Լևոններից որի՞ն կնախընտրեն ռուսները

Մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնել է Մոսկվա, և, որ այդ այցը պայմանավորված է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններով: Հայ ազգային կոնգրեսից տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին: Նման դեպքերում, «ո՛չ հերքել, ո՛չ հաստատել» ձևակերպումն օգտագործվում է իրականում տեղեկությունը հաստատելու համար: Այսինքն` կամ Լևոն Զուրաբյանն իսկապես մեկնել է Մոսկվա, կամ, եթե նույնիսկ չի մեկնել, ՀԱԿ-ը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ մեկնել է:

Նախագահական ընտրություններից առաջ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ հարաբերություններ ունենալը Հայաստանում քաղաքական ուժերը ոչ միայն անթույլատրելի չեն համարում, այլ դա ներկայացնում են՝ որպես քարոզչական նպատակներով օգտագործվող «խաղաքարտ»: Ավելին` որքան մեծ է խորհրդավորությունն այդ հարաբերությունների շուրջ, այնքան դրա քարոզչական արժեքն ավելի է բարձրանում: Կոնկրետ ՀԱԿ-ը, հատկապես «ռուսական գիծը»՝ որպես մարտավարություն, օգտագործում է սկսած 2008 թվականի հետընտրական շրջանից:

Տարիներ շարունակ այդ մարտավարության տեխնոլոգիան չի փոխվել. սկզբում՝ որպես «տեղեկատվական արտահոսք», որևէ տեղ լուր է հրապարակվում նույն Լևոն Զուրաբյանի Մոսկվա կատարած այցի մասին, որոշ ժամանակ ռուսական որևէ լրատվամիջոցում է տեղեկատվություն հայտնվում, որ «հայկական ընդդիմության ներկայացուցիչը» եղել է Ռուսաստանի մայրաքաղաքում ու հանդիպումներ է ունեցել «Կրեմլին մոտ կանգնած շրջանակների հետ»: Այդ գործընթացը ՀԱԿ-ի ու հատկապես՝ Լևոն Զուրաբյանի համար կազմակերպում է Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սարգիս Կարախանյանը: Ընդ որում, խնդիրը ոչ այնքան իրական հանդիպումներ ունենալն է, այլ այդ մասին տեղեկատվության հրապարակումը ռուսական որևէ «հեղինակավոր լրատվամիջոցում»:

Խնդիրն առանձին վերցրած այցերը կամ տեղեկատվական արտահոսքերը չեն, այլ այն, որ, փաստորեն, Հայ ազգային կոնգրեսը դեռևս խաղում է «ռուսական ուղեծրում» ու դա համարում է կենսունակ մարտավարություն: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվարկն, իհարկե, պարզ է. Հայաստանի իշխանությունները խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, ռուսական կողմնորոշում ունեցող «Բարգավաճ Հայաստանը», ըստ ՀԱԿ-ի, խնդիրներ ունի իշխանության հետ, հետևաբար, այդ գործոնները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը փորձում է դառնալ Ռուսաստանի համար ամենացանկալի ուժը նախագահական ընտրություններից առաջ: Կամ գոնե այդպիսի տպավորություն ստեղծել Հայաստանում: Ընդ որում, «ռուսական խաղաքարտն» օգտագործվում է ոչ միայն քարոզչական նպատակներով: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դրանով փորձում է «պահել» նաև ՀԱԿ-ի վերնախավին:

Ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ղեկավար կազմին փոխանցել է, որ ակտիվ բանակցությունների մեջ է ռուսական քաղաքական շրջանակների հետ, բանակցությունների առարկան էլ այն է, որ ՌԴ-ից ճնշում գործադրեն ԲՀԿ-ի  ու Գագիկ Ծառուկյանի վրա` ընտրություններում ՀԱԿ առաջնորդի թեկնածությունը սատարելու նպատակով: Թերևս պատահական չէ, որ դրանից հետո հրապարակվեց Լևոն Զուրաբյանի մոսկովյան այցի մասին տեղեկատվությունը, որն ամբողջովին տեղավորվում է վերը նշված տրամաբանության շրջանակներում: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որպեսզի նախագահական ընտրություններում ինքը դառնա Ռուսաստանի համար ցանկալի թեկնածուն` դա համարելով հաղթելու կամ գոնե շոշափելի արդյունքների հասնելու գրավականը: Թե որքանով է դա ազնիվ ու բարոյական Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից, այլ քննարկման նյութ է:

Տեղին է հիշել միայն 2008 թվականի հետընտրական իրադարձությունները, որոնք ավարտվեցին Մարտի 1-ի ողբերգությամբ: Ինչպես ցույց տվեցին հետագա շրջանի իրադարձությունները, այն ժամանակ ևս Լևոն Տեր-Պետրոսյանը վճռական գործողություններ կատարելու համար սպասում էր ռուսական «ազդանշանների»: Արդյունքում՝ Մոսկվա մեկնեց այն ժամանակ դեռևս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և նրա վերադարձից հետո էլ տեղի ունեցան Մարտի 1-ի իրադարձությունները, որոնց, ի դեպ, ընդդիմության պնդմամբ, մասնակցում էին նաև ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Հինգ տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը` գուցե այլընտրանք չունենալով, կրկին խաղադրույք է կատարում «ռուսական գծի» վրա:

Ու Լևոն Զուրաբյանին գործուղել է Մոսկվա` «դաբրո» բերելու համար: Այլ հարց է` եթե, այնուամենայնիվ, դա նրան հաջողվի` Լևոններից ո՞ր մեկի անունով կլինի «դաբրոն». Տեր-Պետրոսյանի՞, թե՞ Զուրաբյանի: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ռուսական ֆունկցիոներ Սմբատ Կարախանյանը դեռևս 2010 թվականին հայտարարում էր, որ Կոնգրեսում հասունանում է սերնդափոխության անհրաժեշտությունը, և Լևոն Տեր-Պետրոսյանի իրավահաջորդի ամենահարմար թեկնածուն Լևոն Զուրաբյանն է:

Տեսանյութեր

Լրահոս