
ԲՀԿ-ն դառնում է «հանուն արդարության մարտնչող մարտիկ»

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում էր հավաքել կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին, որպեսզի որոշեն, թե ինչպես են պաշտպանելու կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին, ում Գլխավոր դատախազությունը ցանկանում է որպես մեղադրյալ ներգրավել «Սիվիլիթասի» հետ կապված քրեական գործում:
ԲՀԿ-ն երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի` կատարվածը համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլ նաև ԲՀԿ-ի դեմ: Այնպես որ, առաջին անգամ Հայաստանում երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ կարելի էր տեսնել «Maybach»-ով և այլազան թանկարժեք մեքենաներով քաղաքական հետապնդյալների, ինչը նոր հմայք է հաղորդում մեր քաղաքական իրականությանը:
Բնական է, որ ԲՀԿ պատգամավորները դեմ են քվեարկելու դատախազի միջնորդությանը: Տարածված հայտարարության մեջ ԲՀԿ-ն Դատախազության մեղադրանքներն անվանել է սին և հայտնել, որ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգնմանը: Այդ միջնորդությանը, մեծ հավանականությամբ, դեմ կքվեարկեն նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունների ներկայացուցիչները, այսպիսով իրենց աջակցությունը հայտնելով ԲՀԿ-ին և նրա քաղաքական հալածյալ պատգամավորին: Արդյոք այս առիթով համախմբվելով ԲՀԿ-ի շուրջ, այդ կուսակցությունները նույնկերպ համախմբված կգնա՞ն նախագահական ընտրություններ, թե՞ համախմբումը կարճ կյանք կունենա, ցույց կտա ժամանակը:
Բայց, որ ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունը դառնում է հայկական քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը, այլևս անվիճելի է:
Այսօր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին և նույնիսկ ԲՀԿ պատգամավորներին հետաքրքրում է մեկ հարց. արդյոք Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իշխանությունը փորձում է ճնշո՞ւմ գործադրել ԲՀԿ-ի նկատմամբ` ստիպելով այս կուսակցությանը նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ ընդամենը փորձում է ավելի տպավորիչ դարձնել ԲՀԿ-ի` կերտվող ընդդիմադիր կերպարը, որպեսզի այլ կուսակցություններ հնարավորություն չունենան վիճարկելու, թե ով է ընդդիմության առաջատարը:
Երեկ ԲՀԿ պատգամավորները, այդ թվում` գործարարները, դեմքի մտահոգ արտահայտություն ունեին: Նրանց համար զարգացող իրադարձություններն այնքան էլ հասկանալի չեն: Բայց նրանք վստահեցնում են, որ կոնկրետ իրենց նկատմամբ որևէ ճնշում չկա, չբացառելով, որ այդպիսին հնարավոր է լինի ապագայում: Նրանք մտածում են, որ եթե ԲՀԿ-ն իշխանության հետ իսկապես լուրջ տարաձայնություններ ունենար, ապա իրենք հիմա պետք է հայտնված լինեին ամենատարբեր ստուգող ու վերստուգող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:
Ինչու է իշխանությունն անտեսել ԲՀԿ-ի ամենախոցելի խավին`գործարարներին, և որոշել հետապնդումը սկսել Վարդան Օսկանյանից: Գուցե նրա՞ համար, որ ցույց տա` եթե Վարդան Օսկանյանը պաշտպանված չէ քրեական հետապնդումից, ուրեմն պաշտպանված չէ ոչ ոք: ԲՀԿ խմբակցության շարքերում կան մարդիկ, ովքեր նախկինում եղել են ՕԵԿ անդամներ և հիշում են, թե ինչ է լինում, երբ որևէ խմբակցություն հանկարծ խնդիրներ է ունենում իշխանության հետ: Կանչում են նախագահական և բարեկամաբար խորհուրդ տալիս ավելորդ գլխացավից խուսափելու նպատակով` լքել կուսակցությունը: ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ իրենց նման առաջարկ չի արվել: Նրանք համարում են, որ
ԲՀԿ-ում լինելով` իրենք ավելի պաշտպանված են, քան 2006թ. ՕԵԿ խմբակցության անդամները:
ՀԱԿ խմբակցության որոշ անդամներ ևս չեն հավատում, որ ԲՀԿ-ն իշխանության զոհն է, իսկ Վարդան Օսկանյանը` քաղաքական հալածյալ: Նրանք ևս լուրջ կասկածներ ունեն, որ ԲՀԿ-ի ընդդիմադիրացումն ուղղված է իրենց դեմ, նպատակն էլ այն է, որ հասարակությունը` որպես իշխանության զոհ, իշխանության դեմ կենաց ու մահու պայքարի ելած կուսակցություն, դիտարկի հենց ԲՀԿ-ին:
Բայց նրանք չեն համարձակվում դրա մասին բարձրաձայն խոսել, որովհետև կա Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», ըստ որի` պետք է ամեն կերպ նպաստել, որ ԲՀԿ-ն լինի ընդդիմադիր դաշտում, և ոչ թե` նպաստել, որ հայտնվի իշխանության գրկում: ՀԱԿ անդամները համարում են, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հրաժարվել իր թեկնածությունն առաջադրելուց և առաջարկել, որ ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին: Խորհրդարանական ընտրությունների հիշողությունը բոլորի մոտ դեռ բավական թարմ է:
Այն ժամանակ Տեր-Պետրոսյանն իր կողմից հօգուտ ԲՀԿ-ի արվող քարոզչությունը բացատրում էր հետևյալ տրամաբանությամբ. կարևոր չէ, թե որ կուսակցությունը խորհրդարանում քանի տեղ կունենա, կարևորն այն է, որ ընդդիմադիր համարվող կուսակցությունները միասին ավելի շատ տեղ ունենան ՀՀԿ-ից: Հիմա այդ կարգախոսը կարող է այլ ձևակերպում ստանալ. կարևոր չէ, թե ով է ընդդիմության թեկնածուն, կարևորն այն է, որ նա կարողանա հաղթել իշխանության թեկնածուին: ՀԱԿ անդամները դեռևս համառորեն դիմադրում են այս սցենարի իրականացմանը, սակայն չպետք է բացառել, որ այլընտրանքի բացակայության պայմաններում նրանք ստիպված ընդունեն ԲՀԿ-ի կրտսեր եղբոր կարգավիճակում լինելու առաջարկը:
ՀԱԿ-ին չհաջողվեց նոր քաղաքական օրակարգ ձևավորել և լինել այդ օրակարգի առանցքում: Ընդհակառակը. հասարակության ամբողջ ուշադրությունն առաջիկայում սևեռված է լինելու իշխանություն-ԲՀԿ հակամարտության վրա: Եթե պարզվի, որ այդ հակամարտությունը կեղծ է և արհեստական, ապա դրանում իր մեղքի բաժինն ունի նաև ՀԱԿ-ը: