ուղեգիրը կտրամադրի Հայաստանին: Իհարկե, Արթուր Եղոյանը և Թադևոս Պողոսյանը նույնպես ուղեգիր ստանալու իրական հավակնորդներից են, քանզի արդեն ունեն համապատասխանաբար 120 և 150 միավոր: Էլ չեմ ասում, որ միջազգային ֆեդերացիան սպիտակ քարտ կշնորհի մարզաձևում հետ մնացողի համարում ունեցող երկրի մեկական մարզիկ – մարզուհու, եթե, իհարկե, նրանք կունենան առնվազն 300 միավոր:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս